Բաժիններ՝

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ 100-ամյակով ոչինչ չի վերջանում». Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի բոլոր խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին ցույցեր և տարբեր միջոցառումներ են անցկացվելու: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` ընդգծելով, որ բոլոր միջոցառումներն ունենալու են պահանջատիրական բնույթ:

«Փարիզում կազմակերպվող միջոցառումները կառավարական բնույթ ունեն: Հերթական տարին է, որ մենք ապրիլի 24-ի միջոցառումները կազմակերպում ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ, մասնակցում են կառավարության ներկայացուցիչները: Թեման է` «Արդարության քայլարշավ»: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ 100-ամյակով ոչինչ չի վերջանում: Մենք պահանջատեր ենք, և Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նախորդ տարիներին Ֆրանսիայում մենք լուրջ աշխատանք ենք տարել, որպեսզի ունենանք կառավարության համակրանքը: Հայկական համայնքն ամուր կապեր է հաստատել նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ»,- ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայում հայկական համայնքից բացի ակտիվ աշխատում է նաև Թուրքիան: Մուրադ Փափազյանը նշեց, որ հայկական և թուրքական համայնքների միջև կա քաղաքական մրցակցություն: Նրա խոսքով. երբ Ֆրանսուա Օլանդը դարձավ նախագահ, Թուրքիան նպատակ էր դրել փչացնել նախագահի ու հայկական համայնքի հարաբերությունները:

«Թուրքիան ցանկանում էր տպավորություն ստեղծել, թե Ֆրանսուա Օլանդը ծախել է հայերին, բայց տեղի ունեցավ հակառակը: Ֆրանսուա Օլանդը կանգնեց հայ համայնքի կողքին: Երբ գնաց Թուրքիա, նախագահ Օլանդը խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, 100-ամյակի միջոցառումների շրջանակում եկավ Հայաստան: Ինքը նաև ձգտում է շեշտը դնել Հայաստանի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու վրա: Մենք պնդեցինք, որ Ֆրանսիան ավելացնի իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ֆրանսիան հանդես եկավ առաջարկություններով և կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ավելացրեց Մուրադ Փափազյանը:

Մուրադ Փափազյանը նշեց, որ թուրքերի հետ քաղաքական մրցակցության մեջ հայկական համայնքը թույլ չէ: Ըստ նրա` Թուրքիան հասկացել է, որ հայկական համայնքը լուրջ գործոն է և այժմ Ադրբեջանի հետ զգալի միջոցներ է ներդնում հակահայկական քարոզչության գործում:

Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի մշակման գործընթացին` Մուրադ Փափազյանը նշեց, որ այս հարցում կա Ֆրանսիայի նախագահի աջակցությունը:

«Իրավական խնդիր ունենք` կապված խոսքի ազատության հետ, և, ինչպես գիտեք, Փերինչեքի դատավարության ժամանակ շեշտը հենց դրա վրա դրվեց: Այժմ պետք է այնպես անել, որ նախագիծն իրավական ամուր հիմքերի վա լինի: Մենք կապի մեջ ենք նախագծի մշակման հարցերով զբաղվող Ժան Պոլ Կոստայի հետ: Ապրիլի կեսերին, ըստ երևույթին, պատրաստ կլինի: Բայց այստեղ մի խնդիր կա: Միգրանտների հարցով պայմանավորված Թուրքիան նոր կարևորություն է ստացել Եվրիամության մոտ և դա կարող է ազդեցություն ունենալ մեր հարցի վրա: Միգուցե փորձ արվի դանդաղեցնել գործընթացը, բայց մ ենք հետևում ենք իրադարձություններին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս