Բաժիններ՝

«Երբ իրենց առողջությանն է վերաբերում, իրենք միանշանակ որոշում են բուժվել Եվրոպայում, բայց զինվորների դեպքում հանձնաժողովը նման որոշում չկայացրեց». Անահիտ Բախշյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ ողնուղեղի վնասվածք ստացած զինծառայող Ռուբեն Առաքելյանն առաջիկայում տեղափոխվելու է Գերմանիա՝ այնտեղ բուժումը շարունակելու համար: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց զինվորի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Պաշտպանության նախարարին և նրա տիկնոջը, ՀՀ վարչապետին, Առողջապահության նախարարությանը, իրենց՝ Ջրվեժ գյուղի գյուղապետին՝ այս ընթացքում իրենց կողքին լինելու համար:

Հիշեցնենք, որ վնասվել է Ռուբենի ողնուղեղը, և այժմ նա վերջույթները չի զգում:

Երևանի Ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով այս ընթացքում անընդհատ վիրավոր զինծառայողների ծնողների կողքին է եղել, նշեց, որ իր տեղեկություններով՝ երկու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողներ էլ Մուրացանի հոսպիտալում կան:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Էրեբունի բժշկական կենտրոնում գտնվող մյուս ծանր վիրավոր զինծառայող Արման Լազգիյանն արդեն Գերմանիայում է, և Ա. Բախշյանի փոխանցմամբ՝ նրա առողջական վիճակի մեջ դրական փոփոխություններ են նկատվում:

«Այն, որ բժիշկներն իրենց հնարավորությունների չափով ամեն ինչ արել են, դա անբեկանելի է, բայց նաև այն, որ դա բավարար չէ այդ տղաների ֆիզիկական կարողությունները վերականգնելու համար, դա նույնպես աներկբա է: Թե՛ Արմանի, թե՛ Ռուբենի տվյաներն ուղարկվել են Գերմանիայի համապատասխան կլինիկաներ, այնտեղից եղել է արձագանք, որ մենք անձամբ մեր կլինիկայում պետք է ուսումնասիրենք, բայց կան բաներ, որ մեզ համար տեսանելի է, ինչ-որ բաներ կարող ենք վերականգնել, խոսքը չի գնում 100 տոկոսանոց վերականգնման մասին, բայց, անշուշտ, տղաները շատ ավելի բարձր ինքնուրույնության աստիճան կարող են այդ կլինիկաներում ունենալ»,- նշեց Ա. Բախշյանը:

Նա հիշեցրեց, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրենքի նախագիծ էր ներկայացրել՝ վիրավոր զինծառայողների՝ արտերկրում բուժում ստանալու մասին, որն ընդունվել էր. «Կառավարության հանձնաժողովը թե՛ Ռուբենի, թե՛ Արմանի պարագայում որոշեց, որ Հայաստանում կարող են նույնպես այդ բուժումն անել: Հատկապես այդ պաշտոնյաները՝ վարչապետը, նախարարները, շատ լավ գիտեն, թե որքանով է արդյունավետ բուժումը Եվրոպայում և Հայաստանում: Համենայն դեպս, երբ իրենց առողջությանն է վերաբերում, իրենք միանշանակ որոշում են բուժվել Եվրոպայում, բայց զինվորների դեպքում, երբ օրենքը կա, չգիտես ինչու, այդ հանձնաժողովը չկայացրեց նման որոշում, և պետական բյուջեից մեկ լումա չի տրվել տղաների բուժման համար»:

Ա. Բախշյանի խոսքով՝ ծնողների կարծիքը հանձնաժողովը լսել է, բայց հաշվի չի առել, ծնողները միանշանակ ասում էին՝ «մենք Գերմանիա ենք տանելու». «Արմանի հայրը շատ հստակ ասաց, որ «այն բժիշկներին, որ արել են վիրահատությունը, շատ շնորհակալ եմ, բայց ես տանելու եմ իմ երեխային, ուզում եք՝ օգնեք, ուզում եք՝ մի օգնեք»»:

Ա. Բախշյանը նշեց, որ Արմանի դեպքում ոչ մի գումար չի տրվել, իսկ Ռուբենի դեպքում Պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցներից 43 հազար եվրո է տրամադրվել:

Ռուբենի մայրը նշեց, որ Գերմանիայի բժիշկները 70 տոկոս վերականգնվելու հույս են տալիս իր տղային: Ռուբենն էլ լավ է տրամադրված, իր վրա անընդհատ աշխատում է:

«Նույնիսկ այն բժիշկը, որ մասաժ է անում Ռուբենին՝ վստահ չէ, որ ողնուղեղն ամբողջովին վնասվել է, ասում է՝ երբ մասաժ եմ անում, զգում եմ, ողնուղեղն արձագանքում է»,- հավելեց Ա. Բախշյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս