Երկխոսությունը Ռուսաստանի հետ հարկավոր է շարունակել. Վրաստանի վարչապետ
Օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը մնում է նախկինը, սակայն երկխոսությունը Ռուսաստանի հետ հարկավոր է շարունակել: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վրացական հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մենք չպետք է թույլ տանք ինչ-որ փոխզիջումներ մեր երկրի ինքնիշխան իրավունքի նկատմամբ, սակայն չխոսել Ռուսաստանի հետ խնդիրները լուծելու նպատակով, խելամիտ չէ: Մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ:
Մենք ունենք Ժնևի միջազգային ձևաչափը միջազգային ինստիտուտների և գործընկեր-երկրների մասնակցությամբ: Այդ ձևաչափը փոխելու համար պայմաններ երկխոսության տեսակետից մենք այսօր չունենք: Եթե կլինեն համապատասխան պայմաններ, տեսականորեն դա հնարավոր է, այսօր՝ ոչ: Մենք ուժեղացնում ենք այդ ձևաչափը: Վերջին մի քանի ռաունդներին մենք ունեցել ենք որոշակի դրական միտում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: