Վիեննայի բանակցությունների գլխավոր ուղերձներն ու արդյունքները

168.amի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

Պարոն Մինասյան, ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործուն ջանքերի արդյունքում հանդիպեցին հակամարտող երկրների նախագահները` ԵԱՀԿ եռանագախագող երկրների արտգործնախարարների հովանու ներքո, համանախագահների մասնակցությամբ: Տարածված տեղեկատվության համաձայն ` ձեռք է բերվել պայմանավորվածություն՝  քայլեր ձեռնարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբՀաշվի առնելով նաև այն, որ նախագահներն առանձինառանձին հանդիպումներ ունեցան Ֆեդերիկա Մոգերինիի և Ջոն Քերիի հետ՝ ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Վիեննայում կայացած բանակցությունները: Ի՞նչ արդյունքներով, ըստ Ձեզ՝ դրանք ավարտվեցին հայկական կողմի համար:

– Մի քանի դիտարկում պետք է անել` Վիեննայի բանակցութjունները գնահատելիս: Առաջին հերթին` այս հանդիպումները կարևոր էին բանակցությունների վերսկսման տեսանկյունից, կարևոր էր, որ դիվանագետները սկսեին դիվանագիտական գործընթացը և Վիեննայի հանդիպումը, պարզ է, որ դիվանագիտական գործընթացը փոքր-ինչ թարմացրեց:

Երկրորդ` կարևորն այն էր, որ արտաքին գործերի նախարարները` Քերին, Լավրովը, Դեզիրին, ներկա գտնվեցին հանդիպմանը, ինչը ցույց տվեց, որ կառավարությունները կարևորություն են տալիս այս հարցին, դա ճնշում  էր թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի  նկատմամբ, բայց գլխավորապես՝ Բաքվի նկատմամբ:

Երրորդ կետը` վերահաստատվեց, որ զինադադարի 1994-1995թթ. պայմանագրերը դեռ ուժի մեջ են, իսկ դրանք կարևոր են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  համար: Չորրորդ կետն այն է, որ ավելի մեծ կարևորություն և լիազորություն տրվեց ԵԱՀԿ-ին՝ որպես հակամարտության գոտում միջազգային ներկայացուցիչ:

Սա հավելյալ անվտանգություն է: Հարցն այն է, թե արդյո՞ք Բաքվում բացվելու է ԵԱՀԿ գրասենյակը, թե՞ ոչ, դա կարևոր է՝ հասկանալու համար, թե ԵԱՀԿ ընդլայնված լիազորությունները որքանով արդյունավետ կլինեն:

Հինգերորդ` կարևոր է, որ վերահսկողական մեխանիզմները կարևորվեցին համանախագահների և ԱԳ նախարարների կողմից, ինչը նշանակում է, որ այն, ինչ ցանկանում է Հայաստանը մասամբ  բավարարվում է կամ գոնե հայտարարվում, որ կա համաձայնություն այս հարցի առնչությամբ:

Վեցերորդ` կա ամրագրում, որ չկա հակամարտության ռազմական կարգավորում, այլ միայն խաղաղ, դիվանագիտական, քաղաքական:

Ամփոփելով` ասեմ, որ գոնե թղթի վրա, հայտարարությունների մակարդակով, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, «նորմալ» և բավարար են այսօրվա արդյունքները: Անշուշտ, ԼՂՀ իշխանությունները չմտան բանակցությունների մեջ, անշուշտ դիրքերը, որ ադրբեջանցիները գրավել են, իրենց վերահսկողության տակ են, ըստ էության, և ոչ մի բան չասվեց Ադրբեջանի դեմ՝ իբրև ագրեսոր պետության, բայց  այն արդյունքները, որոնք ունենք, թույլ են տալիս եզրակացնել, որ համանախագահները գիտեն` ով է նախաձեռնել պատերազմը, քանի որ կարևորում են վերահսկողական մեխանիզմների ներդրումը, ինչը հայկական կողմի պայմանն էր: Այս ամենից  շատ բան չշահեց Ադրբեջանը՝  թե՛ ճակատում, թե՛ դիվանագիտական բեմի վրա, ընդհակառակը` հաստատվեց նաև, որ  Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը չեն ցանկանում պատերազմ այս տարածաշրջանում: Յոթերորդ կետն էլ այն է, որ սա ուղերձ էր Թուրքիային անուղղակի կերպով, որ նա այլևս չմիջամտի, այդ վատ խաղը չխաղա Ղարաբաղի շուրջ:

Կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի երեք պայմաններից երկուսը կատարվեցին:

– Պետք է  տեսնել, թե այս Վիեննայի հայտարարությունն ինչպես է իրականացվելու, այսինքն` այն, ինչ ամրագրվել է թղթի վրա` հայտարարության մեջ, ինչպես է գործի դրվելու, իսկապես Կասպրչիկն ունենալու է ավելի լայն լիազորություններ, և միջնորդները, քան նախկինում, երբ է իրականացվելու այդ գործընթացը, մեկ ամիս հետո՞, երբ նորից կհանդիպեն նախագահները, քանի որ արդեն այդ մասին խոսվել է:

Կարող ենք  ասել, որ հայկական կողմի համար բավարար են այս արդյունքներն այս փուլում, քանի որ հայտարարության մեջ  բավարարվել են հայկական կողմի որոշ պայմանները: Հարցն այն է, թե իրականության մեջ կկիրառվե՞ն, թե՞ ոչ: Մյուս հարցն այն է, թե Ալիևը ինչպես դրանք կկիրառի՞, քանի որ գիտենք`  Ալիևը սովորություն ունի՝ «այո» ասել, բայց այլ կերպ վարվել:

Օրինակ` նա մի քանի անգամ հայտարարեց, որ  համաձայն է Մադրիդյան սկզբունքների հետ, այսինքն`  տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և խաղաղ կարգավորում, բայց իրականում շեշտը դնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա, չի խոսում ինքնորոշման մասին: Այսինքն` իրականությունն  ու քայլերն այլ են: Հայաստանը պետք է զգույշ լինի թե՛ ճակատում, թե՛ դիվանագիտության մեջ, բայց ավելի զորացնելով դիվանագիտությունը, ամրացնելով, քանի որ նոր հանգրվան է բացվում: Ուզում եմ շեշտը դնել այն բանի վրա, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը համաձայնեցին, որ  տարածաշրջանը պետք է հանգիստ լինի, չեն ցանկանում  պատերազմ, քանի որ կան պատերազմներ ու ճգնաժամեր` Ուկրաինա, Սիրիա, ուստի այլ ճակատներ չեն ցանկանում:

Տպավորություն ստեղծվեց, որ  Մոսկվան, որն իր քաղաքականության միջոցով ցանկանում էր հասնել անմրցունակ առաջատարի դիրքի տարածաշրջանում` սրելով իրավիճակը շփման գծում, այն մեղմելով, ամերիկյան նախաձեռնությունները արգելափակելով, կարծես հասկացել է, որ այլևս չի կարողանում միայնակ կարգավորել տարածաշրջանում գլուխ բարձրացրած խնդիրները: Կարծես Մոսկվան համաձայն է աշխատել Արևմուտքի հետԻ՞նչ եք կարծում այս մասին:

– Չեմ կարող ասել՝ այդ տպավորությունը ճի՞շտ է, թե՞ ոչ: Հասկանալի է, կարևորն այն է, որ  ռուսների համար կարևոր էր, որ Թուրքիան չմիջամտի տարածաշրջանային հակամարտությանը:

Ռուսաստանի  դրական  համագործակցությունն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ այս  հարցի շուրջ  ցույց է տալիս, որ բոլոր համանախագահներն էլ ցանկանում են խաղաղություն, ցանկանում են, որ դրսից որևէ մեկը չմիջամտի հակամարտության խնդիրներին: Այստեղ երեք կետ է կարևոր: Առաջինը՝ երեք պետությունները  չեն ցանկանում պատերազմ տարածաշրջանում, երկրորդ պատճառը` լավ չեն հարաբերությունները Թուրքիայի հետ` խոսքը թե ԱՄՆ-Թուրքիա, թե Թուրքիա-Ռուսաստան, թե Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մասին է: Երրորդ` Իրանի ապագան, քանի որ  նոր ծրագրեր ու հեռանկարներ կան Իրանի շուրջ, դրանք անցնում են Կովկասով, ուստի կարևոր է Կովկասի  անվտանգությունը: Կարող ենք ինչ-որ տեղ ասել, որ Ալիևի փորձերն արդյունքների չհանգեցրեցին, այլ՝ հակառակը: Հարցը նաև Ալիևի հետագա պահվածքն է:

Դրական է նաև, որ իմացանք, թե նոր հանդիպումը պետք է տեղի ունենա հունիս ամսին:  Առաջին անգամն է, որ համանախագահներն այդպես աշխատեցին, քանի որ  նախկինում հաջորդ հանդիպման մասին չէր հայտարարվում, քանի որ չգիտեին: Հիմա գոնե գիտենք, որ նույնիսկ  տեղի է ունենալու նոր հանդիպում  նախագահների միջև, ինչը դրական է, որովհետև դինամիկա ու ճնշում է ձևավորվում կողմերի նկատմամբ:

Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը՝ հասկանալով, որ Ռուսաստանը սկսում է գործել Արևմուտքի հետ, գնա փոխզիջումների և հրաժարվի «Ռուսական ծրագիր» կոչվածից, որի մասին անընդհատ խոսվում է:

– Դեռ կանուխ է այդ մասին խոսել: Պետք է տեսնենք, թե Վիեննայի բանակցություններն ինչ արձագանք կստանան թե՛ համանախագահ, թե՛ հակամարտող երկրներում: Չեմ խոսում «Լավրովի ծրագրի» մասին, քանի որ ասում են՝ կամ դա կա, կամ չկա: Հստակություն չկա այս առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս