Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 15 ռուսաստանցի կա

Աշխարհի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակում տեղ են գտել Ռուսաստանի 15 քաղաքացիներ. ցուցակը Bloomberg գործակալության կողմից հրապարակվել է հունիսի 3-ին:

Առաջին հորիզոնականը, ըստ գործակալության, զբաղեցնում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը:

Երկրորդ տեղում է հայտնվել Չինաստանի նախագահ Սի Ծինպինը․ ամբողջ ֆինանսական աշխարհը, ինչպես նշում է պարբերականը, սպասում է, թե երբ Սին եւ իր Կոմունիստական կուսակցությունը չինական ֆոնդային բորսայի՝ 2015-ի ամռանը փլուզվելուց հետո կրկին կապացուցեն, որ նախկինի պես իրավունք ունեն կոչվելու աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող երկիրը:

Երրորդ հորիզոնականում է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը․ տարեցտարի աճում են ոչ միայն այս ընկերության եկամուտները, այլև ազդեցությունը:

Ցուցակում տեղ են գտել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի անունները:

Ռուսաստանցիներից վարկանիշում ամենաբարձր տեղն զբաղեցրել է «Ինտերռոս» հոլդինգի սեփականատեր, «Նորիլսկի Նիկել»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը: Ընդհանուր ցուցակում ձեռնարկատերը գտնվում է 56-րդ հորիզոնականում. նրա կարողությունը գնահատվում է 14,7 մլրդ դոլար:

Պոտանինին ռուսաստանցի միլիարդատերերից հաջորդում են «Նովատեկ» գազի ընկերության վարչության նախագահ եւ խոշոր բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը, «Ռենովա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը եւ «Սեվերստալ» ընկերության նախկին սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը:

Գործակալության տվյալներով՝ առավել արագ տեմպերով իր կարողությունն ավելացնում է «Նովատեկ» ընկերության համասեփականատեր Գենադի Տիմչենկոն: Տարեսկզբից նա վաստակել է 2 մլրդ դոլար՝ իր ակտիվներն ավելացնելով 31 տոկոսով: Ներկայում նրա կարողությունը գնահատվում է 8,6 մլրդ դոլար:

Ընդհանուր առմամբ ռուսաստանցի 15 միլիարդատերերի միագումար կարողությունը հասնում է 156,5 մլրդ դոլարի:

Տեսանյութեր

Լրահոս