Հայաստանում անհատները կարող են արևից ստացած էլեկտրաէներգիան առանց հարկերի վաճառել բաշխիչ ցանցին
Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններն առաջին հերթին դաշտ են բացում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
«Այս փոփոխություններով արևային էներգետիկան ազատվում է բոլոր տեսակի հարկերից, լիցենզիայից ու տուրքերից մինչև 150 կՎտ հզորության դեպքում: Հողմային էներգետիկան ևս հարկերից կազատվի մինչև 150 կՎտ հզորության դեպքում, բայց պետք է շինարարության լիցենզիա տրվի, քանի որ տեխնածին վտանգներ կան այստեղ: Այն ավելի բարդ կառույց է, որը պետք է վերահսկվի»,-ասաց Հայկ Հարությունյանը: Նրա խոսքով` օրենքի փոփոխությունները վերաբերում են նաև գեոթերմալ էներգետիկայի ճյուղին, բայց, ըստ փոխնախարարի, դրա դեպքում ցանցի հետ միացնելու կարիք չկա, այսինքն` իր ավական կարգավորման ոչ մի խնդիր չի առաջանում, այն կարող է դիտարկվել որպես հասարակ գազի կաթսա:
«Օրենքների փոփոխություններով դաշտ է ստեղծվում, որ ամեն բիզնես, ընտանիք իր տանիքին դնի համապատասխան հզորություններ, արտադրի էլեկտրաէներգիա իր կարիքները բավարարելու համար, ավելցուկը տրամադրի բաշխիչ ցանցին ու դրա դիմաց վճարվի: Իսկ ամենակարևորը հնարավոր է ցերեկային կամ սեզոնային ավելցուկը տալ ցանցին ու հետ վերցնել այն ժամանակ, երբ արև չկա, բայց քեզ էներգիա է պետք: Այսինքն` ցանցը կարելի է ասել անվճար դառնում է ակումուլյատոր, էլեկտրաէնեգիայի պահեստ»,-նշեց Հայկ Հարությունյանը:
Փոխնախարարի դիտարկմամբ` շատ երկրներում է այս օրենսդրությունը գործում, բայց տարբեր կարգավորումներով: «Մեր դեպքում հաշվի են առնվել էներգետիկ փորձն ու շուկայի առանձնահատկությունները»,-ասաց նա:
Հայկ Հարությունյանը նշեց, որ աշխարհում այս ոլորտում ամենազարգացած երկրի` Գերմանիայի փորձը ցույց է տալիս, որ վերականգնվող էներգետիկայի ռեսուրսներից օգտվողների մեջ մեծ կշիռ են կազմում անհատներն ու ֆերմերները: «Հայաստանում էլ հիմա կան բազմաթիվ բիզնեսներ, անհատներ, ովքեր, ինչպես ասում են, շունչը պահած սպասում էին այս փոփոխություններին: Այն փոքր-փոքր քայլերով, բայց շատ մեծ արդյունք կարող է տալ: Մեր նպատակն է զարգացնել ինքավար արտադրողների դաշտը: Այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց ապահովագրել հետագա թանկացումներից ու փոփոխություններից, անկախության որոշակի աստիճան ձեռք բերեն, ցանկանում են կապիտալիզացնել գումարը, որ վճարում են էլեկտրաէներգիայի դիմաց, կարող են դնել արևային պանելներ, մինչև 10 տարի հետո ապահովեն հետգնումն ու 20 և ավելի տարի իրենց ապահովեն անվճար էլեկտրաէներգիայով: Սա առաջին հերթին բավարարում է այս մարդկանց պահանջը»,-հավելեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությանը, Հայկ Հարությունյանը չցանկացավ դեռ որևէ կանխատեսում անել` նշելով, որ վերջնական սպառողական սակագնի ձևավորումը կախված է շատ գործոններից: «Կարող եմ հստակ ասել, որ այս կարգավորումը բացասական չի ազդի վերջնական սակագնի վրա և նաև որոշակի տեխնիկական դրական լուծումներ կտա նույն բաշխիչ ցանցերի համար: Ենթադրենք ինչ-որ մեկն իր սեփական տան տանիքին տեղադրում է արևային պանել ու արտադրում էլեկտրաէներգիա, ում հարևանը չի տեղադրել, եթե էլէներգիայի ավելցուկը այդ մարդը տրամադրում է բաշ խիչ ցանցին, ցանցն էլ միանգամից կտա այդ հարևանին ու շատ ծախսեր կկրճատի»,-բացատրեց փոխնախարարը:
Հայկ Հարությունյանը կարևորեց, որ ֆինանսական ռեսուրսներ ունեցող մարդիկ ներդրում կատարեն այս ոլորտում` նշելով, որ ինքն անձամբ նախատեսում է դիմել որևէ վարկային կազմակերպության ու իր տան տանիքին ունենալ արևային էներգիա արտադրող սարք: «Եթե մարդը սեփական գումար ունի ու ծախսելու տեղ չունի, սա շատ լավ ներդրում է, որը միանշանակ պետք է անել: Բայց եթե սկզբնական գումարի խնդիր կա, կարող է դիմել ու ստանալ 10.5 տոկոսադրույքով մինչև 10 տարի ժամկետով վարկ, որը չի պահանջում սկզբնական գումար, ոչ էլ համաֆինանսավորում: Ես անձամբ դիմելու եմ ու իմ կտուրին տեղադրեմ արևային պանելներ: Այն գումարը, որ ես վճարում եմ հոսանքի համար ամեն ամիս, ես կվճարեմ վարկի համար: Իմ հաշվարկներով` 7-10 տարի հետո ես կմարեմ վարկն (հաշվի առնելով վերջին երկու տարիներին էլեկտրաէներգիայի իմ ընտանիքի սպառած ծավալները) ու վերջում այդ սարքավորումները կմնան ինձ, իսկ դրանից հետո 20 տարի կունենամ անվճար էներգիա»,-ասաց փոխնախարարը:
Նա միայն հորդորեց դիմել մասնագիտացված ընկերությունների, քանի որ շատ կարևոր է կայանի ճիշտ նախագծումն ու տեխնոլոգիաների օգտագործումը. «սխալ սարքերի պատճառով հզորությունների կորուստ կարող է առաջանալ»:
Փոփոխությունները նախատեսում են, որ այսուհետ յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ կարող է իր տան տանիքին արևային էներգիան էլեկտրաէներգիայի փոխակերպող պանելներ տեղադրել, դրա շնորհիվ ոչ միայն բավարարել իր կարիքները, այլև ավելացած հոսանքը վաճառել բաշխիչ ցանցին:
Ազգային ժողովը մարտի 15-ին հաստատեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կանխատեսվում է, որ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն եւ մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման (ներկրման եւ(կամ) արտադրության) այլընտրանքային ուղիների ապահովման եւ նոր ագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից եւ կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:
Անի Նազարյան