Բժշկական անձնակազմը պատրաստ է ամեն րոպե մեկնելու առաջնագիծ. Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարարին առանձնահատուկ հպարտություն է ներշնչում հասարակ քաղաքացիների, բժիշկների և դեղարտադրողների համախմբվածությունն ու բարոյահոգեբանական վերելքը, որ նկատվում է վերջին երկու օրերին: Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունն աշ խատում է շուրջօրյա ռեժիմով՝ անընդհատ կապի մեջ լինելով Լեռային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համապատասխան վարչությունների հետ:
«Իրականում մեծ համախմբվածությում եմ տեսնում, բարոյահոգեբանական վերելք, որը հպարտության խորը զգացում է առաջացնում: Մարդիկ ցանկություն են հայտնում որևէ կերպ մասնակցություն ունենալ, արյուն հանձնել, բայց պետք է ասեմ, որ մեր պաշարներն այս պահին բավարար են: Մյուս կողմից՝ բժշկական անձնակազմը, որը պատրաստ է ամեն րոպե մեկնելու առաջնագիծ և հայ զինվորի կողքին լինելու: Նրանց պետք է խնդրեմ, որ մեկնեն միայն առողջապահության նախարարության կողմից համակարգված ուղեգրման դեպքում: Ոգևորիչ են նաև դեղարտադրող-գործարարների կողմից արված նվիրատվությունները, որոնք ոչ միայն լրացուցիչ դեղորայք են տրամադրում, նաև հոգում են դրանց տեղափոխումը»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարի խոսքով՝ դեղորայքը մատակարարվում է ըստ անհրաժեշտ ցուցակների, որոնք կազմվում և տրամադրվում են այն բուժհիմնարկներին, որոնք տուժածներին ու վիրավորվածներին բուժօգնություն են տրամադրում:
Նախարարը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։