Ինչո՞ւ է Գերմանիայի խորհրդարանն այդ քայլին գնացել, ո՞րն է պատճառը. Deutsche Welle
Գերմանական Deutsche Welle պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուդաշեֆն անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Կուդաշեֆն ընդգծել է, որ որևէ սխալ բան չկա նրանում, որ խորհրդարանականները բանաձևում օգտագործել են ցեղասպանություն եզրույթը: Նրա խոսքով՝ հարցը նրանում է, թե ինչո՞ւ է Գերմանիայի խորհրդարանն այդ քայլին գնացել, ո՞րն է պատճառը: «Թուրքերը պետք է ըմբռնեն, որ զանգվածային կոտորածները ցեղասպանություն է եղել, և որ այդ ցեղասպանությունը իրենց պատմության մի մասին է, որի հետ պետք է հաշտվել: Նրանք բոլորը պետք է ունենան Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որում նկարագրված է, թե ինչ տառապանքներ է կրել հայ ժողովուրդն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ վեպի ընթերցանությունը պետք է պարտադիր լինի բոլոր դպրոցներում»,- գրել է Կ ուդաշեֆը:
Նա հավելել է, որ թուրքերը պետք է առերեսվեն իրենց անցյալին, իսկ դա նրանց փոխարեն Գերմանիայի խորհրդարանը չէ, որ պետք է անի: «Գերմանիան իր անցյալին առերեսվելու առումով կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար»,- ասում է հոդվածագիրը:
Գերմանական հայտնի պարբերականի գլխավոր խմբագիրը նշում է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը բարոյական առումով արժանապատիվ քայլ է, ինչպիսին եղել է մի քանի տարի առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը: