Բաժիններ՝

«Պատերազմական իրավիճակներն ու գործողությունները հարցեր լուծելու ամենաարդյունավետ ուղիները չեն». Սվյատոսլավ Վակարչուկ

Ուկրաինական «Օկեան Էլզի» ռոք խմբի երևանյան համերգից ժամեր առաջ խմբի վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկը հանդիպեց լրագրողների հետ, որի ընթացքում վերջինիս նախընտրությամբ ողջ հանդիպումն անցավ լրագրողներին հուզող հարցերին պատասխանելով: Սվյատոսլավ Վակարչուկը նշեց, որ սա իր հայաստանյան երկրորդ այցն է, առաջինը տարիներ առաջ էր, որը մասնավոր բնույթ էր կրում: Երգիչն ասաց, որ մտերիմ հարաբերությունների մեջ է Ուկրաինայում ապրող և ստեղծագործող հայազգի ռեժիսոր Ռոման Բալայանի հետ, և, որ այստեղ գալուց առաջ Բալայանն արդեն իրեն հուշել է, թե Հայաստանում հատկապես ո՛ր վայրերն իրեն դուր կգան:

«Ուկրաինայում հայտնի հայազգի ռեժիսոր Ռոման Բալայանն իմ ընկերն է։ Այնպես ստացվեց, որ նրա ու մնացյալ հայ ընկերներիս հետ շփվելիս՝ ես սկսեցի հետաքրքրվել հայկական մշակույթով ու հայոց պատմությամբ և իմացա նաև «Դլե Յամանի» մասին։ Ընկերներս մի ամբողջ ցուցակ են ինձ համար գրել, թե ուր պետք է գնամ։ Այսօր մենք եղել ենք Էջմիածնում, շատ հավանեցի: Գիտե՞ք, Լվովում հայկական եկեղեցի կա, ես հաճախ եմ այնտեղ գնում։ Այնտեղ ինձ համար լավագույն փողոցը Հայկական փողոցն է։ Ափսոս, շատ ժամանակ չունենք Երևանից հեռու վայրերն էլ այցելելու համար, բայց հոկտեմբերին մեկնելու ենք Թբիլիսի, և ո՞վ գիտե՝ միգուցե նորից գանք Երևան»,- ասաց Վակարչուկը։

Անդրադառնալով վերջերս ուկրաինական «Ձայնը» նախագծում Դիանա Դիկովսկու ելույթից հետո (ով կատարել էր «Դլե Յամանը») իր այն հայտարարությանը, թե «Դլե Յամանն» իր ամենասիրելի հայկական երգն է, Վակարչուկն ասաց. «Այո, դա իմ ամենասիրելի հայկական երգն է։ Ես դրա մասին իմացել եմ իմ հայ և հայկական արմատներ ունեցող ուկրաինացի ընկերներից։ Նման ընկերներ ունեմ ոչ միայն՝ Կիևում, այլև՝ Լվովում։ Ես գիտեմ, թե ինչի մասին է այս երգը և ինչ իրադարձությունների հետ է այն կապված՝ Ցեղասպանության: Ես հիացած էի հայկական մշակույթով՝ նախքան Հայաստան գալս»։

Այնուամենայնիվ, Վակարչուկն այսօր երեկոյան կայանալիք համերգի ժամանակ չի պատրաստվում կատարել «Դլե Յամանը»: Իր այս որոշումը երգիչն այսպես մեկնաբանեց. «Ոչ, չեմ պատրաստվում այսօր կատարել «Դլե Յամանը», որովհետև սա այնպիսի երգ է, որը պետք է զգալ, ոչ թե ուղղակի կատարել։ Այն կարող են երգել միայն հայերը։ Իսկ համերգին մենք անակնկալ ենք պատրաստել, տեսնենք՝ ինչպես կստացվի»։

Կարդացեք նաև

«Օկեան Էլզի» ռոք խմբի և Ջիվան Գասպարյանի համագործակցության մասին հարցին ի պատասխան՝ Վակարչուկը նշեց. «Շատ կցանկանայի նորից համագործակցել Ջիվան Գասպարյանի հետ։ Մենք նրան շատ ենք սիրում և շատ էինք ցանկանում այստեղ հանդիպել նրա հետ։ Բայց ինձ ասացին, որ այժմ Ջիվան Գասպարյանն ԱՄՆ-ում է, հետևաբար՝ չստացվեց։ Բայց նորից միասին աշխատելը չենք բացառում»։

Ուկրաինայում իր քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ հայտնի երգիչն անդրադառնալով իր երկրում վերջին ժամանակներում ստեղծված իրավիճակին՝ ընդգծեց.

«Ես այն կարծիքին եմ, որ ստեղծված իրավիճակներում փրկության ելքը պատերազմը չի կարող լինել:

21-րդ դարում շատ դժվար է մարդկանց համախմբել՝ «ես այստեղ եմ ծնվել, սա իմ հայրենիքն է, ու ես պետք է մնամ հենց այստեղ» սկզբունքի շուրջ: Սահմանները բաց են, և ցանկացած մարդ, շատ հանգիստ կարող է գնալ այնտեղ, որտեղ ինքը կցանկանա: Հայաստանում, առավել ևս, կարծում եմ, սա ընկալելի է: Մարդիկ որոշում են կայացնում հեռանալու՝ մնալով հոգով մաքուր հայաստանցի կամ ուկրաինացի, թեև նախընտրում են ապրել, ասենք, Նյու Յորքում: Ես տարին մեկ անգամ կվերադառնամ իմ հայրենիք, մոմ կվառեմ իմ հարազատ եկեղեցիների ներսում և այսքանով ինձ կհամարեմ հայ: Բայց ահա կոնստիտուցիոնալ հայրենասիրությունն այլ բան է՝ ես սիրում եմ իմ հայրենիքը ոչ թե՝ այն բանի համար, որ ծնվել եմ այստեղ, և, որ իմ հայրենիքն է սա, և այստեղ են հանգչում իմ նախնիները, այլ՝ որովհետև այստեղ պետք է ապրենք ու արարենք ես ու իմ զավակները: Ես՝ իմ համախոհ ընկերների հետ միասին, կկառուցեմ մեր հայրենիքն այնպես, որ իմ ու իմ զավակների ապագան դառնա հնարավորինս հարմար ու հասանելի, քան ցանկացած այլ երկրում: Խաղի կանոնների մեջ, անշուշտ, մտնում են նաև ղեկավար մարմինների արդարացի կեցվածքը, խոսքի ազատության գերիշխանությունը, կոռուպցիայից ազատագրված պետական համակարգը, և այլն, բայց այս ամենին պետք է հասնել տեղի միասնական ուժերի համախմբումով: Ընդ որում, կցանկանայի նաև հավելել, որ բոլորովին այն կարծիքին չեմ, թե պատերազմական իրավիճակներն ու գործողությունները հարցեր լուծելու ամենաարդյունավետ ուղիներն չեն: Ոչ, ես նախընտրում եմ ապավինել սիրուն, այլ ոչ՝ պատերազմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս