«Ադրբեջանական թերթերը մի բան են գրում, սոցցանցերի օգտատերերը՝ այլ». ադրբեջանագետի դիտարկումները

«Ադրբեջանը փաստացիորեն կորցրել է իր կշիռը՝ հաշվի առնելով այն փաստը, որ տնտեսական իրավիճակը բավական բարդանում է, ու բնական է, որ արևմտյան չինովնիկներին կաշառելը դառնում է ավելի դժվար, այլ կերպ ասած՝ լոբբիստական գործունեությունն Ադրբեջանում բավական լուրջ վտանգի տակ է: Հետևաբար՝ Ալիևը պետք է այսպիսի մի դեմարշի գնար՝ ցույց տար, որ խնդիրն այսքան լուրջ է, և իբր հայկական կողմն է նախահարձակ լինում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ հավելելով, որ ադրբեջանական բոլոր թերթերն անդրադարձել են վերջին իրադարձություններին ու գրել, թե իբր հայերն են առաջինը հարձակվել, ադրբեջանական զորքերը հետ են շպրտել, հայերը մեծ կորուստներ ունեն:

«Բայց ամենահետաքրքրականն այն է, որ այս ամենն իր ազդեցությունը չի ունենում. իմ դիտարկումներից կարող եմ հետևություններ անել, որ ադրբեջանական շատ օգտատերեր գրում են, որ իրականում այդպես չի եղել, ու հենց ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել, մասնավորապես, խոսքը վերաբերում է սահմանամերձ շրջանի բնակիչներին, որոնք մեկնաբանություն են թողնում համացանցում: Փաստորեն, ստացվում է, որ ԶԼՄ-ները կարողանում են պահել վերահսկողության տակ, բայց դու չես կարող բոլոր մարդկանց արգելել, որ մեկնաբանություններ թողնեն: Այսպիսով, որոշակի ինֆորմացիոն արտահոսք է տեղի ունենում, և մենք կարող ենք դատել, թե ինչպիսին է իրականում իրավիճակը: Նրանց մոտ մարդիկ արդեն որոշակիորեն սկսել են չհավատալ պետական քարոզչությանը»:

Ադրբեջանագետը նշեց, որ դժվար է ասել, թե այս պահին իրավիճակը կարող է այնքան դուրս գալ վերահսկողությունից, որ վերաճի ոչ թե՝ լայնամասշտաբ գործողությունների (որովհետև, ըստ նրա՝ լայնամասշտաբ գործողություններ այս գիշեր ընթացել են), այլ՝ տևական պատերազմի. «Ես չեմ կարծում, որ սա տևական բնույթ կկրի: Ամեն դեպքում, որքան էլ ԶԼՄ-ները փորձեն պահել վերահսկողության ներքո, այնուամենայնիվ, եթե դու խնդիրներ ունես առաջնագծում ու մեծ կորուստենր ես տալիս, դա այլևս հնարավոր չէ թաքցնել, հետևաբար, Ալիևը` տեսնելով, թե ինչպիսին է իրավիճակը, չեմ կարծում, որ շարունակի ավելի լարել այն: Բացի դրանից, Ադրբեջանում վերջերս շատ է ակտուալացել որոշակի խմբավորումների խնդիրը՝ թե՛ ազգային, թե՛ կրոնական, և մենք տեսնում ենք, որ այդ երկրում այլևս միասնություն չկա»:

Տեսանյութեր

Լրահոս