Բաժիններ՝

Մագիստրոսական կրթաթոշակներ ՀՀ պետական համալսարանների ուսանողների համար

Ի գիտություն ՀՀ պետական համալսարանների 2016-2017 ուս. տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (միայն Էկոլոգիական քիմիա ծրագիր), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի 8 կրթավճար: Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Արմինե և Կարապետ Զամբակների կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր`

  • ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին/լավ և գերազանց գնահատականներ/,
  • ընդգրկված են հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններում:

«Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.

Կարդացեք նաև

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2016թ. օգոստոսի 20-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և նշված ԲՈՒՀ-երի մագիստրատուրայի բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու դիպլոմի հավելվածի պատճեն,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • նպատակի հիմնավորում` հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում: Նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին (1 համակարգչային էջի սահմաններում):

Ուշադրություն`

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում
  2. Հարցազրույց
  3. Տնայց` անհրաժեշտության դեպքում

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +347 60 52 66 60, կամ գրել հետևյալ էլ. հասցեներին՝ [email protected] , [email protected] :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս