Առաջին նստարանին նստող ամենաժպտերես Հենրիկը. Դասընկեները հիշում են հերոսաբար զոհված ընկերոջը

Ապրիլի 1-2-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում սկսված՝ «քառօրյա պատերազմ» բնորոշումը ստացած ռազմական գործողությունների ժամանակ, ցավոք, հայկական կողմն ունեցավ հայրենիքի պաշտպանության համար նահատակված տղաներ: Նրանցից շատերը դեռ չէին հասցրել ապրել 2 տասնամյակ, բայց կարողացան հավաքել իրենց բոլոր ուժերն ու հնարավորությունները և մինչև վերջին շունչը պայքարել թշնամու դեմ:

Հերոսաբար զոհված զինծառայողների շարքում էր նաև 19-ամյա կրտսեր սերժանտ Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը: Հենրիկը ծառայության էր անցել 2014 թվականին: Կրտսեր սերժանտ Ղահրամանյանը զոհվել է իր ընկերների դիերը տեղափոխելիս: Հենրիկի հուղարկավորության ժամանակ գրեթե բոլորն ասում էին՝ անկասկած Հենրիկը պատրաստ էր անգամ սեփական կյանքի գնով օգնել ծառայակից ընկերներին:

henrik xanharamanyan

Հենրիկն օրինակելի զինվոր էր: Հարազատները պատմում են, որ հրամանատարները նրան պատրաստի զինվոր էին համարում: Լավ ծառայության համար ուներ պատվոգրեր, շնորհակալագրեր ու մեդալներ:

Վերջին անգամ հարազատների հետ խոսել է ապրիլի 2-ին: Հարցին, թե ինչպե՞ս է վիճակը սահմանում՝ պատասխանել էր, թե ամեն ինչ նորմալ է, թշնամին ինչքան էլ ուզի՝ ոչինչ չի կարող անել:

Henrik 5 Henrik 4 Henrik Henrik 3 Henrik11

Հենրիկի հուղարկավորության ժամանակ նրա զարմիկը պատմեց, որ նա միշտ ցանկացել է հենց Ղարաբաղում ծառայել, ասում էր՝ պետք է գնամ ու սահմանին ծառայեմ:

Հենրիկի կորստի հետ չեն կարողանում համակերպվել թե հարազատները, թե ընկերները: Հենրիկի դասընկերներն այժմ նույնպես ծառայում են: Ծառայության ողջ ընթացքում իրենց տղաների կողքին են դասընկերուհիները: Նրանք Հենրիկին բնորոշում են՝ որպես համեստ, բարի ու չափազանց ազնիվ ընկեր:

Հենրիկի դասընկերուհիներից Պայծառ Իսաղուլյանի հիշողություններում Հենրիկը կմնա որպես առաջին նստարանին նստող ամենաժպտերես դասընկերը:

Հենրիկի դասընկերուհի Մադլեն Նաջարյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Հենրիկի մասին, ասում է՝ նա միշտ ժպտում էր:

«Իմ դիմաց էր նստում, ու մեր կողքի նստողների հետ միշտ զրուցում էինք: Դասերին միշտ պատրաստ էր, բայց ոչ ոք չէր իմանում դրա մասին»,- պատմում է Մադլենը:

Հենրիկի դասղեկի խոսքով՝ վերջին տարին Հենրիկը սկսեց փայլուն սովորել: Մինչև հիմա դասընկերները հիշում են, թե ինչպես էր նա Մեծարենց ասմունքում:

Հենրիկին ուսուցիչները բնորոշում են՝ որպես պատրաստակամ ու աշխատասեր աշակերտ: Երբեք չէր պարծենում, չէր մեծախոսում, Մասիսի 2-րդ դպրոցում սովորելու տարիներին ուսուցիչները չեն հիշում, որ մեկ անգամ լսած լինեն նրա բարձր ձայնը:

Հերոսաբար զոհված Հենրիկ Ղահրամանյանին հուղարկավորեցին Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ զինվորական կարգով:

Ցավում ենք և հպարտանում…

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս