Բաժիններ՝

«Ես շատ փոքր մարդ եմ, որ դեմ լինեմ այդ հրեշավոր ժամանակին, այդ հզոր ժամանակին». Արտավազդ Փելեշյան

Լույս է տեսել Արտավազդ Փելեշյանի հեղինակած «Դրոշմման ժամանակը» երկհատորյակը

Արտավազդ Փելեշյանի մանրակրկիտ, նրբանկատ, պահանջկոտ ու հետևող հայացքի ուղեկցությամբ հրատարակված «Դրոշմման ժամանակը» արդեն ընթերցողի սեղանին է:

Սա երկհատորյակ է, որ ներառում է տարբեր տարիներին Վարպետի ձեռամբ հեղինակած ֆիլմերի սցենարները, նրա մասին պատմող խիստ սակավաթիվ հոդվածները, նրա մասնակցությամբ վարպետության դասերը, նրան նվիրված ակնարկները և նույնիսկ՝ չիրագործված ծրագրերը:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կազմակերպված երեկոն այն քիչ առիթներից էր, որ ընթերցողին, փելեշյանական կինոն հասկացողներին ու գնահատողներին, նրա ընկերներին ու մտերիմներին, նրա մասին հեռվից-հեռու լսածներին հնարավորություն տվեց մեկ անգամ ևս լինելու հանճարեղ Վարպետի կողքին՝ հաղորդակից դառնալու նրա մտորումներին, փելեշյանական փիլիսոփայության գաղտնիքներին:
Մաեստրո Փելեշյանին մոտենում են զգուշորեն, նրա շուրջը հավաքված անխտիր բոլորի դեմքին ակնածանքի երանգներ կան: Միայն հանճարին բնորոշ խաղաղ հանգստությամբ նա լուռ ընծայագրեր է թողնում իրեն պարզած «դրոշմման ժամանակ»-ների էջերին, որին հաջորդում է շնորհանդեսի բուն արարողությունը:

Կարդացեք նաև

Բեմ է բարձրանում կինոգետ Դավիթ Մուրադյանն ու ակամա խոստովանում, որ դժվարանում է խոսել, և դժվար է, որովհետև բառն ու Փելեշյանի կինոն այնքան էլ չեն համատեղվում միմյանց հետ. «Փելեշյանը բառերը վտարել է իր կինոյից, որովհետև չի վստահում դրանց, որովհետև բառը մարդուն տրված է մտքերը թաքցնելու համար, իսկ մենք խոսում ենք միայն ու միայն մեր իսկությունը թաքցնելու համար, այդ պատճառով էլ նա վտարել է բառը, ազատագրել է կինոն բառից, որովհետև բառը կարող է լինել ժամանակավոր, իսկ պատկերը հավերժական է, ինչպիսին Փելեշյանի կինոն է»:

Դահլիճում է Փելեշյանի ժամանակակիցն ու մտերիմ ընկերը՝ աշխարհահռչակ ու սիրելի Տիգրան Մանսուրյանը:

Բարձրանալով բեմ՝ Մաեստրոն, ինչպես միշտ, անտեսանելի, անշոշափելի մի լուսավորությամբ ողջունում է բոլորին՝ այդ լույսից բաժին հանելով իրեն ակնդետ հետևող ու լսող հանդիսատեսին. «Սիրելի Փելեշյան, իմ լավ ընկեր, այսօր իրական գեղեցիկ իրադարձություն է մեր կյանքում, քանի որ ծնունդ է առել փառավոր, էությամբ՝ մոնումենտալ, պարունակությամբ՝ անչափելի մի գիրք, իբրև հայ հողից ծնունդ առած գեղեցիկի և միջազգային մշակութային իրականության հետ հարաբերության մեջ մտած և մի ընդհանրություն դարձած արժեք, որտեղ իրենց խոսքն են ասում աշխարհի խոշորագույն կինովարպետներն ու արվեստագետները:

Մենք հպարտություն ենք ապրում, որովհետև, թեպետ այդ խոսքը, անշուշտ, նախ և առաջ՝ Արտավազդ Փելեշյանի համար է ասված, բայցևայնպես, մեզնից յուրաքանչյուրը համարում է, որ դա խոսք է՝ ասված մեզ՝ հայերիս, յուրաքանչյուրիս՝ առանձին-առանձին վերցված: Մենք նորից համակվում ենք հպարտության զգացումով, որովհետև այսքա՜ն խառնակություն, լարվածություն և ատելություն, որ կա մեր շուրջն ու դեպի մեզ, վերադառնում է մեր «արտահանած», մեր հողից ծնված գեղեցկության միջոցով, որ ներկայացրել է Արտավազդ Փելեշյանը՝ իր կինոյով, ու, ահավասիկ, արդեն նաև «Դրոշմման ժամանակ»-ով»:

113119_s

Եվ այն պահին, երբ դահլիճում ներկա գտնվողներին թվում է, թե ամեն ինչ արդեն ասված է, միջոցառումը՝ ստացված ու ավարտին մոտ, բոլորովին անսպասելի խոսքը տրվում է Արտավազդ Փելեշյանին և բեմ է բարձրանում հենց ինքը՝ սակավախոս, աշխարհահռչակ պարոն Փելեշյանը: Բուռն ծափահարությունների ներքո ռեժիսորը խոսում է.

«Իմ կարծիքով՝ կինոն գոյություն է ունեցել բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո: Սկսենք նրանից, որ քարանձավային բոլոր նկարների շարժումները կինո են: Մ.թ.ա. երրորդ դարում մի մարդ կար՝ Զենոն Էլեացի, ով շատ հայտնի էր իր պարադոքսալ մտքերով ու բանաձևերով: Երևի բոլորդ էլ կհիշեք նրա բանաձևերից մեկը՝ «Կրիայի և Աքիլլեսի վազքը», որտեղ հաղթում է կրիան, այլ ոչ թե Աքիլլեսը:

Նա նմանատիպ շատ բանաձևեր ունի, բայց դրանցից կինոյին ամենամոտը՝ նետի թռիչքն է, որտեղ Էլեացին համարում է, որ թռչող նետը չի գտնվում շարժման մեջ, այլ կանգնած է: Նա սա բացատրում է հետևյալ կերպ՝ վերցնում է թռչող նետը, բաժանում է մասնիկների, և ամենավերջին՝ անբաժանելի մասում մարդիկ տեսնում են, որ նետը կանգնած է: Այստեղից եզրակացություն՝ թռչող նետն ամբողջությամբ բաղկացած է մասնիկներից, իսկ յուրաքանչյուր մասնիկում այդ նետը կանգնած է, ուրեմն՝ նետն ամբողջությամբ է կանգնած: Մի մետր կինոժապավենի մեջ առկա է 52 կադր, եթե նկարահանենք թռչող նետը, ապա ականատես կլինենք 52 կադր կանգնած նետի:

Տեսեք՝ դեռևս 23 դար առաջ ինչպիսի կինոմտածողություն է ունեցել Զենոն Էլեացին, ում հաջողվեց կանգնեցնել շարժումը: Եկավ Գալիլեո Գալիլեյը: Նա էլ իր հերթին կանգնացրեց ժամանակը՝ նույն կերպ ժամանակը բաժանելով մասերի,  վերջին անբաժանելի մասը համարելով կանգնած, անշարժ: Ինչ վերաբերում է կինոյին, ապա սա ժամանակի նկատմամբ ունի իր առանձնահատուկ վերաբերմունքը: Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, թե իբր կինոն դրոշմված ժամանակն է, գրանցված ժամանակը, իսկ ես համարում եմ, որ ժամանակը չի գրանցվում ու չի դրոշմվում, այլ պարզապես կա մի ժամանակ, որի ընթացքում մենք ժապավենի վրա ինչ-որ բաներ ենք գրանցում: Ես այդ ժամանակի մասին եմ խոսում, որովհետև ժամանակը երբեք չի գրանցվում ժապավենի վրա, կինոն ժամանակի համար հիշողություն է: Հայերեն լավ խոսք կա, ասում են՝ գնում եմ կինոնկարահանման: Ի՞նչ է նշանակում՝ նկարահանում:

846361

Օրինակ՝ գլխարկս հանեցի: Ի՞նչը հանեցի՝ գլխարկս, որտեղի՞ց հանեցի՝ գլխիցս: Կինոյում՝ նկարահանեցի, ի՞նչը հանեցիր՝ նկարը, որտեղի՞ց հանեցիր նկարը՝ ժամանակի ձեռքից…

Ուրիշ տարբերակ չկա՝ միայն ժամանակի ձեռքից: Տոնինո Գուերան մի անգամ ինձ պատմեց Անտոնիոնիի մասին: Անտոնիոնին Միջին Ասիայում ավտոբուսով գնալիս է եղել: Ավտբուսից իջնող մի ծերունու է նկարել և նկարն անմիջապես տվել նրան: Ծերունին նայել է նկարին ու ասել. «Ինչո՞ւ ժամանակը կանգնեցրիր»: Անտոնիոնին զարմացել է այդ դիպուկ խոսքից: Ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլիներ, եթե ծերունին ասեր. «Ինչո՞ւ կանգնեցրիր իմ շարժումը և այն հանեցիր ժամանակի ձեռքից»: Ժապավենի վրա ժամանակ չկա: Կինոն դեմ է ժամանակին: Երբ Տոլստոյն առաջին անգամ կինո է նայում, վախից լեղաճաք է լինում՝ ասում է՝ էս ի՞նչ հրեշավոր բան է, էս ի՞նչ ստվերներ են պատի վրա շարժվում: Իրոք, վախեցել է մարդը կինոյից: Անդրադառնամ ֆրանսիական «Liberation» թերթում իմ մասին տպագրված մի հոդվածի:

Ընդհանուր առմամբ դրական հոդված էր, բայց ինձ թվում է՝ ոչ ճիշտ վերնագիր էին ընտրել՝ «Փելեշյանը՝ դեմ ժամանակին և բառին»: Շատ սխալ էր, որովհետև Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ դեմ լինի այդ հրեշավոր ժամանակին, այդ հզոր ժամանակին, ես չեմ կարող դեմ լինել: Այդ ժամանակն է դեմ Փելեշյանին, այլ ոչ՝ հակառակը: Այս գրքում է ամփոփված նաև նույն ֆրանսիական մամուլում հրապարակված մեկ  այլ  հոդված, որը  վերնագրված է՝ «Ժամանակը իմ դեմ, իմ կինոն ժամանակի դեմ»: Եթե կարդաք այս  գիրքը,  հոդվածների  վերջում կտեսնեք նշված է՝ օրը,  ամիսը, տարեթիվը: Այդ նշումններն են ցույց տալիս ժամանակը՝ հոդվածների մասին, իսկ հոդվածներն առանձին  – առանձին վերցված, շատ քիչ  պատկերացում կտան ժամանակի մասին: Միայն այդ  տվյալներն են, որ  օգնում են  հասկանալ  ժամանակը:

Ինչ վերաբերում է խոսքին ու բառին՝ նմանապես դեմ չեմ, որովհետև կան բառերով արված հրաշալի ֆիլմեր: Վերջերս ես նայեցի Ռուբեն Գևորգյանցի նկարահանած՝  Տոնինո Գուերայի մասին պատմող մի ֆիլմ, որն արված է  բառերի հիման վրա, որտեղ բառերը լրացնում են պատկերին, պատկերը լրացնում է բառին: Շատ լավ  արված ֆիլմ է՝ բառերով:  Հետևաբար ես դեմ չեմ բառերին: Իմ ֆիլմերում ես քիչ եմ օգտագործում բառեր, որովհետև ես ուզում եմ խնայել ժամանակը հանդիսատեսի համար: Կարևորը նկարահանման պահն է, այլ ոչ այն ժամանակը, որ գրանցվել է էկրանին: Ժամանակը հզոր բան է, բայց և այնպես, կինոն իր հնարավորություններով՝ ևս շատ հզոր է: Ամեն ինչն է վախենում ժամանակից, բայց այդ հզոր ժամանակն էլ, իր հերթին, վախենում է հզոր կինոյից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս