ԱՄՆ-ի ևս մեկ անօդաչու սարք է կործանվել Թուրքիայում
Միացյալ Նահանգների ռազմական պաշտոնյաները հաստատել են հարավային Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայից քիչ հեռու ամերիկյան (American Predator) անօդաչու թռչող սարքի կործանման լուրը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի Օդային ուժերի խոսնակ Կապիտան Լորեն Օթթի խոսքերով, անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել չորեքշաբթի լուսադեմին: Թեև Օթթը նշել է, որ սարքի կործանումից ոչ ոք չի տուժել, նա չի բացահայտել թռչող սարքի առաքելությունը:
Տեղացի Մեհմեթ Բեյրամի խոսքերով, իրենք գիշերը պայթյունի ձայն են լսել:
Մեհմեթը ասում է,- «Մենք լուսադեմին պայթյուն լսեցինք և տեսանք, թե ինչպես էր այրվող սարքը վայր ընկնում: Մենք ամբողջ գիշեր այն փնտրեցինք ոստիկանների հետ միասին, բայց կարծես թե նրանք այն առավոտյան են գտել»:
Մասնագետների նախնական գնահատմամբ թռչող սարքի կործանման պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել: Սակայն հետաքննությունը դեռ շարունակվում է:
Սա 2016 թվականին ԱՄՆ-ի օդային ուժերի կորցրած երկրորդ անօդաչու սարքն է: Նախորդը կործանվել էր հունվարի 8ին Իրաքում, ռազմական գործողությունների ժամանակ: Մեկ այլ անօդաչու թռչող սարք էր կործանվել 2015 թվականի հոկտեմբերի 20ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին: Պաշտոնական տվյալներով, այս բոլոր անօդաչու սարքերի կործանման պատճառը անսարքությունն է եղել:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները մի շարք անօդաչու սարքեր և կործանիչներ է պահպանում Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայում: Ավիաբազան մեծ դեր է խաղում Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի կողմից Դաեշի դեմ կատարվող գործողություններում: