Բաժիններ՝

Մեսենջերների համեմատական վերլուծություն

Ակնթարթային հաղորդագրություն ուղարկելու հավելվածները, կամ պարզապես մեսենջերներն աստիճանաբար ավելի մեծ տարածում են ստանում: Դրանք SMS-ի և email-ի մատչելի և հարմարավետ այլընտրանքներ են:

ittrend.am-ը վերլուծել է Հայաստանում լայն տարածում ունեցող հետևյալ հավելվածները՝ WhatsApp, Telegram, Zangi, Link Messenger, Viber, Skype, FB Messenger, Google Hangouts՝ փորձելով գտնել դրանցից ամենալավը: Բոլոր հավելվածների համար ուսումնասիրել ենք հետևյալ պարամետրերը՝ հասանելի հարթակները, անվտանգությունը, գովազդի առկայությունը, գրանցման, խմբային չատերի, աուդիո և վիդեոզանգերի հնարավորությունը, հավելվածի ծավալն ու այլ առանձնահատկություններ:

Անվտանգության գնահատման համար օգտվել ենք Electronic Frontier Foundation-ի կողմից մշակված Secure Messagin Scoreboard-ից՝ https://www.eff.org/secure-messaging-scorecard:

Համեմատական վերլուծությունն ամփոփ կներկայացնենք ինֆոգրաֆիկայով, իսկ մանրամասներին ծանոթացեք տեքստում:

messenger-724x1024

whatsapp

Ծագումով ուկրաինացի Յան Կումի կողմից 2009թ. ստեղծված այս մեսենջերն ամենատարածվածներից մեկն է աշխարհում և Հայաստանում: 2014թ. Ֆեյսբուքը ձեռք բերեց սթարթափը 19 մլրդ դոլարով:

Հասանելի հարթակներ

WhatsApp-ը հասանելի է գրեթե բոլոր տարածված բջջային հարթակներում՝ Android, iPhone, Windows Phone: Սակայն այն չեք կարող օգտագործել պլանշետներով կամ միայն Wi-Fi ունեցող սարքերով: Հավելվածն ունի web տարբերակ, որը, սակայն, աշխատում է միայն այն ժամանակ, երբ սմարթֆոնը նույնպես միացված է ինտերնետին: Անհատական համակարգիչներով և այլ սարքերով WhatsApp-ը հասանելի չէ:

Խմբային չատեր

WhatsApp-ով կարելի է ստեղծել մինչև 256 մասնակից ունեցող խմբային չատեր:

Գրանցում

Հավելվածում գրանցումն իրականացվում է բջջային հեռախոսահամարի միջոցով:

Անվտանգություն

WhatsApp-ի առաջին տարբերակները ենթարկվում էին քննադատության՝ թույլ պաշտպանվածության պատճառով: Թեև վերջին տարբերակներում արդեն օգտատերերի միջև ուղարկվող հաղորդագրությունները ծածկագրվում են, դրանց բանալիները պահվում են սերվերի վրա, այլ ոչ թե սմարթֆոնում, ինչը բարձրացնում է հնարավոր խոցելիությունը:

Աուդիո և վիդեոզանգեր

Անցած տարեսկզբից WhatsApp-ով հնարավոր է իրականացնել աուդիոզանգեր: Ըստ տարածված տեղեկությունների՝ WhatsApp-ը պլանավորում է ավելացնել նաև վիդեոզանգերի հնարավորություն:

Գովազդ

Առաջին իսկ օրվանից հավելվածի հիմնադիրները խոստացել են չտեղադրել որևէ տեսակի գովազդ, ինչը նախնական շրջանում փոխհատուցվում էր վճարովի բաժանորդագրությամբ՝ օգտագործման երկրորդ տարվանից: Տարեսկզբին WhatsApp-ը դարձավ ամբողջովին անվճար, սակայն մշակողները խոստանում են հետագայում ևս գովազդ չավելացնել:

Ծավալ

WhatsApp-ի ամենաթարմ տարբերակը Android-ում «կշռում» է 25 ՄԲ:

Այլ առանձնահատկություններ

Լայն տարածման շնորհիվ բազմաթիվ կայքերում հասանելի են WhatsApp-ով կիսվելու կոճակներ, բացի դրանից՝ որոշ բջջային օպերատորներ առաջարկում են հատուկ պայմաններ (օրինակ՝ անվճար տրաֆիկ) WhatsApp-ն օգտագործողների համար:

Հանրային չատեր: WhatsApp-ը թույլ է տալիս ստեղծել և բաժանորդագրվել հանրային չատերին (broadcast), որտեղ կարելի է տեղադրել, օրինակ, նորություններ, հայտարարություններ, լուսանկարներ:

Telegram

Telegram_MessengerTelegram-ն ստեղծվել է 2013թ. VK.com կայքի հիմնադիր Պավել Դուրովի կողմից: Այն թույլ է տալիս փոխանակվել հաղորդագրություններով և մինչև 1.5 ԳԲ ծավալով ֆայլերով: Telegram-ը լայն տարածում է ստացել հատկապես անվտանգության բարձր մակարդակի շնորհիվ:

Հասանելի հարթակներ

Telegram-ը հասանելի է գրեթե բոլոր ժամանակակից բջջային հարթակներում՝ Android, iOS, Windows Phone և այլն: Այն ունի լիարժեք web տարբերակ, առանձին ծրագրեր Windows, Linux/GNU, Mac OS և այլ ՕՀ-երի համար:

Բացի դրանից՝ հասանելի են նաև այլ մշակողների կողմից ստեղծված Telegram-ի այլ կլիենտներ, օրինակ՝ Իգոր Ժուկովի կողմից ստեղծված Webogram-ը:

Խմբային չատեր

Telegram-ի խմբային չատերում կարող է միաժամանակ շփվել մինչև 200 օգտատեր, ինչպես նաև հասանելի են մինչև 1000 օգտատեր ունեցող գերխմբեր:

Գրանցում

Հավելվածում գրանցումն իրականացվում է բջջային հեռախոսահամարի միջոցով:

Անվտանգություն

Telegram-ը մեծ կարևորություն է տալիս անվտանգությանը: Բոլոր նամակները ծածկագրվում են բարդ ալգորիթմի միջոցով, բացի դրանից՝ հնարավոր է ստեղծել գաղտնի զրույցներ (Secret chats), որոնք ապահովում են անվտանգության առավել բարձր մակարդակ, հնարավոր է ուղարկել ինքնաոչնչացվող հաղորդագրություններ: Telegram-ը նույնիսկ օգտագործվում է տարբեր ահաբեկչական խմբավորումների և արգելված կազմակերպությունների կողմից: Հավելվածի մշակողները կտրականապես հրաժարվում են կառավարություններին և հատուկ ծառայություններին տրամադրել տեղեկատվություն օգտագործողների մասին:

Աուդիո և վիդեոզանգեր

Ներկայումս Telegram-ում տեսազանգերի և աուդիոզանգերի հնարավորություն չկա:

Գովազդ

Telegram-ն ամբողջովին անվճար է և առանց ցանկացած տեսակի գովազդի: Դուրովը խոստանում է երբեք Telegram-ում գովազդ չավելացնել:

Ծավալ

WhatsApp-ի ամենաթարմ Android-տարբերակի ծավալը կազմում է 19 ՄԲ:

Այլ առանձնահատկություններ

Բոտեր. 2015թ.-ից հնարավոր է ստեղծել Telegram-ի բոտեր: Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ բոտեր, որոնք թույլ են տալիս մեսենջերի միջոցով իրականացնել հաշվարկներ, փնտրել մեդիաֆայլեր, օգտվել զանազան ծառայություններից:

Հանրային չատեր. Telegram-ում նույնպես հնարավոր է ստեղծել հանրային չատեր, ըստ երկրների սահմանափակումներ չկան: Կարելի է առանձնացնել Սամվել Մարտիրոսյանի խումբը տեղեկատվական անվտանգության մասին՝ telegram.me/infosecur:

Սթիքերերներ. Telegram-ում հասանելի են տարատեսակ սթիքերներ, որոնք, ի տարբերություն մյուս մեսենջերների, անվճար են:

Skype

Skype-logo-EPS-AI.PNG-1Skype-ը տեսազանգերի համար ամենատարածված հավելվածն է, որոշ մարդիկ նույնիսկ օգտագործում են «սկայպ» բառը՝ որպես վեբ-տեսախցիկի հոմանիշ: Այն նաև հարմար հավելված է հաղորդագրությունների փոխանակման համար: Սկայպը ստեղծվել է 2003թ. շվեդ, դանիացի և էստոնացի ծրագրավորողների կողմից: Մշակող թիմի անդամների մեծ մասն Էստոնիայից է: 2011թ. Microsoft ընկերությունը ձեռք բերեց Skype-ը 8.5 միլիարդ դոլարով:

Հասանելի հարթակներ

Skype-ի թիմը մշակել է ծրագրեր գրեթե բոլոր ժամանակակից օպերացիոն համակարգերի համար: Հասանելի են Skype-ի տարբերակներ Android, iOS, Windows Phone, Windows, Linux/GNU, Mac OS և այլն, ինչպես նաև լիարժեք web տարբերակ:

Խմբային չատեր

Skype-ում հնարավոր է իրականացնել մինչև 10 մասնակից ունեցող խմբային տեսազանգեր, մինչև 25 մասնակցով խմբային աուդիոզանգեր և շփվել մինչև 300 մասնակից ունեցող խմբային չատերում:

Գրանցում

Հավելվածում գրանցումն իրականացվում է էլ. փոստի հասցեի միջոցով, իսկ մուտքը՝ մուտքանունի և գաղտնաբառի միջոցով:

Անվտանգություն

Skype-ն օգտատերերի անվտանգության համար նույնպես կիրառում է հաղորդագրությունների ծածկագրում, սակայն անվտանգության համակարգը չի համապատասխանում EFF-ի սանդղակի մյուս պայմաններին:

Աուդիո և վիդեոզանգեր

Skype-ով կարելի է իրականացնել անվճար աուդիո և տեսազանգեր: Բացի դրանից՝ այն թույլ է տալիս վճարովի զանգեր կատարել սովորական բջջային և քաղաքային հեռախոսահամարներին:

Գովազդ

Microsoft-ի կողմից Skype-ում ավելացվել են նաև գովազդային հայտարարություններ, որոնք հնարավոր է անջատել՝ վճարովի ծառայություններ ձեռք բերելով կամ հաշիվը լիցքավորելով:

Ծավալ

Android համակարգում Skype-ի ամենաթարմ տարբերակի ծավալը կազմում է 36 ՄԲ:

Այլ առանձնահատկություններ

FB ինտեգրացիա. Skype-ի առանձնահատկություններից կարելի է նշել Facebook սոց. ցանցի հետ ինտեգրացիան, որը թույլ է տալիս ստանալ և ուղարկել ֆեյսբուքյան հաղորդագրություններ հենց Skype-ի միջից:

Էկրանի ցուցադրում. անհատական համակարգիչների համար Skype-ով հնարավոր է զրուցակցին ցուցադրել համակարգչի էկրանը, ինչը կարող է օգտակար լինել, օրինակ, առցանց տեխ. սպասարկման ժամանակ:

Giphy ինտեգրացիա. հենց Skype-ի միջից հնարավոր է ուղարկել գիֆ-նկարներ:

Viber

icon_256Viber-ը մեկ այլ հայտնի հավելված է, որը հիմնականում օգտագործվում է աուդիո և վիդեոզանգերի համար: Այն ստեղծվել է 2010թ. չորս իսրայելցի գործարարների կողմից՝ որպես Skype-ի մրցակից: Viber-ով կարելի է իրականացնել անվճար աուդիո և վիդեոզանգեր, փոխանակվել հաղորդագրություններով և ֆայլերով:

Հասանելի հարթակներ

Viber-ը նույնպես առանձնանում է հասանելի օպերացիոն համակարգերի մեծ թվով: Մշակվել են մեսենջերի տարբերակներ Android, iOS, Windows Phone, Windows, Linux/GNU, Mac OS և այլ ՕՀ-երի համար: Սակայն Viber-ը չունի web տարբերակ:

Խմբային չատեր

Viber-ը թույլ է տալիս ստեղծել մինչև 200 մասնակից ունեցող խմբային չատեր:

Գրանցում

Հավելվածի գրանցումը և մուտքը իրականացվում է բջջային հեռախոսահամարի միջոցով:

Անվտանգություն

Viber-ը օգտատերերի անվտանգության համար նույնպես կիրառում է հաղորդագրությունների ծածկագրում, սակայն անվտանգության համակարգը չի համապատասխանում EFF-ի սանդղակի մյուս պայմաններին:

Աուդիո և վիդեոզանգեր

Viber-ով կարելի է իրականացնել անվճար աուդիո և տեսազանգեր: Բացի դրանից՝ այն թույլ է տալիս վճարովի զանգեր կատարել սովորական բջջային և քաղաքային հեռախոսահամարներին:

Ծավալ

Android համակարգում հավելվածի վերջին տարբերակի ծավալը կազմում է 34 ՄԲ:

Այլ առանձնահատկություններ

Հանրային չատեր: Viber-ը թույլ է տալիս ստեղծել և բաժանորդագրվել հանրային չատերին (public chat), որտեղ կարելի է տեղադրել, օրինակ, նորություններ, հայտարարություններ, լուսանկարներ: Սակայն Հայաստանից հանրային չատեր ստեղծել դեռևս հնարավոր չէ:

Zangi

icon175x175Zangi-ն կարելի է անվանել հայկական պատասխանը Skype-ին և Viber-ին: Zangi ընկերությունը ստեղծվել է դեռ 2009թ., սակայն վերջնական հավելվածը հասանելի դարձավ միայն 2015թ.՝ երկարատև մշակումներից և շտկումներից հետո: Հավելվածն օգտագործում է հատուկ մշակված տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ապահովել զանգերի բարձր որակ նույնիսկ վատ ինտերնետի դեպքում: Թեև հիմնական շեշտը դրվում է տեսազանգերի վրա, այն կարելի է օգտագործել նաև որպես մեսենջեր:

Հասանելի հարթակներ

Zangi-ն դեռևս հասանելի է միայն Android և iOS օպերացիոն համակարգերով: Windows Phone, Windows, Linux/GNU, Mac OS և այլ ՕՀ-երի համար ծրագիրը հասանելի չէ: Web տարբերակ Zangi-ն նույնպես չունի:

Խմբային չատեր

Zangi-ով հնարավոր է ստեղծել մինչև 100 մասնակից ունեցող խմբային չատեր:

Գրանցում

Հավելվածի գրանցումը և մուտքը իրականացվում է բջջային հեռախոսահամարի և գաղտնաբառի միջոցով:

Անվտանգություն

Zangi-ի մշակողների պնդմամբ այն օգտագործում է հատուկ մշակված ծածկագրման և մի քանի շերտանոց անվտանգության համակարգ: Սակայն EFF-ի անվտանգության վարկանիշում Zangi-ի մասին տվյալները բացակայում են:

Աուդիո և վիդեոզանգեր

Zangi-ով կարելի է իրականացնել անվճար աուդիո և տեսազանգեր: Բացի դրանից՝ այն թույլ է տալիս վճարովի զանգեր կատարել սովորական բջջային և քաղաքային հեռախոսահամարներին:

Գովազդ

Zangi-ում չկա որևէ տեսակի գովազդ:

Ծավալ

Android համակարգում Zangi-ի ամենաթարմ տարբերակը «կշռում» է 34 ՄԲ:

Այլ առանձնահատկություններ

Հայերեն սթիքերներ. Zangi-ն ունի յուրահատուկ սթիքերներ, որոնց մեծ մասն անվճար է: Դրանց մեծ հատկապես առանձնանում են հայերեն զվարճալի և հետաքրքիր սթիքերները:

Made in Armenia. Zangi-ն Հայաստանում պատրաստված ծրագրերից է, որոնք դուրս են եկել միջազգային շուկա:

Link Messenger

unnamedՌուսաստանյան ծրագրավորողների կողմից մշակված այս մեսենջերը տվյալ պահին զբաղեցնում է առաջին հորիզոնականը հայկական Google Play-ի անվճար հավելվածների մեջ: Հավելվածը վերջերս է ստեղծվել, և մշակողների պնդմամբ՝ համատեղում է շուկայում առկա մեսենջերների և սոց. ցանցերի լավագույն հատկությունները՝ ապահովռելով բարձր անվտանգություն և արագագործություն: Հավելվածի առանձնահատկություններից է ներքին սոցցանցի առկայությունը:

Հասանելի հարթակներ

Link Messenger-ը նույնպես դեռևս հասանելի է միայն Android և iOS օպերացիոն համակարգերի համար: Windows Phone, Windows, Linux/GNU, Mac OS և այլ ՕՀ-երի համար ծրագիրը հասանելի չէ: Web տարբերակ Link Messenger-ը չունի:

Խմբային չատեր

Link Messenger-ով հնարավոր է ստեղծել մինչև 100 մասնակից ունեցող խմբային չատեր:

Գրանցում

Հավելվածի գրանցումը և մուտքը իրականացվում է բջջային հեռախոսահամարի և գաղտնաբառի միջոցով:

Անվտանգություն

Ըստ Link Messenger-ի մշակողների՝ հավելվածն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ՝ կիրառելով շուկայում առկա հավելվածների լավագույն փորձը: Այստեղ նույնպես հնարավոր է շփվել գաղտնի չատերում (Stealth Mode), ուղարկել ինքնաոչնչացվող նամակներ և այլն: Սակայն այս հավելվածի անվտանգությունը նույնպես EFF-ի կողմից դեռ չի գնահատվել:

Աուդիո և վիդեոզանգեր

Այս պահին Link Messenger-ում տեսազանգերի և աուդիոզանգերի հնարավորություն չկա:

Գովազդ

Link Messenger-ում նույնպես որևէ տեսակի գովազդ չկա:

Ծավալ

Link Messenger-ի ամենաթարմ Android տարբերակի ծավալը կազմում է ընդամենը 9 ՄԲ:

Այլ առանձնահատկություններ

Ներքին սոցցանց. հավելվածը ներկայացվում է ոչ միայն որպես մեսենջեր, այլ որպես յուրահատուկ սոցցանց: Այն թույլ է տալիս կիսվել ընկերների հետ «ակնթարթներով» (moments)՝ լուսանկարներով, վիդեոներով, հղումներով և հաղորդագրություններով:

Սթիքերներ. Link-ում նույնպես կան մեծ թվով անվճար և վճարովի սթիքերներ:

Facebook Messenger

unnamed (1)Facebook սոցցանցի պաշտոնական մեսենջերը հատկապես մեծ տարածում ստացավ, երբ սոց. ցանցը «ստիպեց» բոլոր բջջային օգտատերերին բեռնել Messenger-ը՝ հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունը հանելով սովորական Facebook հավելվածից: Թեև ներկայումս այն օգտագործվում է միայն ֆեյսբուքյան օգտատերերին գրելու համար, սոցցանցը պլանավորում է Messenger-ը զարգացնել որպես առանձին ծառայություն՝ հետագայում նոր հնարավորություններ ավելացնելով:

Հասանելի հարթակներ

Messenger-ը հասանելի է գրեթե բոլոր ժամանակակից բջջային հարթակներով՝ Android, iOS, Windows Phone և այլն: Այն ունի լիարժեք web տարբերակ, առանձին ծրագրեր Windows, Linux/GNU, Mac OS և այլ ՕՀ-երի համար: Բացի դրանից՝ հասանելի են նաև այլ մշակողների կողմից ստեղծված Messenger-ի ոչ պաշտոնական հավելվածներ:

Խմբային չատեր

Messenger-ով ֆեյսբուքյան խմբային չատերում կարող է միաժամանակ շփվել մինչև 50 օգտատեր:

Գրանցում

Հավելվածում մուտքն իրականացվում է Facebook-յան հաշվի միջոցով:

Անվտանգություն

Messenger-ը օգտատերերի անվտանգության համար նույնպես կիրառում է հաղորդագրությունների ծածկագրում, սակայն անվտանգության համակարգը չի համապատասխանում EFF-ի սանդղակի մյուս պայմաններին:

Աուդիո և վիդեոզանգեր

Messenger-ով հնարավոր է իրականացնել աուդիո և վիդեոզանգեր:

Գովազդ

Հենց Messenger-ում գովազդ դեռևս չկա, բայց մուտքի համար անհրաժեշտ է ֆեյսբուքյան հաշիվ, իսկ Ֆեյսբուքում և դրա հավելվածներում ցուցադրվում են վճարովի գովազդային հայտարարություններ:

Ծավալ

WhatsApp-ի ամենաթարմ Android տարբերակի ծավալը կազմում է 22 ՄԲ:

Այլ առանձնահատկություններ

Սթիքերերներ. Messenger-ում հասանելի են բազմաթիվ անվճար և վճարովի յուրահատուկ սթիքերներ:

Google Hangouts

viber2 unnamed (2)Google ընկերության մեսենջերը թողարկվել է 2013թ. մայիսին: Այն հանդիսացավ Google-ի` մինչ այդ օգտագործվող մի շարք ծառայությունների՝ Google Talks, Google+ chats և այլն փոխարինողը: Hangouts-ը թույլ է տալիս փոխանակվել հաղորդագրություններով, կազմակերպել վիդեոկոնֆերանսներ:

Հասանելի հարթակներ

Թեև Google-ի նախորդ մեսենջերներն ունեին տարբեր ՕՀ-երի ծրագրեր, Hangouts-ը հասանելի է միայն Android և iOS օպերացիոն համակարգերում, ինչպես նաև կա հավելվածի Web-տարբերակը: Windows Phone, Windows, Linux/GNU, Mac OS և այլ ՕՀ-երի համար ծրագիրը հասանելի չէ:

Խմբային չատեր

Hangouts-ը թուլյ է տալիս ստեղծել խմբային չատեր, որոնց կարող է մասնակցել մինչև 100 օգտատեր:

Գրանցում

Հավելվածում մուտքն իրականացվում է Google-ի հաշվի միջոցով:

Անվտանգություն

Hangouts-ը անվտանգության համար կիրառում է հաղորդագրությունների ծածկագրում (encryption), սակայն անվտանգության համակարգը չի համապատասխանում EFF-ի սանդղակի մյուս պայմաններին: Մասնավորապես՝ ծածկագրման բանալիները պահվում են սերվերի վրա, այլ ոչ թե վերջնական օգտատերերի մոտ:

Աուդիո և վիդեոզանգեր

Hangouts-ը թույլ է տալիս իրականացնել աուդիո և վիդեոզանգեր:

Գովազդ

Google-ի մեսենջերի առանձնահատկություններից է գովազդների բացակայությունը:

Ծավալ

Hangouts-ի ամենաթարմ Android տարբերակի ծավալը կազմում է 25 ՄԲ:

Այլ առանձնահատկություններ

Սթիքերերներ. Hangouts-ում նույնպես հասանելի են տարատեսակ սթիքերներ:

Եզրակացություն

Նշված հավելվածների մեջ առանձնանում է Telegram–ը: Այն հասանելի է գրեթե բոլոր ժամանակակից օպերացիոն համակարգերով, ապահովում է անվտանգության բարձր մակարդակ, ունի յուրահատուկ առանձնահատկություններ, օրինակ՝ բոտերի ստեղծման հնարավորությունը: Բարձր անվտանգության և օգտատերերի անձնական տվյալները գաղտնի պահելու շնորհիվ այն համարվում է ամենավստահելի մեսենջերներից մեկը, սակայն ենթարկվում է ճնշումների տարբեր կառավարությունների կողմից: Telegram-ը զիջում է միայն աուդիո և վիդեոզանգերի հնարավորության բացակայությամբ:

Խոստումնալից է Link Messenger-ը, որը առանձնանում է փոքր ծավալով, իսկ մշակողների պնդմամբ՝ ապահովում է անվտանգության բարձր մակարդակ: Սակայն մեսենջերը դեռևս հասանելի է միայն Android և iOS ՕՀ-երի օգտատերերին, իսկ անվտանգության համակարգը դեռևս գնահատման չի ենթարկվել:

Հայկական Zangi-ն դեռևս հասանելի է միայն Android-ում և iOS-ում, բայց կարողանում է ապահովել վիդեոկապի առավել բարձր որակ: Այն արդեն ունի մեծ թվով ակտիվ օգտատերեր, իսկ հետագա զարգացման և նոր օպերացիոն համակարգերի «նվաճման» միջոցով հավելվածը կարող է դառնալ արժանի մրցակից Skype-ի և Viber-ի համար:

WhatsApp-ն առանձնանում է տարածվածությամբ, լայն ինտեգրմամբ և աուդիոզանգերի հնարավորությամբ: Բացի դրանից՝ այն հասանելի չէ ոչ բջջային սարքերով, համակարգիչներով, պլանշետներով, իսկ հավելվածի web-տարբերակը աշխատում է միայն համացանցին միացված սմարթֆոնի դեպքում: Այն ունի որոշակի խնդիրներ՝ հավելվածի անվտանգության և օգտատերերի անձնական տվյալների պաշտպանվածության հետ կապված:

Իսկ ո՞ր մեսենջերն եք նախընտրում օգտագործել Դուք և ինչու՞: Կիսվեք Ձեր կարծիքով մեկնաբանություններում:

Վերլուծեց Միքայել Ղուկասյանը (ittrend.am)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս