Ադրբեջանցի հետախույզներն ու Մատաղիսը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ համարում գրել էինք, որ անցած տարի Ադրբեջանի հետախուզական ծառայության ուշադրության կենտրոնում եղել են ԼՂՀ ՊԲ եւ ՀՀ ՊՆ զորամասերը: Տեղեկացրել էինք, որ 2015 թվականին ԱԱԾ-ն պետական դավաճանության գործ էր ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալող Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից:

Բանն այն է, որ Սեյրան անունով մի անձնավորություն, որը աշխատել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունում, ծանոթացել է Ռաֆիկ Պապոյանի հետ եւ նրան համագործակցության առաջարկ արել, ապա հստակ առաջադրանքներ տվել:

Պարզեցինք, որ Ռաֆիկ Պապոյանին ցուցում է տրվել, որ Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրի այնպիսի անձանց, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն իրականացնել եւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել: Եվ, ահա, Ռաֆիկ Պապոյանը, որպեսզի կարողանա գործը գլուխ բերել, այս պատմության մեջ է ներքաշել իր որդուն` 26-ամյա Սերգեյ Պապոյանին: Տեղեկացանք, որ Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից ներկայացած Սեյրանի հետ  եւ նրան տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում իր ձեռք բերած տեղեկությունները:

Ավելին՝ Սերգեյը 750 ԱՄՆ դոլլարի դիմաց եւս մեկ առաջադրանք է ստացել Ադրբեջանի հետախուզական ծառայության կողմից: Սերգեյին ցուցում է տրվել, որ վերջինս ընդունվի պայմանագրային զինծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնի այդ զորամասի մասին համացանցի, սկայպի կամ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով: Բայց սա դեռ վերջը չէ. գործին է խառնվել նաեւ Կապան քաղաքի բնակչուհի Կարինե Ղումաշյանը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հայտնվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում: Արդյունքում, 2013թ. հավաքագրվել է այդ ծառայությունների աշխատակից Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Կարինեն համագործակցության համար Ադրբեջանի ծառայության կողմից ստացել է մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումար:

Եվ, ահա, գալով Հայաստան` Կարինեն ՀՀ տարածքից զանգահարել է Ադրբեջանի ծառայության աշխատակից Արմանին ու, ըստ երեւույթին, տեղեկություններ տրամադրել: Չի բացառվում, որ վերոնշյալ անձանց տրված տեղեկությունների արդյունքում  էլ  հակառակորդը կարողացավ վստահորեն հարձակում  իրականացնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս