Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով` Երևանում
Այսօր՝ Մայիսի 17-ին, Երևանում հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների գործարար համայնքի շուրջ 35 ներկայացուցիչներ:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստին և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկու գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովի նպատակն էր ընդլայնել և ամրապնդել հայ-լեհական առևտրատնտեսական կապերը:
Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին, ողջունել են համաժողովի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք ու փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերում:
Գործարար համաժողովին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը և Լեհաստանի տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալության նախագահ Սլավոմիր Մայմանը ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Միջոցառման ընթացքում քննարկվել են երկու երկրների գործարարների ներդրումային առաջարկները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները:
Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանդիպումներ։
Այսօր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն առանձնազրույց է ունեցել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկու հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի օրակարգային հարցերը, երկու երկրների տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հայ և լեհ գործարարների միջև կապերի հաստատման, ինչպես նաև փոխգործակցության խթանման հնարավորությունները:
Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ջանքեր գործադրելու և նպաստելու բոլոր ուղղություններով հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը: