«Մա´մ, ուշքս գնում է աղջիկ երեխեքի համար». ասել էր Թալիշում զոհված Հրաչ Գալստյանը
Արցախում զոհված զինծառայող Հրաչ Գալստյանը, ում դուստրն այսօր է ծնվել, շատ էր ուրախացել, որ առաջնեկը պիտի լույս աշխարհ գար: Կնոջ հետ որոշել էին դստերը մոր անունը տալ՝ Անահիտ: Գալստյանների ընտանիք այցելել էինք մինչև երեխայի ծնունդը: Զինծառայողի ընտանիքը բնակվում է Գյումրի քաղաքում: Հրաչը մի քույր ու եղբայր ունի: Եղբայրը նույնպես զինվորական է, Գյումրիում է ծառայում, քույրն ամուսնացած է: Մոր խոսքով՝ 1991թ. ծնված Հրաչն ընտանիքի հիմնական կերակրող ձեռքն է եղել. շատ էր ուրախացել, որ աղջիկ է ունենալու. «Երբ արձակուրդ էր գալիս, ու երբ հարևանների երեխաները բակում էին լինում, իջնում էր, սիրում: Հարցնում էի՝ Հրաչո´ ջան, դու այդքան շա՞տ ես սիրում: Ասում էր՝ մա´մ, ուշքս գնում է աղջիկ երեխեքի համար»:
«Ասում էր՝ մա´մ, մենք երդվել ենք»
Հիշելով որդու մանկության տարիները՝ մայրը՝ տիկին Անահիտը, նշում է, որ որդին շատ լավ աշակերտ է եղել, հարգված: «Արդեն 10-րդ դասարան էր: Կանգնեցինք ընտրության առաջ: Որոշում էինք, թե ինչ ինստիտուտ պետք է տայինք: Իմանալով Հայաստանի պայմանները, որ ինստիտուտն ավարտելուց շատ դժվար էր աշխատանք գտնելը, իմ ու հոր որոշմամբ՝ ընտրեցինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ինքը դեմ չեղավ, համաձայնեց»,- պատմեց տիկին Անահիտը՝ նշելով, որ որդին քննությունները շատ լավ է հանձել, բարձր բալերով ընդունվել ինստիտուտ, նույն կերպ ավարտել այն: Վիճակահանության արդյունքում նա ծառայության է անցել Մատաղիսի զորամասում:
«Ինքը երբեք դժգոհ չի եղել իր աշխատանքից: Մենք երբեք վատ բան չենք իմացել: Ասում էի՝ Հրաչո´ ջան, այդ ի՞նչ ինստիտուտում ես սովորել, որ գաղտնիությունն այդպես պահպանում ես: Ասում էր՝ մա´մ, մենք երդվել ենք: Թե սովորելու, թե՛ աշխատանքի տարիներին բացարձակ ոչ մի դժգոհություն չի հայտնել: Երկու տարի Մատաղիսում աշխատելուց հետո տեղափոխեցին Թալիշ: Նույն զորամասն էր: Թալիշում աշխատեց, ավագ լեյտենանտ էր»,- պատմում է տիկին Անահիտը:
2015թ. Հրաչյան ծանոթացել է ապագա կնոջ՝ Անուշի հետ: «Հարսս էլ Թալիշի աղջիկ է, զինվորականի ընտանիքից էր: Դպրոցը նոր պիտի ավարտեր: Ապրիլ ամիսն էր: Զանգեց, ասաց՝ մա՛մ ջան, Անուշիս վերջին զանգին գալո՞ւ եք: Ասացի՝ անպայման, ազի´զ ջան: Հորն էլ ասաց՝ կխոսես, որ պիտի գաք, նշան դնեք: 2015թ. մայիսի 25-ին գնացել ենք Վերջին զանգին: Մի քանի օր հետո նշանադրությունն էր: Գյուղի հարսանյաց սրահ լեփ-լեցուն էր: Ուրախացանք: Շատ լավ էր: Տղաս լավ մարդկանց էր հանդիպել»,- ասում է Հրաչի մայրը: Տիկին Անահիտը պատմում է, որ, երբ ամուսնության մասին խոսք էր գնում, ինքը որդուն հարցնում էր, թե ինչ աղջիկ գտնի, որ նա իր հավանությունը տա.
«Մի օր էլ կատակով ասացի՝ ձեր զորամասում գեներալի, մայորի, գնդապետի աղջիկ չկա՞: Այդ խոսքս էլ չմերժեց: Գտավ: Հետո ինձ ցույց տվեց, ասաց՝ մա´մ ջան, Անուշիս հավանո՞ւմ ես: Ասաց՝ այսպիսի աղջիկ կգտնեն: Ասացի՝ հա´, ազիզ ջան, հավանում եմ, թող քո սրտով լինի: Շատ սիրով զույգեր էին»: Միասին որոշել էին՝ դստերը մոր անունով են կոչելու. «Անուշը մի անգամ զանգեց: Ասացի՝ Անո´ւշ, ճիշտն ասա, աղջի՞կ է: Ասաց՝ հա´, մա´մ, աղջիկ է, ու անունդ պիտի դնենք: Այնպես էի ուրախացել…»:
«Ասաց՝ մի´ լացի, մա´մ ջան, ամեն ինչ լավ կլինի»
Խոսելով որդու մասին՝ տիկին Անահիտն ասում է՝ շատ բարի էր, երազանքներ ու նպատակներ շատ ուներ:
«Շատ դեպքեր են եղել, բայց մենք ոչ մի անգամ ոչ մի բան չենք իմացել: Շատ գաղտնապահ էր: Միայն երբ զանգում էի, արդեն նշանաբան ունեինք, ասում էի՝ եղանակը բարենպա՞ստ է: Ասում էր՝ հա´, մա´մ ջան, արևոտ է: Այլ ձևով չէինք կարող հարցեր տալ, արգելված էր: Միայն ձայնն էինք լսում, ու վերջ: Մեզ համար միայն ձայնն էր կարևոր»,- ասում է տիկին Անահիտը՝ պատմելով, որ Հրաչը դեպքի նախորդող օրն իջել է դիրքերից, բայց շատ ուշ: «Շատ անհանգիստ էինք: Հարսիս էինք զանգում: Ասացի՝ Անո´ւշ ջան, երբ Հրաչոս տուն գա, կասես, թող զանգի: Զանգեց, ասաց՝ պա´պ ջան, լավ եմ, մի´ անհանգստացեք»,- ասաց տիկին Անահիտը:
Նրա խոսքով՝ գիշերը գյուղի վրա կրակոցներ են եղել, Հրաչը կնոջը, նրա եղբայրներին, մորը ճանապարհել է. «Անուշը լացել է, ասել է՝ Հրա´չ, դու էլ արի: Ասել է՝ չէ, ես չեմ կարող գալ, աշխատանքս չեմ կարող լքել: Ժամը 9:30 էր, ես աշխատանքի էի: Մտածեցի՝ զանգեմ, տեսնեմ՝ երեխաս ինչպե՞ս է: Շատ ուրախ ձայնով ասաց՝ բարև, մա´մ ջան, հարցրի՝ ինչպե՞ս ես, շա՞տ հոգնած ես: Ասաց՝ չէ´, մա´մ ջան, ի՞նչ է եղել, որ: Ասացի՝ գիշերն ուշ ես տուն եկել, ասաց՝ չէ: Ես հավի ձայներ առա, մտածեցի՝ դուրսն է, բայց էլի ոչինչ չհարցրի: Ասաց՝ մա´մ ջան, շատ զբաղված եմ, չեմ կարող, հետո կզանգեմ: Մտքովս չէր անցել…. Կես ժամից ամուսինս զանգեց, ասաց՝ իմացե՞լ ես՝ Ղարաբաղում կռիվ է:
Ասացի՝ ո՞նց թե: Մյուս տղաս էլ Գյումրու զորամասում է աշխատում: Ամուսինս ասաց՝ Աղասը զանգեց, թե՝ Ղարաբաղի վրա հարձակվել են: Ու սկսեցի զանգել: Անուշին էի զանգում, չէր պատասխանում, Հրաչոյիս էի զանգում՝ չէր պատասխանում: Դպրոցում եմ աշխատում: Չգիտեմ՝ ինչ վիճակ էր մոտս: Ինքը հրաման էր տվել՝ հեռախոսներդ կանջատեք, պապաս ու մամաս կվախենան»: Տիկին Անահիտի խոսքով՝ որոշ ժամանակ անց արդեն կարողացել են կապվել որդու հետ, ով հորդորել է չվախենալ, հանգիստ մնալ.
«Մինչև ամսի 3-ը՝ 9:30-ը հետը խոսել ենք: Ես ժամանակ առ ժամանակ ականջ էի դնում հեռախոսին: Վախենում էի:
Հորաքույրն էր զանգում, աղջիկս, տղաս, ամուսինս: Ապրիլի 3-ին ես զանգեցի, խոսեցի: Ինքը գիտի իմ բնավորությունը՝ շատ անհանգիստ եմ: Արդեն իմացել էինք, որ Անուշենք եկել-տեղավորվել են: Ասաց՝ մա´մ ջան, Անուշիս չնեղացնես, լավ կպահես: Սիրտս լցվեց, լացեցի, ասացի՝ ազի´զ ջան, ինչո՞ւ ես այդպիսի բան ասում: Ասաց՝ թող մի քանի օր մնա Չարենցավան՝ քեռանց տանը, հետո կգնաս, կբերես: Ասացի՝ մեռնեմ կյանքիդ, պատրաստվում ենք, որ երկուշաբթի ես ու պապադ գնանք, Անուշիկին տեսնենք: Երբ լացեցի, հարցրեց՝ ինչո՞ւ ես լացում, ասացի՝ ես էլ քո մասին եմ մտածում: Ասաց՝ մի´ լաց, մա´մ ջան, ամեն ինչ լավ կլինի, կամավորներն եկել են, ամեն ինչ նորմալ է: Աղջիկս 9:30-ին զանգել էր, ասել էր՝ Սո´ւս ջան, չնեղանաս, բայց էլ չզանգես, ես անհասանելի տեղ եմ գնում»:
Տիկին Անահիտի խոսքով՝ Հրաչի մահվան լուրն ամուսինն իմացել է հարսի հորեղբորից. «Հարցրեց՝ Հրաչոյիցս տեղեկություն ունե՞ս: Ասաց՝ Հրաչոն էլ չկա: Ու չգիտեմ՝ ինչ ձևով ամուսինս հեռախոսը խփեց գետնին ու լաց էր լինում՝ Հրաչոն չկա: Տանը երկուսով էինք: Չգիտեմ՝ ինչ կատարվեց մեզ հետ: Հետո ինձ խաբեցին, ասացին՝ սուտ է, սխալ տեղեկություն է: Բոլորն արդեն գիտեին: Ցերեկն արդեն շիբին էին փռում, ես էլ մտածում էի՝ երևի շաբաթօրյակ է, ինչ է, բայց չէի պատկերացնում, որ երեխուս համար է: Ինձ 4 օր այդպես խաբեցին: Ասացին՝ մի դիրք կա, որ երեխեքը գրավել են, Կարմիր խաչը պիտի գա, որ երեխեքին հանեն: Բայց ինձ խաբեցին, 4 օր մահացած է եղել, զինվորի հետ մնացել է այնտեղ, նոր 4-րդ օրը Ղարաբաղից տեղափոխեցին Հայաստան»: Ըստ մոր խոսքերի՝ որդին հրետանու կրակոցից է մահացել. «Ես միայն ուզում եմ իմանալ՝ ինքը հենց նույն րոպեի՞ն է մահացել, հո շատ չի տանջվե՞լ»:
Հրաչի մայրն ասում է, որ զինվորների նկատմամբ որդին շատ բարի էր. ասում էր՝ միայնակ չի ծխում: Տիկին Անահիտը որդուն այցի գնալիս ինքն էր տեսել, թե ինչպես է վերջինս վերաբերվում զինվորներին. «Զինվորները պոլիգոններ էին: Մենք հյութեր էինք առել: Երբ մեքենայով անցանք, հյութերը թափեց: Հարցրի՝ ի՞նչ արեցիր, ասաց՝ մա´մ ջան, չես