«Ի՞նչ պատասխանատվության միջոցներ կան «պադոշ» վաճառողների դեմ». Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Ըստ նրա` գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում վերադարձնել կամ փոխարինել այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:
Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Նա նշեց, որ էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողը պարտավոր չէ հսկել հարթակի օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ա.Մինասյանը նշեց, որ էլեկտրոնային համակարգի միջոցով կամ հեռուստատեսային խանութից ապրանք ձեռք բերելիս վաճառողը պարտավոր չէ հսկիչ դրամարկղային կտրոն տրամադրել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Ն.Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ազդեցության միջոցներ կան որոշ «պադոշ» վաճառողների դեպքում, երբ նրանք որևէ կերպ չեն համաձայնում ապրանքը ետ վերցնել:
Ա.Մինասյանը պատասխանեց, որ շուկայի վերահսկողության տեսչությունը կարող է վարչական կարգով ենթարկել վարչական պատասխանատվության: