«Պլյուս-մինուս» ներկայացման գլխավոր հյուրերին՝ հայ զինվորներին, հանդիսատեսը ողջունեց հոտընկայս
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում մայիսի 2-ին կայացած «Պլյուս-մինուս» ներկայացման պրեմիերան առաջնահերթ կհիշվի գլխավոր հյուրերի՝ հայ զինվորների ներկայությամբ: Դահլիճում ներկա էին քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներից մի քանիսը: Զինծառայողների ներկա գտնվելու միտքը պրոդյուսեր Արման Միտոյանինն էր:
Լեփ-լեցուն դահլիճի առաջին շարքում նստած մեր զինվորներին հանդիսատեսը ողջունեց hոտընկայս: Հանդիսատեսի ողջույնից հուզված՝ զինվորներն իրար էին նայում և հայացքով իրենց շնորհակալությունն էին հայտնում իրենցից ոչ պակաս հուզված հանդիսատեսին:
Ներկայացման առաջնախաղին ներկա էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք եկել էին դիտելու և շնորհավորելու իրենց ընկերներին՝ Մկոյին և Հովոյին:
Շոու-ներկայացումը վարում էր դերասան Գրիշա Աղախանյանը, ներկայացման մեջ ներգրավված էր նաև դերասանուհի Էվա Խաչատրյանը:
Մեր իրականության պլյուսների և մինուսների մասին երգիծանքի լեզվով պատմող այս շոու-ներկայացումը լի է քաղաքական և սոցիալական հումորով՝ ներկայացված կարճ սքետչերով: Այդ տեսարաններից առաջինի հերոսներն են Ադամն ու Եվան՝ Հովհաննես Ազոյանն ու Էվա Խաչատրյանը, որոնց արգելված պտուղով գայթակղում է, Մկո, ներիր, օձ Մկրտիչ Արզումանյանը: Եվ ահա, արգելված պտուղը համտեսող Ադամն ու իր «ցեղակիցները» մինչ օրս անկարող են դիմադրել այն անվերջ փորձելու ձգտմանը:
Տեսարաններն ու կերպարները բազմազան են, ասելիքը՝ ընդհանուր. ամեն պլյուսի մեջ կա մինուս, և՝ հակառակը: Բավականին հետաքրքիր էր տեսարանը վերելակի անսարքության պատճառով «գերի» ընկած նախագահ Սերժ Սարգսյանի կերպարի՝ նույն ինքը՝ Հովոյի, և խեղճ ու կրակ վարպետի՝ Մկոյի մասնակցությամբ:
Վերելակում փակված մնացած նախագահը հանկարծ իմանում է, որ երկրի «գլոբալ և անլուծելի» խնդիրներից բացի, կան նաև շատ պարզ, ամենօրյա, մարդկային խնդիրներ, որոնք լուծել է պետք: Վերելակից «ազատագրման» դիմաց նախագահը Մկոյի կերպարին առաջարկում է ընտրել որևէ պարգև:
Վարպետի ուզածն ընդամենը նոր գործիքներն են և հիմնովին վերանորոգված վերելակը: Սակայն նախագահն առաջարկում է ընտրել «գլոբալ ցանկություններ»: Ի պատասխան՝ վերելակի վարպետն ուզում է, որ այլևս պատերազմ չլինի, որ քաղաքական գործիչները փոխեն իրենց մտածելակերպը, որ արդարություն լինի… Նախագահի պատասխանը միանշանակ էր. «Ասում ես՝ քեզ ի՞նչ տեսակ գործիքներ են պետք՝ վերելակի համար»: