«Ապրիլյան իրադարձություններն ազատեցին մեզ մի քանի լուրջ պատրանքներից, որը խանգարում էր հայերին՝ լինել ավելի իրատես». Ահարոն Ադիբեկյան

Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ ամփոփեց ապրիլյան պատերազմի հետևանքները՝ սոցիոլոգի տեսանկյունից:

Ահարոն Ադիբեկյանն ապրիլյան զարգացումներում դրական միտումներ է նկատում. «Ապրիլյան իրադարձություններն ազատեցին մեզ մի քանի լուրջ պատրանքներից, որոնք խանգարում էին հայերին լինել ավելի իրատես և կարողանալ օբյեկտիվորեն գնահատել, թե ո՞վ են իրենք իրականում, ինչի՞ կարող են հավակնել և ի՞նչ ուղղություններով կարող են հասնել իրենց հավակնություններին»:

Ըստ նրա, առաջին մեծ պատրանքն այն էր, որ մենք ունեինք լավ պաշտպանված սահմաններ, և, որ Ադրբեջանը ոտնձգություններ չէր կատարի դա խախտելու համար, քանի որ մինչ այդ նրանց բոլոր նմանատիպ փորձերը եղել էին ապարդյուն. «Պարզվեց, որ դա ընդամենը պատրանք էր, և այո՛, նրանք՝ թեպետ մեծ զոհերի գնով, բայց կարող են ռազմական հաջողությունների հասնել, ու ամենակարևորը՝ պարզվեց, որ ռազմատեխնիկական ներուժը բավականին զիջում է ադրբեջանական կողմին: Մենք հավասարակշռում էինք մեր ռազմական պոտենցիալը մարդկային ուժերի հաշվին, այլ ոչ տեխնիկական, այնինչ պետք է լիներ հակառակը»:

Երկրորդ մեծագույն պատրանքը, որով մենք սնել ենք մեզ մինչև ապրիլյան զարգացումները, ըստ Ա. Ադիբեկյանի՝ այն էր, որ մենք հավատացել էինք, թե ռուսները՝ որպես ռազմակավարական դաշնակից, մեզ հավատարիմ կմնան. «Մենք ուղղակի մոռանում ենք, որ քաղաքականությունն այլ բան է, բարոյականությունը՝ բոլորովին այլ կատեգորիա: Սրանք իրարից հիմնովին տարբեր հարթությունների վրա են: Եթե ռուսը արհամարհելով նույն արմատից ծնված ուկրանիացիների ինքնորոշման ու ինքնահաստատման շահը՝ վերցնում է Ղրիմը, կրկին արհամարհելով հարյուրամյակներով ձգվող պատմական կապերը Վրաստանի հետ՝ վերցնում է Աբխազիան և Օսիան, որպես նախկին կայսրության տարածք, ապա պարզ է, որ այստեղ բարոյականությունը տեղ չունի, այլ գոյություն ունի միայն ազգային և պետական շահ: Այս առումով ռուսատյացությունը, որ ծնվեց վերջին ժամանակահատվածում, մեզ համար պետք է լինի լավ դաս: Քաղաքականության մեջ չկան «ախպեր-քուր» հարաբերություններ ու ընկալումներ, այլ կան քաղաքական ընկալումներ ու շահեր: Եվ եթե դու կարողանաս քո շահը համատեղել նրա շահի հետ, կստացվի ամենալավագույն տարբերակը՝ ցանկացած տեսակի համագործակցության համար»:

Կարդացեք նաև

Երրորդ պատրանքը, որից, ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ մենք վերջապես պետք է ազատագրվենք, այն խնդիրն է, թե ովքե՞ր են գալիս երկրի ղեկավար մարմիններում աշխատելու. «Կադրերի նշանակումը, հատկապես՝ այն պաշտոնների, որտեղ կոռուպցիոն ռիսկերը մեծ են, շատ կարևոր են: Երբ Ամերիկայի բանակում ծառայելու ցանկություն հայտնող է առաջադրվում, 120-ից ավելի մասնագիտացված թեստեր կան, որոնք հաղթահարելու պարագայում վերջինս շանսեր կունենա մտնելու այդ կառույց՝ ո՞վ է նա, ի՞նչ ներուժ ունի, որտե՞ղ նրան կարելի է առավել օպտիմալ օգտագործել: Մեզ մոտ ոչ միայն նման մոտեցում չկա, այլև ավելին՝ նշանակումները կատարվում են աչքաչափով: Ես եղել եմ առաջին երկու վարչապետների՝ կադրերի գծով նշանակումների խորհրդականը, թեստային համակարգով որոշում էինք՝ այսինչ մարդը կարո՞ղ է աշխատել տվյալ պաշտոնում, թե՞ ոչ՝ հօգուտ ազգի, այլ ոչ՝ հօգուտ իր ընտանիքի կամ սեփական շահերի: Եկավ Հրանտ Բագրատյանը և որոշեց՝ ո՞նց թե պետք է Ադիբեկյանը որոշի, թե ես ում հետ աշխատեմ ու այդ համակարգը մեռավ, ընդհուպ՝ մինչև այսօր: Սա երրորդ կարևոր պատրանքն է, թե մենք՝ ղեկավարներս, այնքան հմուտ ենք, որ կարող ենք աչքաչափով կադրեր ընտրել, իսկ արդյունքն այն է, ինչ մենք տեսնում ենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս