Թուրքիայի դատարանը հաստատել է Sputnik գործակալությունն արգելափակելու իշխանությունների որոշումը
Անկարայի Գելբաշի շրջանի դատարանը հաստատել է Թուրքիայի հեռահաղորդակցության և կապերի վարչության որոշումը՝ արգելափակել երկրի տարածքում գործող մի շարք կայքերին մատչումը, որոնց թվում է նաև ռուսական Sputnik գործակալությունը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ բացի Sputnik-ից, փակվել է նաև լրատվական Dicle գործակալության կայքը, ինչպես նաև Twitter-ի մի շարք բլոգներ:
Համապատասխան պահանջներով գերատեսչություն էր դիմել Թուրքիայի կառավարությանը կից անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը:
Վարչության ներկայացուցիչները պնդում են, որ Twitter-ի ու վերոնշյալ կայքերի ադմինիստրատորները չեն հեռացնում գրությունները, որոնցում իբր պարունակվում է ահաբեկչության քարոզչություն, իսկ գրառումները խթանում են հանցավորությունն ու բռնությունը, ինչը, ըստ գերատեսչության, սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության և հասարակական կարգի համար:
Հիշեցնենք, որ Sputnik գործակալության կայքը Թուրքիայում նախօրեին է արգելափակվել: Այս մասին հայտնել էր Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը: