Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն և Ավետարանոց գյուղեր
Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն և Ավետարանոց գյուղեր և մասնակցել այդ համայնքների ղեկավարների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության հետ:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Սարուշենի համայնքի ղեկավար Վիրաբ Բալայանը, ներկայացնելով իր մեկամյա գործունեությունը, շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ գյուղի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում պետական միջոցներով գյուղն ամբողջությամբ գազաֆիկացվել է, վերանորոգվել է դպրոցը, իսկ մանկապարտեզի համար կառուցվում է նոր շենք, որի շինաշխատանքներն արդեն ավարտին են մոտենում:
Համայնքային ենթակառուցվածքների խնդիրների հիմնական մասը լուծված է նաև Ավետարանոց համայնքում: Գյուղապետ Հովիկ Գաբրիելյանը հաշվետվության ժամանակ նշել է, որ Ավետարանոցն ապահովված է շուրջօրյա խմելու ջրով, մանկապարտեզը գործում է նորակառույց շենքում, ընթանում են գյուղամիջյան ճանապարհների սալահատակման աշխատանքները:
Գործադիր իշխանության ղեկավարը բավարար է գնահատել համայնքների ղեկավարների գործունեությունը և անդրադարձել գյուղերի հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նշված համայնքների ենթակառուցվածքների բարելավման հարցը, սակայն բնակիչների սեփական եկամուտների ավելացման գործում անհրաժեշտ է տեղերից նախաձեռնություններ լինեն:
«Անընդունելի է, երբ գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող համայնքները գյուղմթերք են ներկրում: Ձեզնից ակնկալվում է նախաձեռնողականություն, իսկ կառավարությունը կանգնած է գյուղացիների կողքին և պատրաստ է հնարավորինս աջակցել եկամուտների նոր աղբյուրներ ստեղծելու գործին»,- նշել է վարչապետը և հավելել, որ գործադիրն առաջիկայում գյուղացիներից այդ առումով առաջարկություններ է սպասում:
Ա. Հարությունյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող հարցերին, իսկ հանդիպումից հետո ծանոթացել է Սարուշենում մանկապարտեզի համար կառուցվող շենքի շինաշխատանքներին, Ավետարանոցի ակումբի և գյուղապետարանի շենքային պայմաններին, ինչպես նաև այցելել է նշված համայնքում գործող՝ փայտի հումքով արտադրվող բիովառելիքի արտադրամաս:
Այցի ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: