Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկ Իգիթյանը դիմելով երթի մասնակիցներին՝ նշեց, որ այսօր ևս աշխարհն ականատեսն է թուրքական ձեռագրով վայրագությունների, խաղաղ բնակչության վրա իրականացված ոճրագործությունների՝ մատնանշելով ագրեսոր Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին իրականացված հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Թալիշում, Մարտակերտում, Մարտունիում, Մատաղիսում:
«Վայրագություններ իրականացվեցին 12 տարեկան երեխաների, ծերերի նկատմամբ, ուստի մեր պայքարը շարունակվում է: Այսօր ևս երիտասադներս հավաքվել ենք այստեղ՝ միասնական պայքարելու և պահանջելու: Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը պատասխանատվության չեն ենթարկվել, մեր ջահերը վառվելու են և մեր պայքարը շարունակվելու է»,-ասաց Իգիթյանը:
Այնուհետև հավաքվածներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները և շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ: Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթը ամեն տարվա նման կավարտվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով: