Ինչ կորցրեց Սերժ Սարգսյանը՝ բաց թողնելով Մյունխենը
Փետրվարի 12-14-ը գերմանական Բավարիայում անցկացված Մյունխենի 52-րդ անվտանգության կոնֆերանսի արդյունքները հուսադրող չեն։ «Սիրիայում կրակի հնարավոր դադարեցման վերաբերյալ լավատեսությամբ սկսված Մյունխենյան անվտանգության կոնֆերանսն ավարտվեց թույլ հույսերով»,- այսպես է մեկնաբանել տարվա քաղաքական գլխավոր իրադարձություններից մեկի արդյունքները գերմանական «Deutsche Welle»-ն։
Կոնֆերանսի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը փակելով կոնֆերանս` ասաց. «Բացելով ներկայիս կոնֆերանսը, ես ասացի, որ պատկերը բավականին հոռետեսական է, և դրա արդյունքները ևս, ցավոք սրտի, թույլ չեն տալիս հերքել իմ այդ արտահայտությունը»։ Ինչպես և ակնկալվում էր, Մյունխենյան կոնֆերանսի դիտակետում հայտնվեց սիրիական ճգնաժամը՝ ստվերելով փախստականների ճգնաժամն ու իրավիճակն Ուկրաինայում, թեև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր բավականին հիմնավոր ելույթով փորձում էր հակառակն անել։
Արևմտյան ԶԼՄ-ները հատկապես դրական գնահատեցին այն հանգամանքը, որ կոնֆերանսի ռուսական պատվիրակությունը գլխավորեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ում նկատմամբ վերաբերմունքն Արևմուտքում մեղմ է, և ում ելույթին Մյունխենում ամենաշատն էին սպասում՝ Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնած օդային գործողության վերաբերյալ մի շարք պատասխաններ լսելու կապակցությամբ։ Մեդվեդևը պարզ հասկացրեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում նահանջել Սիրիայում և Ուկրաինայում որդեգրած իր գործելաոճից, թեև նշեց, որ պատրաստ է համագործակցության Արևմուտքի հետ։
«Մի՞թե մեզ անհրաժեշտ է Երրորդ համաշխարհային ցնցում»,- ասել է Մեդվեդևը՝ խուսափելով «պատերազմ» բառից։ Սակայն Մեդվեդևի ելույթը բավարար չէր արևմտյան պաշտոնյաների համար, ովքեր կոնֆերանսի ավարտին ևս չխուսափեցին ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության կոշտ քննադատություններից և փորձեցին «ուղղել» Մեդվեդևին, որ իրավիճակն ամենևին էլ «սառը պատերազմ» չէ։ Այնուամենայնիվ, երկարատև քննարկումներից հետո հաջողվեց հասնել դրական արդյունքի՝ կոնֆերանսին մասնակցող շուրջ 2 տասնյակ երկրների պատվիրակություններ ընդունեցին սիրիացիներին տրամադրվող հումանիտար օգնությունն ընդլայնելու և մեկ շաբաթից կրակի դադարեցման հասնելու անհրաժեշտությունը։ Սակայն ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց. «Սա վերաբերում է սիրիական հակամարտության բոլոր կողմերին բացի, «Իսլամական պետության» և «Ալ-Նուսրայի» ծայրահեղականների»։
Այս դիտարկումից ելնելով՝ որոշ փորձագետներ պնդում են, որ որևէ բեկումնալի համաձայնության մասին չարժե խոսել։
«168 Ժամի» հետ զրույցում Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը նշեց, որ կոնֆերանսից ավելին սպասել պետք չէր։ Ըստ նրա՝ սա հարթակ էր ևս մեկ անգամ հստակեցնելու, գուցե համաձայնեցնելու դիրքորոշումները։ Սակայն, Լուկիանովի խոսքով՝ այսօր աշխարհում առկա բոլոր հակամարտություններն ունեն իրենց կարգավորման, բանակցային հարթակները, որոնց շրջանակում էլ կայացվում են կարևոր որոշումները։ «Այս կոնֆերանսից պարզ դարձավ, որ միջազգային հարաբերություններում վերջերս ոչինչ չի փոխվել և առաջիկայում չի փոխվելու։ Ավելին, գերտերությունները, ըստ էության, հարմարվել են «ապրել» հակամարտությունների ռեժիմի պայմաններում։ Դա այլևս խուճապ չի առաջացնում, ինչպես ուկրաինական պատերազմի ժամանակ էր։ Սա, իհարկե, դրական զարգացում է, կարծում եմ, քանի որ բոլորը պատրաստ են բացասական զարգացումներին, ինչը նրանց ավելի պատրաստ է դարձնում մարտահրավերների առջև»,- ասաց նա։
Հայ փորձագետներին մտահոգել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությունը կոնֆերանսից, ինչը Մյունխենում նկատելի է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ակտիվության ֆոնին, թեև հայկական պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ի դեպ, ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության՝ Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում Իլհամ Ալիևին հարց է ուղղել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից մեկը։
Կլոր սեղաններից մեկի ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը հարցրել է. «Ինչպե՞ս կբացատրեք, որ Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր վատ բաների համար մեղադրվում է Հայաստանը։ Օրինակ, միջազգային հանրությունը քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի համար՝ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, Եվրախորհրդարանը, ԵԽ ԽՎ-ն Ադրբեջանի մասին լուրջ բանաձևեր են ընդունում՝ Ադրբեջանը քննադատում է Հայաստանին և հայկական լոբբիստական կազմակերպություններին, նույնիսկ, երբ նավթի արդյունահանումն է կրճատվում, Ադրբեջանը British Petroleum-ին է քննադատում Հայաստանի հետ դավադրության համար»։
Ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է, թե հարցադրման մեջ հնչած մտքերը սխալ են, իրենք դրանց համար չեն մեղադրում Հայաստանին։ Նա շարունակել է, որ եվրոպական կառույցների կողմից քննադատվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կեղծելու ու կառավարության գործած «շատ ուրիշ բաների» համար։ Ապա Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին։ «Այս ամենը ձեր օկուպացիայի արդյունքն է, սա ձեր՝ հարևան երկրի դեմ տարվող քաղաքականության արդյունքն է։
Օկուպացիային պետք է վերջ տրվի։ Տարածաշրջանում խաղաղության հասնելու գլխավոր պայմանն ադրբեջանական հողերի ազատումն է», – հայտարարել է Ալիևը՝ ի պատասխան հայ դիվանագետի հարցի։
«Ի վերջո, Ադրբեջանի նախագահն արդեն իսկ մերժել էր ԱՄՆ նախագահի հովանու ներքո առաջիկա հանդիպմանը մասնակցելու հրավերը՝ պատճառաբանելով ԵԽ ԽՎ հունվարյան լիագումար նիստում հակահայկական երկու զեկույցների ընդունման ուղղությամբ Մինսկի խմբի հրապարակային և ոչ հրապարակային գործունեությունը։ Դրա արդյունքում՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն անգամ բողոքի նոտա հղեց Մինսկի խմբի համանախագահ երկրներին, իսկ նախարար Մամեդյարովն էլ հղում կատարելով ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությանը՝ ընդհուպ մեղադրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին՝ այդ ուղղությամբ ստվերային դիվանագիտություն իրականացրած լինելու մեջ։
Այսքանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել են Մյունխենի անվտանգության կոնֆերանսին՝ ելույթ ունենալու նավթի գների թեմայով և, բնականաբար, սրտնեղելու բարելը 20 դոլարով նավթ ծախելու համար։ Իսկ սա նշանակում է, որ Մյունխենում ցանկացել են Ալիևին տեսնել խեղճացած, նվնվոցով ու աղերսանքով «միջազգային ընտանիք վերադարձած»։
Հետևաբար, Սերժ Սարգսյանը, վստահ իմանալով, որ նախագահական հանդիպման ձախողման պատասխանատվությունն Ալիևի վրա է, հավանաբար, համարել է, որ կարող է իրեն թույլ տալ բացակայել կոնֆերանսից, հատկապես, երբ այդ բացակայությունը կարող է վաճառել նաև Մոսկվայի վրա՝ իբրև հավատարմության դրսևորում։ Այս խորապատկերին մի կողմից՝ հասկանալի է նախագահի մակարդակով Հայաստանի բացակայությունը Մյունխենում, մյուս կողմից՝ մտահոգիչ։ Ի վերջո, Հայաստանի բացակայությունը ֆիքսվելու է Ռուսաստանի բացակայության փաստի կողքին՝ դրանից բխող հետևանքներով»,- իր հոդվածում գրել էր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Ի դեպ, նշենք նաև, որ ԼՂ հակամարտության խաղաղ բանակցությունների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը Մյունխենյան կոնֆերանսի ժամանակ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի, իսկ Ադրբեջանի նախագահը՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հետ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով։
Մեզ հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասաց, որ Հայաստանի նախագահի մասնակցությունը, ըստ ամենայնի, պարտադիր չէր, հաշվի առնելով համաժողովի օրակարգում ներառված թեմաները։ «Պարտադիր չէր, բայց ցանկալի էր, քանի որ նման միջոցառումները քաղաքական գործիչներին, դիվանագետներին հնարավորություն են տալիս մեկ վայրում միանգամից մի շարք հարցեր քննարկել տարբեր երկրների ղեկավարների ու պաշտոնյաների հետ։ Նման միջոցառումները նաև պարզապես հանդիպելու և շփվելու հնարավորություն են, ինչը պակաս կարևոր չէ քաղաքականության մեջ։ Սակայն, եթե Իլհամ Ալիևը մերժել էր Մյունխենում նախագահական հանդիպման առաջարկը, կոնֆերանսը կարելի էր նաև բաց թողնել՝ հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական օրակարգը և կանխատեսումները, որ Մյունխենը որոշիչ չէր լինելու»,- ասաց Ռարը։
Դիտարկմանը, թե ՀՀ նախագահի բացակայությունը չի՞ նույնացվի արդյոք ՌԴ նախագահի բացակայության հետ, նա պատասխանեց, որ ցանկության դեպքում կարող է նույնացվել, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, որից ելնելով՝ աջակցություն է հայտնում ռուսական նախաձեռնություններին։
«Սակայն այս դեպքում, հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական օրակարգի հագեցվածությունը, կարծում եմ՝ նման նույնականացումներ չեն լինի, հատկապես, երբ պարզ էր՝ կոնֆերանսը բեկումնային չի լինելու, Ալիև-Սարգսյան հանդիպում չի կայանալու։ Ըստ էության, մեծ կորուստ չէ, եթե հաշվի չառնենք բարձրաստիճան երկկողմ հանդիպումները, որոնք կարող էին օգտակար լինել»,- ասաց գերմանացի վերլուծաբանը։