Շուշանիկ Բախշյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով մեղադրյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել: Երևանի դատախազ Արթուր Դավթյանին ուղղված միջնորդությամբ Ալեքսանդր Սիրունյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ դատավարական միջոցներ՝ քրեական գործի շրջանակներում փորձագետի հարցաքննության ընթացքում նրան առաջադրված հարցերի շուրջ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար, ինչպես նաև՝ քննարկել գործով քննիչի բացարկի հարցը:
Միջնորդության մեջ փաստաբանը նշել է, որ 2016թ. հունվարի 29-ին քննիչին պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին: Ըստ փաստաբանի՝ պատճառաբանությունը հետևյալն է. «Գործի շրջանակներում արդեն իսկ նշանակված թվով 3 փորձաքննությունների արդյունքներով ստացված փորձագիտական եզրակացությունների շուրջ, 2016թ. հունվարի 20-ին հարցաքննվել է փորձագետ Գագիկ Կառլենի Հարությունյանը, որի ցուցմունքը պարունակում է քննիչի բազմաթիվ հարցեր ու հատկապես փորձագետի բազմաթիվ պատասխաններ, որոնք փորձագետի նախկին եզրակացություններում չկան: Այսինքն՝ ակնհայտ է, որ փորձագետի եզրակացությունները, լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու փոխարեն, լրացվել են փորձագետի ցուցմունքով: Այլ կերպ ասած՝ փորձագետի ցուցմունքը փոխարինել է փորձագետի եզրակացությանը, ինչն արգելված է Քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հիշյալ միջնորդությունը քննիչի 2016թ. փետրվարի 2-ի որոշմամբ մերժվել է: Մի կողմ թողնելով այն, որ քննիչն իր 2 էջանոց որոշմամբ կարողացել է քննարկել 2 պաշտպանների իրար չվերաբերող մի քանի միջնորդություններ, Ձեր ուշադրությունը հրավիրում եմ հետևյալի վրա՝ Քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փորձագետի ցուցմունքը առհասարակ քրեադատավարական ապացույց չէ: Նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փորձագետը կարող է հարցաքննվել միայն իր տված եզրակացության պարզաբանման կապակցությամբ: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը:
Տվյալ դեպքում փորձագետ Գագիկ Հարությունյանը, իբր հարցաքննվելով փորձագետի եզրակացության պարզաբանման նպատակով, իրականում հարցաքննվել է եզրակացությունը լրացնելու նպատակով: Ընդ որում, եզրակացությունը հենց լրացնելու հանգամանքը քննիչ պարոն Հ. Բաղմանյանը չի էլ թաքցնում: Այն, որ քննիչի նման գործելակերպը Քրեական դատավարության օրենսգրքով արգելված է, դա խնդրի ընդամենը մի կողմն է: Առկա վիճակը մտահոգիչ է այնքանով, որ գործը քննող քննիչն ու Երևան քաղաքի դատախազության համապատասխան դատախազը նշված՝ ապօրինի ձեռք բերված ապացույցը շարունակաբար դիտարկում են՝ որպես թույլատրելի ու վերաբերելի ապացույց, որը նույնիսկ վերջիններիս կողմից դրվել էր Շուշանիկ Բախշյանի ձերբակալման ու խափանման միջոց ընտրելու հիմքում:
Իսկ առավել մտահոգիչ է այն, որ գործով քննիչը, ընդունելով, որ փորձագիտական եզրակացությունը լրացման կարիք ունի, ու գիտակցելով, որ եզրակացության լրիվությունը պետք է ապահովվի թույլատրելի ու անհրաժեշտ դատավարական գործողություն կատարելու՝ համապատասխան լրացուցիչ փորձաքննություն նշանակելով, դրա փոխարեն, արդեն, մեր կարծիքով՝ դիտավորյալ զբաղվում է ապօրինի ապացույցներ ձեռք բերելով ու դրանց թույլատրելիության մասին պաշտպանական կողմի հետ գրավոր բանավեճերի մեջ մտնելով:
Քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ եթե … քննիչը, դատախազը համաձայն չեն փորձագետի եզրակացության հետ՝ վերջինիս ոչ բավարար չափով պարզ կամ լրիվ լինելու պատճառաբանությամբ, կարող են նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ ուրիշ փորձագետի:
Տվյալ դեպքում Գագիկ Հարությունյանի հարցաքննության արձանագրությունից, դրանում առկա հարցերի ու պատասխանների բնույթից հետևում է, որ փորձագետի եզրակացությունն իրոք լրիվ չէ, ինչից հետևում է այն լրացնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ գործով քննիչ պարոն Հ. Բաղմանյանը ոչ միայն անտեսել է (ինչպես կկարծեինք նախկինում), որ փորձագետի եզրակացությունը լրացվում է լրացուցիչ փորձաքննությամբ, այլ ոչ թե փորձագետի ցուցմունքով, այլև բառացի պնդում է, որ՝ այո, փորձագետի եզրակացությունը ցուցմունքով է լրացվել, վկայում է այն մասին, որ պարոն Հ, Բաղմանյանն ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի պաշտպանական կողմի նկատմամբ:
Այդպիսի կարծիք պաշտպանական կողմի մոտ կարող էր և չձևավորվել: Ձևավորվել է այն պատճառով, որ գործով քննիչը ոչ միայն Քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի խախտմամբ ու 251-րդ հոդվածի անտեսմամբ ձեռք է բերել ապացույց (ինչը, ի վերջո, ուղղելի է դատավարության ցանկացած փուլում), այլ այդ անթույլատրելի ապացույցը դրել է Շուշանիկ Բախշյանի ձերբակալման ու կալանավորման հիմքում՝ ասելով, որ Մերի Մարգարյանի մահվան դեպքից 6 ամիս անց հարցաքննված փորձագետ Գագիկ Կառլենի Հարությունյանը, ոչ ավել, ոչ պակաս, այդ դեպքի ականատեսն է:
Այն կարծիքին չեմ, որ քննիչը չգիտի, թե ով է ականատեսը (թե լեզվական, թե քրեադատավարական առումներով): Իսկ եթե այդ ամենին գումարենք այն, որն 2016թ. հունվարի 23-ին՝ սկսած ժամը 16:00-ից մինչև 20:00-ն (ուղիղ 4 ժամ), քննիչը չէր արձակում Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու մասին որոշումը, ակնհայտ է դառնում, որ քննիչն ընդգծված բացասական վերաբերմունք ունի պաշտպանական կողմի նկատմամբ: Համաձայնեք, որ ուղղակի 1 էջանոց արձակման որոշում կայացնելու ու այն անձին հանձնելու համար 4 ժամը մի քիչ շատ է»: