«Իշխանական ահաբեկությունը սկսվում է ձեզնից, պարոն Սարգսյան». Րաֆֆի Հովհաննիսյան
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում Հայկ Կյուրեղյանին, Գևորգ Սաֆարյանին և Շանթ Հարությունյանին անհապաղ դուրս գալ հացադուլից, քանի որ «նրանք պետք են ազատ Հայաստանի պայքարին»: Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ քաղաքացիներին մնում է ոչ թե «սահմանադրության հավատարմության պայքար, այլ հակաահաբեկչության պայքար նրանց նկատմամբ, ովքեր կեղծում են ժողովրդի ձայնը, որոնք ահաբեկում են հայ ժողովրդին»:
«Գաղտնիք չէ, որ իրենք փորձում են Հայաստանը դարձնեl ահաբեկապետություն: Փոխանակ պատժեն ընրակեղծարարներին, իրենք որոշեցին, որ պետք է մեղսակից դառնան, ու ներկա դրությամբ արդեն ակնհայտ է, որ նրանք, ովքեր պետք է ապահովեն իրավունքը, իրենք դառնում են մեղսակից հայ ժողովրդի դեմ ահաբեկչության: Մենք գործ ունենք հայ ժողովրդի ահաբեկիչների հետ»,-հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս հարցը պատկանում է ոչ միայն ՀՀ քաղաքացներին, այլև ողջ հայ ժողովրդին՝ նաև սփյուռքին. «Մարդիկ կան ասում են՝ մենք ուզում ենք մտնել կոալիցիայի մեջ հանցագործ, ժողովրդի իշխանությունը զավթած կուսակցության հետ: Յուրաքանչյուր շարքային դաշնակցական և շարքային հանրապետական պետք է ասեն, թե ո՞րն է արժանապտավության, պետականության և սահմանադրականության գինը»:
Ր. Հովհաննիսյանի խոսքով՝ թող ոչ ոք չսպասի, որ ռուս-թուրքական դիմակայությունից ինչ-որ մի բան կլինի այստեղ և թող բեմադրություններ չսարքվեն Նորք-Մարաշում կամ այլուր. «Սուտ ահաբեկչություն, խնդրում ենք, ժողովրդի առջև մի բացեք, քանի որ իշխանական ահաբեկությունը սկսվում է ձեզնից, պարոն Սարգսյան: Այդ տեռորը, որի դեմ այս ժողովուրդը պայքարում է, այդ տեռորի հեղինակը լինելու է Սերժ Սարգսյանը և իր ռեժիմը ու նրանք, ովքեր մեղսակցում են այդ խմբակին: Շիրխանյանի, Մարգարյանի և նման պատվարժան հայրենակիցների մեջ թող տեռորիստ չփնտրեն, տեռորիստը իրենք են, սա բոլորը գիտեն: Բոլորը գիտեն՝ դեկտեմբերի 6-ին եղավ ինքնախարազանման, ազգային ամոթի գագաթնակետը»: