ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը խոստովանել է, որ Բաքուն է ռազմական գործողություններ սկսել ԼՂ-ի դեմ
Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլ-օղլին ռուսական Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պաշտոնապես խոստովանել է, որ Բաքուն է նախահարձակ եղել և ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ «չկարգավորված տարածքային հակամարտության» պատճառով, հայտնում է novostink.ru-ն:
«Նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում ընդգծում էր, որ Ադրբեջանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը, սակայն եթե այդ հակամարտությունը չի լուծվելու, ուժ ենք կիրառելու, որպեսզի ազատագրենք մեր տարածքներն օկուպացիայից:
Ադրբեջանի տարածքի 21%-ն օկուպացված է: Ո՞ր երկիրն ու ժողովուրդը կհաշտվի դրա հետ: Հակամարտությունը լուծելու համար հարկավոր է լուծել առաջնային պատճառը, այն է՝ ադրբեջանական տարածքների հայկական օկուպացիան»,- հայտարարել է ադրբեջանցի դեսպանը՝ հավելելով, թե «ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը և երկու համայնքներն էլ պետք է ընդհանուր լեզու գտնեն և սովորեն ապրել միասին»:
«Քանի դեռ օկուպացիոն կորպուսը կգտնվի Ադրբեջանի հողերի վրա, պատերազմը կշարունակվի: Ու ոչ ոք դա չի թաքցնում»,- հայտարարել է Փոլադ Բյուբյուլ-օղլին: