Մոգերինիի այցը Հայաստան ՀՀ ղեկավարության համար լավ հնարավորություն է

Եվրոպական միությունն Արևելյան Հարևանության քաղաքականության վերանայման ֆոնին ակտիվ աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետության հետ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձևավորման ուղղությամբ։ Փետրվարի 15-ին Բրյուսելում մեկնարկել են առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունները։

ՀՀ-ԵՄ համատեղ աշխատանքներին մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի, Արդարադատության, Ֆինանսների, Բնապահպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ Կենտրոնական բանկի և այլ կառույցների ներկայացուցիչներից բաղկացած հայկական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ։

Եվրոպական պատվիրակությունը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) և Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը։ Բանակցություններն ընթանում են եվրոպական կողմի հետ նախկինում հստակեցված ոլորտների և ուղղությունների շուրջ, մասնավորապես՝ ապրանքների և ծառայությունների առևտուր, առևտրի պաշտպանական միջոցներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցներ, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն, մրցակցություն, պետական գնումներ, կայուն զարգացում, թափանցիկություն, ընթացիկ վճարներ և կապիտալի տեղաշարժ, ներդրումային համագործակցություն և դրանց պաշտպանություն, վեճերի կարգավորում և այլն։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ընդհանուր առմամբ, բանակցությունների առաջին փուլը բավական տարողունակ և ընդգրկուն է, բանակցությունների լիագումար նիստերից բացի, նախատեսվում են բանակցային ենթախմբերի 12-ից ավելի հանդիպումներ, որոնց ընթացքում պետք է քննարկվեն համապատասխան ուղղությունների տեքստերի նախագծերը։ Կքննարկվեն նաև բանակցային հետագա գործընթացներին, փուլերին, ժամանակացույցին, ինչպես նաև ոլորտային ապագա համագործակցության որոշ խնդիրներին առնչվող հարցեր։ ՀՀ-ԵՄ հարաբերություններում բացված նոր շրջափուլում սպասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական այցը Հայաստան։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան «168 Ժամի» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Մոգերինիի այցը ՀՀ-ԵՄ փայլուն հարաբերությունների ցուցիչ է։ Ըստ մեր զրուցակցի, ՀՀ ղեկավարությունը կարող է այցն արդյունավետ օգտագործել և առաջարկություններով հանդես գալ։

– ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկամյա ճգնաժամից հետո Հայաստանն ու Եվրոպական միությունը վերսկսել են բանակցությունները։ Տիկին Մոգերինին պատրաստվում է այցելել Հայաստան այս նոր փուլի ընթացքում ուկրաինական ճգնաժամից հետո, որը բացահայտեց մի շարք լուրջ խնդիրներ ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականությունում։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ առաջարկներով կամ օրակարգով է Մոգերինին այցելում Հայաստան։ Ի՞նչ պետք է սպասել։

– Առաջին հերթին, կցանկանայի ասել, որ չնայած այդ հանգամանքներին, վերջին երկու տարիները ևս բավականին արդյունավետ են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից։ Եկեք չմոռանանք, որ այդ ընթացքում երկու հավելյալ քաղաքական ուժեր են միացել ԵՄ քաղաքական ընտանիքներին։ Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքական բոլոր ուժերը, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, համահունչ են իրենց եվրոպացի գործընկերների հետ, ինչն արտացոլում է ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերությունների ամուր և կոնկրետ կապը։

Մյուս կողմից՝ այդ ժամանակաշրջանում Հայաստանը ԵՄ ծրագրերին ու գործակալություններին հասանելիություն ստացավ, ապա վիզային դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերն առաջ գցվեցին։

Վերադառնալով տիկին Մոգերինիի այցին, ասեմ, որ սա ՀՀ-ԵՄ փայլուն հարաբերությունների ցուցիչն է։ Ի հավելումն դրա, ես նաև կարծում եմ, որ սա ՀՀ ղեկավարության համար լավ հնարավորություն է բանակցվող նոր համաձայնագրի ուղղությամբ քաղաքական կամք ցուցաբերելու և շարունակելու բարեփոխումների իրականացումն՝ այդպիսով առաջարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ, որտեղ ՀՀ-ԵՄ միասնական աշխատանքը կարող է փոփոխություն բերել երկրում։

– Ինչպես ասացի, կողմերը սկսել են բանակցել նոր հիմնավոր քաղաքական և տնտեսական համաձայնագիր ձևավորելու ուղղությամբ։ Ակնհայտ է, որ Հայաստանը սահմանափակ է լինելու իր առևտրատնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ զարգացնելու հարցում, բայց տեղեկություններ կան, որ նոր փաստաթուղթը կունենա տնտեսական և անվտանգության բաղադրիչներ ևս։ Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունների մեկնարկը։

– Առևտրային բաղադրիչն անկասկած լինելու է նոր շրջանակում։ ԵՄ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է՝ ընդունելով Հայաստանի արտահանման շուրջ 27%-ը։ Սա փաստ է ու սա ԵՄ-ՀՀ հարաբերությունների հիմնական բաղադրիչն է։ Նոր իրավական հիմքը, բնականաբար, պետք է արտացոլի այս իրողությունը ևս և կարտացոլի այնպես, որպեսզի համատեղելի լինի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հատկանշական է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը չի անդրադառնում առևտրային բոլոր ոլորտներին, դրանցից մի քանիսը ներառված չեն։ Ուստի Հայաստանն ու Եվրոպական միությունը կարող են համագործակցել ոլորտում, ինչպիսին առևտրային դյուրացումն է, քանի որ դա ԵՏՄ համաձայնագրի մաս չի կազմում։

Ավելին, նոյեմբերի 18-ին ներկայացված Եվրոպական Հարևանության քաղաքականության վերանայված տարբերակը տնտեսական համագործակցության հետ կապված կարևոր տեղեկություն տրամադրեց։ Երկրները, ինչպիսին Հայաստանն է, որը չի ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր Եվրոպական միության հետ, հնարավորություն կունենան միասնականորեն սահմանել գրավիչ և իրատեսական այլընտրանքներ՝ առաջ մղելու համար համագործակցությունը և ամրացնելու համար առևտրային և ներդրումային հարաբերությունները, որոնք արտահայտում են երկկողմ հետաքրքրությունները։

Սա կարող է ընդունել Համապատասխանության գնահատման և ընդունելիության համաձայնագրերի (ACAAs) տեսքը, որը կոնկրետ ոլորտներում արդյունաբերական ապրանքների ազատ տեղաշարժ է թույլ տալիս և կարող է օգտագործվել տեխնիկական կարգավորումների, չափանիշների և համապատասխանության գնահատման դաշտում։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ԵՄ համագործակցության առաջարկն իր հարևաններին հիմնականում ուղղված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, սահմանի պաշտպանությանը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին, ճգնաժամի կառավարմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանը։

Վերջապես, ես լավատես եմ ԵՄ-ՀՀ հարաբերությունների այս նոր շրջափուլի հարցում, քանի որ բանակցությունները չեն սկսվելու զրոյից։ Ընդհակառակը, կողմերն աշխատելու են այն ամենի վրա, ինչն արդեն կառուցվել է, ուստի մենք կարող ենք կոնկրետ արդյունքներ ակնկալել ողջամիտ ժամկետներում։

Տեսանյութեր

Լրահոս