«Ինձ հետապնդող սևեռուն մտքերից մեկը եղել է հայերեն լեզվով լիակատար Շեքսպիր ունենալու գաղափարը». Զավեն Բոյաջյան
Օրերս LOFT ժամանցի և ինքնազարգացման կենտրոնում Բրիտանական ակումբը Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հանրային քննարկում էր կազմակերպել, որին ներկա էին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, որն ակումբի հայտարարած էսսեների մրցույթի հաղթողներին հանձնեց մրցանակներ։ Հանրային քննարկմանը, բացի ակումբի վեց բանախոսներից (Արտակ Վարդանյան, Թամար Հովհաննիսյան, Վարդան Ջալոյան, Անուշ Սեդրակյան, Արման Գրիգորյան, Զառա Հովհաննիսյան), հրավիրված էին նաև երեկոյի հատուկ հյուրերը՝ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և կինոգետ, գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, ով հանդիպման ավարտին բավական հանգամանալից ներկայացրեց հայկական շեքսպիրագիտության և շեքսպիրյան թարգմանությունների տեղական ավանդույթները: Հատուկ հյուրը խոսեց նաև առաջին անգամ հայերեն ամբողջական Շեքսպիրի հրատարակման իր նախաձեռնության մասին։
«Շեքսպիրի հրատարակությունների կամ ամբողջական շարքի հրատարակության ճակատագիրը հայ իրականության մեջ պարադոքսալ կերպով ավելի շատ հոռետեսության կամ ողբերգության տեղիք է տալիս: Արդեն հասել ենք Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին, և մինչև օրս հայերեն լիակատար Շեքսպիր գոյություն չունի: Այն մասը, որ պետք է հիմնավորեր, թե ինչո՞ւ է անհրաժեշտ Շեքսպիրի բոլոր երկերն ունենալ հայերեն թարգմանված, բաց եմ թողնում: Առանց դրա էլ կարելի է հիանալի կերպով հասկանալ դա, չէի ցանկանա հիշատակել Հովհաննես Թումանյանի այն հայտնի խոսքը, որ մեզ ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում, թե՝ «Շեքսպիրը մի չափ է, որով արժևորվում է տվյալ ժողովրդի զարգացման մակարդակը»:
Զավեն Բոյաջյանն այն կարծիքին է, որ Շեքսպիրի առաջին և մեծագույն թարգմանիչը եղել է Հովհաննես Մասեհյանը, որի թարգմանությունները վերագրվում են դեռևս 19-րդ դարի վերջին. «Թեև Մասեհյանն ավելի շատ զբաղված էր ոչ թե նոր գործեր թարգմանելով, այլ արդեն թարգմանածը վերաթարգմանելով, մինչդեռ նա մեծածավալ ծրագիր ուներ՝ հայերեն թարգմանելու ողջ շեքսպիրյան գրականությունը: Որքան էլ ցավալի է հնչում՝ պետք է ասեմ, որ մինչև օրս գոնե ինձ չի հաջողվել հասկանալ, թե Մասեհյանն իրականում քանի՞ շեքսպիրյան գործ է թարգմանել հայերեն լեզվով: Նրա մահից հետո այս ուղղությամբ տարվող աշխատանքները կանգ առան և նոր թափ առան միայն 20-րդ դարի 60-ականներին՝ Ռուբեն Զարյանի գլխավորությամբ բացված Շեքսպիրագիտության կենտրոնի ջանքերով: Այդ թվականներին այս ուղղությամբ մեծ աշխատանքներ կատարեց Խաչիկ Դաշտենցը, ով համարվում է ամենավաստակաշատ շեքսպիրյան հայ թարգմանիչը, թեև նույն այդ ժամանակահատվածում ասպարեզում էր նաև շեքսպիրյան վերջին հայ թարգմանիչը՝ Հենրիկ Սևանը, եթե նկատի չունենանք Արամ Թոփչյանին, որովհետև նա արդեն առանձին դեպք է:
1997 թվականին շեքսպիրյան թարգմանության գործը վերսկսեց Հենրիկ Սևանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով փորձեց հրատարակել հոր կողմից կիսատ թողած շեքսպիրյան լիակատար ժողովածուի չարչրկված թարգմանության, այսպես ասած, առաքելությունը, բայց այստեղ ևս աշխատանքները մեծ թափով չիրականացվեցին, որովհետև Տիգրան Խաչատրյանը, ցավոք, վաղաժամ հեռացավ կյանքից:
Գրական թարգմանիչն իր խոսքում ցավալիորեն նշեց, որ շեքսպիրյան շատ թարգմանություններ ժամանակի քննությանն ուղղակիորեն չեն դիմանում, որովհետև պարզապես դրանք հին թարգմանությունների մեխանիկական վերաթարգմանություններ են. «Ես չգիտեմ՝ հիմա ո՞նց շրջանցեմ այն իրողությունը, որ առնչվում է ինձ, բայց, այնուամենայնիվ, մի քանի խոսքով կնկարագրեմ այն աշխատանքները, որ ես եմ կատարում այս ուղղությամբ: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ինձ հետապնդող սևեռուն մտքերից մեկը եղել է՝ հայերեն լեզվով լիակատար Շեքսպիր ունենալու գաղափարը, և, վերջապես, մի քանի տարի առաջ «Անտարես» հրատարակչության կողմից ես աջակցություն ստացա ՝ սկսելու այս գործը, ու հասկացա, որ ժամանակն է եկել այն իրականացնելու համար: Այդ ժամանակ դեռ այդքան լավ չէի պատկերացնում, թե ի՞նչ ահռելի դժվար աշխատանք եմ հանձն առնում:
Պարզապես այն միտքը, որ վերջապես մենք կարող ենք լիակատար Շեքսպիր ունենալ, թեև դա տարիների երկար աշխատանք է պահանջում, բայց բոլոր շանսերն ունի և կարող է նյութականանալ: Հիմա, երբ արդեն լույս է տեսել այդ շարքի վեցերորդ գիրքը, հասկանում եմ, թե որքան դժվար էր այդ ամենն իրականացնել: Հույս ունեմ՝ ինձ բախտ չի վիճակվի կրկնել նախորդների ճակատագիրը, և ես կհասցնեմ հրատարակել այդ հատորները, որոնք ընդհանուր հաշվով կազմում են 38 հատոր դրամատիկական գործ և 39-րդ հատորը կամփոփի Շեքսպիրի չափածո պոետիկ ժառանգությունը՝ բանաստեղծություններ, սոնետներ և պոեմներ:
Այս շարքի յուրաքանչյուր գործ լույս է տեսնում առանձին գրքով, դրանք հատորների տեսք չունեն, այսինքն՝ շապիկի կազմի վրա ոչ մի տեղ նշված չէ հատորի թիվը: Մտածեցինք, որ այդպես ավելի նպատակահարմար է, որովհետև կլինեն մարդիկ, ովքեր կնախընտրեն առանձին ունենալ այս կամ այն գործը: Մտածեցինք, որ այս մոտեցումն ընտրության ազատություն է տալիս ընթերցողներին:
Ինչո՞վ են տարբերվում այս հրատարակությունները նախկիններում եղածներից՝ նախկինում դրանք առանձնապես ճոխ չէին կամ արդեն սարսափելի հնացած, որովհետև եռահատոր Շեքսպիր տպագրվել է 50-ականների սկզբին՝ հետստալինյան ոգին ամբողջովին դրոշմված ծանոթագրություններում: Այստեղ պետք է հիշել նաև այն մասին, որ երբ 60-ականների սկզբին 2 հատորով շեքսպիրյան գործեր տպվեցին, ոչ ոք նեղություն չքաշեց վերանայել դրանց ծանոթագրությունները, որոնք սոսկալի և սահմռկելի սխալներ ունեին: «Անտարեսի» այս նախաձեռնությունը վիճակն ինչ-որ առումով շտկելու համար էր՝ թարմացված տեքստերով, խմբագրված ծանոթագրություններով, ժամանակակից շեքսպիրագիտության նվաճումները հաշվի առնելով: Մեր շեքսպիրագիտական միտքը՝ հատկապես Ռուբեն Զարյանի մահից հետո, ընդհանրապես ճահճացած վիճակում է եղել, և միայն Արամ Թոփչյանի շնորհիվ մենք նորից հայտնվեցինք ժամանակակից շեքսպիրագիտության ոլորտում:
Նոր տարբերակները մանրակրկիտ կերպով ծանոթագրված են և շատ օգտակար են այն առումով, որ Շեքսպիրով հետաքրքրվող ցանկացած մարդու համար բավականին առատ ճանաչողական նյութ են պարունակում, և օգնելով լիովին բացահայտելու տեքստերը: Իրականության մեջ առաջին անգամ է, որ շեքսպիրյան տեքստերը տպագրվում են ժամանակակից հայերենի պահանջներին հարիր լեզվով և ժամանակակից շեքսպիրագիտական մտքի նվաճումները հաշվի առնելով»:
Հանդիպման ավարտին Զավեն Բոյաջյանը շնորհակալություն հայտնեց «Անտարես հոլդինգին»՝ նման կարևոր նախաձեռնության մեկնարկի ու հաջող իրականացման համար: