Ովքեր են լավագույնը ճանաչված դատավորները
Փետրվարի 19-ին դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց 2015թ. լավագույն դատավորներին և դատարանները։ Ըստ այդմ՝ «տարվա լավագույն դատավոր» են ճանաչվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Նաիրա Գրիգորյանը և Էդգար Հովհաննիսյանը, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Նշենք, որ Նաիրա Գրիգորյանն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակվել է 2005թ.. վերջինս ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի դուստրն է։ Նկատենք, որ Նաիրա Գրիգորյանը 2014թ. ևս ճանաչվել էր տարվա լավագույն դատավոր։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը նախագահի հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է 2014թ.։
Մինչ այդ աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական։ Լավագույնը ճանաչված դատավորներից Գայանե Խաչատրյանը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվել է 2011թ. հոկտեմբերին։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը պաշտոնում նշանակվել է 1999թ.։ Դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով քննում է քրեական գործեր, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակվել է 2009թ.։
Մեզ հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ լավագույնը ճանաչված դատավորներից գործերի քննության ընթացքում առնչվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։
«Եթե ինձ հարցնեին՝ ում ես կհամարեի լավագույնը, երևի երեք անուններից մեկն իրենը կլիներ։ Այնպես որ, իրեն լավագույն դատավոր ճանաչելու գաղափարին ամբողջությամբ իմ հավանությունն եմ տալիս։ Իրոք, շատ արժանի մարդ է, շատ արժանի դատավոր։ Եվ եթե անգամ նայենք սոցիալական ցանցերի քննարկումներին, կտեսնենք, թե ինչքան շատ փաստաբաններ են դրական ընդունել, ողջունել այդ որոշումը՝ հենց Ալեքսանդր Ազարյանի մասով։ Լավագույնը ճանաչված մյուս դատավորների հետ կապված՝ գործնական այդքան առնչություն չեմ ունեցել, այդ պատճառով չեմ կարող նրանց ունակություններն ու ընդհանրապես հատկանիշները գնահատել»։
Անդրադառնալով լավագույն դատավորների անվանակարգ սահմանելուն, փաստաբանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չլինի այն. «Ես կարծում եմ, որ դա լավ մրցույթ է։ Իրենք ընտրում են լավագույն դատավորի, բայց հետո սոցցանցերում կարողանում եք տեսնել՝ հասարակությունը, հատկապես՝ փաստաբանները, նրանցից ո՞ւմ են իրոք համարում արժանի այդ կոչմանը, և, եթե նրանց կողմից այդ անձին լավագույնը ճանաչելուց հետո դուք նաև տեսնում եք, որ փաստաբաններն էլ են այդ նույն կարծիքին, կարող եք վստահ լինել, որ ընտրությունը ճիշտ է արված»։
Օրերս Վազգեն Ռշտունին և Դավիթ Հարությունյանը նշանակվեցին, համապատասխանաբար, Վերաքննիչ քրեական և Ավան և Նոր Նորք վարչականն շրջանների ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ։ Հարցին՝ հաշվի առնելով դրական արձագանքը, նրանց նշանակումը կարո՞ղ է դատական համակարգում որևէ բան փոխել, փաստաբանը պատասխանեց. «Ես ուղղակի չէի գերագնահատի դատարանի նախագահի գործոնը՝ տվյալ դատարանի տարբեր դատավորների կողմից արդարադատություն իրականացնելու առումով։ Այսինքն՝ եթե տվյալ դատարանում դատավորները տարիներ շարունակ որոշակի որակի արդարադատություն են իրականացնում, ապա դատարանի նախագահի փոփոխությունից կոնկրետ այդ դատավորների կողմից իրականացված արդարադատությունը հազիվ թե փոփոխություն ապրի»։
Միևնույն ժամանակ, փաստաբանն ասաց, որ որպես դատավոր՝ ծանոթ է Վազգեն Ռշտունուն, երեք անգամ առիթ է ունեցել մասնակցելու նրա նախագահությամբ գործերի քննությանը. «Երեք անգամ էլ շատ տպավորված եմ նրա կողմից իրականացված արդարադատությունից՝ թեև դեպքերից երկուսում այնպես չէ, որ իմ օգտին է դատական ակտ կայացվել։ Այսինքն՝ պատճառը, որ ես գոհ եմ, այն չէ, որ իմ օգտին է եղել, այլ այն է, որ իրոք լավ որակի արդարադատություն է իրականացվել»։ Հայկ Ալումյանն ասաց, որ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դատական նիստերի չի մասնակցել, նրա գործնական հատկանիշների մասին գիտի իր կոլեգաներից. «Գրեթե բոլորը դրական են արտահայտվում»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վաստակավոր արտիստ, ժողովրդական արտիստ, պատվավոր անդամ, լավագույն դատավոր մրցանակաբաշխություններն իմաստազուրկ են և խորհրդային մտածելակերպի մնացուկ։ «Անկեղծ ասեմ՝ բոլորս ճանաչում ենք լավագույն դատավորներին, առիթ ունեցել ենք նրանց հետ շփվելու, հասկանալու՝ ովքեր են լավագույնները, ովքեր չեն կարող լավագույն համարվել։ Եթե մի տարի, ինչպես եղավ այս տարի, այդ դատավորներից ոմանք հայտնվում են այդ ցուցակում, դա դեռ չի նշանակում, որ այս ցուցակն իմաստ ունի, որովհետև հաջորդ տարի կարող է հայտնվել բոլորովին այլ անձ, որն այդ ցուցակում պիտի չլիներ։
Այսինքն՝ ընդհանրապես մարդկանց խրախուսելու այսպիսի մեթոդն արդարացված չէ, որովհետև չի կարող զուրկ լինել սուբյեկտիվությունից։ Նորից եմ ասում՝ հինգ տարին մեկ անգամ կարող է լավագույն ճանաչվել իրոք լավագույնը, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր տարի լավագույն է ճանաչվելու իրոք լավագույն դատավորը։ Լավագույն դատավորի գնահատականը, բնականաբար, տալիս է հենց հանրությունը՝ այն անձինք, ովքեր դատավորից արդարադատություն են ակնկալել, ստացել կամ չեն ստացել այդ արդարադատությունը»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Երվանդ Վարոսյանն ասաց, որ այս տարի մրցանակ ստացած դատավորներից ճանաչում է Ալեքսանդր Ազարյանին, ում մասին բարձր կարծիք ունի. «Նրան համարում եմ պրոֆեսիոնալ դատավոր, ով կարողանում է անկախ որոշումներ կայացնել, այսինքն՝ իր համոզմամբ, ղեկավարվելով օրենքով՝ կարողանում է այդ որոշումները կայացնել»։
Անդրադառնալով քրեական վերաքննիչ և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների նախագահների նշանակմանը՝ փաստաբանն ասաց, որ այդ երկու դատավորները դրական կարծիքը վաստակել էին երկար տարիների ընթացքում՝ իրենց աշխատանքով, «որովհետև կարողացել էին առաջին հերթին՝ իրենք իրենց զերծ պահել կոռուպցիայից, ինչը կարևորագույն նշանակություն ունի դատավորի անկախության համար»։
«Դրանից ելնելով՝ կարողացել էին իրենց ունեցած գիտելիքներն ի կատար ածել պրոցեսներում և իրենց կողմից կայացված դատավճիռներում։ Դա է պատճառը, որ իրավակիրառ պրակտիկայում աշխատող անձանցից՝ լինի փաստաբան կամ այլ անձ, որոնք դատարանների հետ անընդհատ շփման մեջ են, գրեթե ոչ ոք բացասական արձագանք չտվեց այդ նշանակումներին։ Նրանք դրան հասել են՝ իրենց վարքագծով ու կենսագրությամբ։ Ինչ վերաբերում է նշանակմանը, ապա, իհարկե, հույս ունենք, որ այն գործելաոճը, որ իրենք կիրառել են՝ որպես անհատ դատավորներ, կկարողանան կիրառելի դարձնել այն դատարաններում, որոնց ղեկավար են նշանակվել»,- ասաց փաստաբանը։
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ևս կարծիք հայտնեց, որ լավագույն փաստաբաններ, դատավորներ ճանաչելու երևույթները մնացել են խորհրդային ժամանակներից։
«Իմ պատկերացմամբ՝ դրանք խորհրդային ժամանակաշրջանի մնացորդներն են, որովհետև ինչ-որ մեկի համար մարդը կարող է լավագույնը լինել, մյուսի համար՝ վատագույնը լինել։ Եթե անձը դատավոր է, աշխատանքի գնահատականը պետք է լինի խրախուսման միջոցներով, այլ ոչ թե PR կազմակերպվի։ Ես անձամբ ճանաչում եմ դատավորներին, կան դատավորներ, ովքեր իրականում լավ դատավորներ են, բայց դա չի նշանակում՝ նրանց դատական ակտերն ինձ համար միշտ ընդունելի են։ Եղել են դեպքեր, երբ այդ դատավորի դատական ակտը սխալ է եղել, եղել են դեպքեր՝ ճիշտ է եղել։
Գտնում եմ, որ, օրինակ՝ Ալեքսանդր Ազարյանն օբյեկտիվ դատավոր է։ Թեպետ եղել են դատական ակտեր, որ իմ դեմ է կայացվել, բայց ես գտնում եմ, որ նա օբյեկտիվ դատավոր է։ Բայց այդ երևույթն ինձ համար անընդունելի է, նսեմացնում է մյուսների արժանապատվությունը՝ տարվա լավագույն դատավոր, լավագույն փաստաբան։ Կարծում եմ՝ դա PR-ի ոչ ճիշտ գործիք է, որն օգտագործվում է և՛ պալատում, և՛ դատական համակարգում։ Եթե ես ղեկավար դառնայի, ընդհանրապես կհանեի այդ երևույթը, որպեսզի դա բացառվեր»։
Անդրադառնալով դատարանների նախագահների նշանակմանը՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նոր Սահմանադրությամբ ամրագրված է, որ դատարանների նախագահները որոշակի ժամանակ հետո պետք է փոխվեն։ Նա նշեց, որ ճանաչում է Վերաքննիչ քրեական և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ նշանակված դատավորներին. «Ուղղակի, ցավոք սրտի, երբ դատարանի նախագահ են նշանակում, դատավորները Սովետական Միության ժամանակից պահպանված հոգեբանությամբ այդ մարդուն դիմում են ՝«շեֆով»։ Իրենք չեն հասկանում, որ դատարանի նախագահն իրենց շեֆը չէ։ Դատարանի նախագահը նույնպես դատավոր է, նա ընդամենն իր վրա վերցնում է վարչական որոշակի գործառույթներ։ Տվյալ ատյանի բոլոր դատավորներն իրար հավասար են»։ Նա նշեց նաև, որ պետք է հոգեբանություն փոխվի այս առումով։