պատկերացնի, ծարավ են, մեղք են, թող խմեն»: Տիկին Անահիտի խոսքով՝ Հրաչը շատ էր ուրախացել, որ առաջնեկը պիտի լույս աշխարհ գար: «Մենք միշտ անհամբեր էինք: Ասում էի՝ Հրաչո´ ջան, ե՞րբ պիտի տատիկ դառնամ: Ասում էր՝ մա´մ ջան, երկու տղա թոռ ունես: Ասում էի՝ չէ, Հրաչո´ ջան, ես ուզում եմ քո երեխուն տեսնել: Պապային զանգել էր՝ պա´պ ջան, աչքդ լույս, պապիկ ես դառնալու: Հետո զանգեց ինձ, ասաց՝ մա´մ, գիտե՞ս՝ անունդ պիտի դնենք: Շատ անհամբեր էինք»:
Տիկին Անահիտի խոսքով՝ որդին հոգատար էր ծնողների նկատմամբ. «Մեզ միշտ խորհուրդներ էր տալիս: Ասում էր՝ պա´պ ջան, մի քիչ թեթև ապրի: Մեր գյումրեցիք ուրիշ մտածելակերպ ունեն: Ասում էր՝ պա´պ, կյանքն արդեն փոխվել է, 21-րդ դար է, կյանքին մի փոքր թեթև նայիր: Հայրն ասում էր՝ չեմ կարող, Հրաչո´ ջան: Ասում էր՝ պիտի սովորես, որովհետև աշխարհը հիմա լրիվ ուրիշ ձև է: Իր խորհուրդներով էինք առաջնորդվում: Ու հիմա մեզ էլ ո՞վ պիտի խորհուրդ տա, ինքն էլ չկա»: «Բացի հորից, բոլորը տեսել էին՝ տղաս էլ, փեսաս էլ, հորաքրոջ ամուսինը: Ես ասացի՝ Վարդան, գոնե վերջին րոպեին երեխուս ինչի՞ չտեսար: Ասաց՝ ես չուզեցա իրեն այդպես տեսնել»,- ասում է տիկին Անահիտը:
Տիկին Անահիտը հիշում է, երբ Հրաչյան հունվարի 13-ին եկել էր, գնացել էին հորաքրոջը տեսնելու: «Երևի մտքովն անցել էր: Երեխես բոլորին գնաց տեսնելու: Ասում էի՝ Հրաչո´ ջան, այդքան ճամփա ես եկել, հոգնած ես: Ասում էր՝ չէ´, մա´մ, ես չգիտեմ՝ ինչ է «հոգնել» բառը: Ասում էր՝ չեմ կշտանում մեքենայից: Մեքենան եկավ, բայց ինքը չեկավ… Մեքենան բերեցին»,- ասում է տիկին Անահիտը: Նրա խոսքով՝ դստեր որդին 2.5 տարեկան է. «Անընդհատ ասում է՝ Հրաչ քեռին: Գալիս, նկարը վերցնում, պաչում է: Մեքենան տեսնում է, ասում է՝ Հրաչ քեռիիս մեքենան է: Ասում եմ՝ Հրաչ քեռին ո՞ւր է, ասում է՝ թուրքին մորթելու է գնացել: Չի պատկերացնում: Հրաչոս ավելի շատ աղջկաս հետ էր կապված: Շատ մոտ էին: Հարցրի՝ Հրաչ ջան, Անուշիկն ի՞նչ բնավորություն ունի: Ասաց՝ մամ, Սուսիս բնավորությամբ նման աղջիկ եմ գտել: Իրոք, քրոջը նման է»:
Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Հրաչ Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում