Վալերի Օսիպյանը զգուշացրեց՝ հեռացնել ոգելից խմիչքն Ազատության հրապարակից

Երևանի Մ. Սարյանի պուրակում հավաքված Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Նոր Հայաստան» ճակատի, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության մի խումբ ակտիվիստներ տոնածառերի ակցիա իրականացրեցին՝ ի նշան բողոքի, քանի որ դեկտեմբերի 31-ին նրանց չէր թույլատրվել արհեստական տոնածառ մտցնել Ազատության հրապարակ: Նրանք երթով շարժվեցին Ազատության հրապարակ. այս անգամ Ոստիկանությունը չխոչընդոտեց: Այսօրվա ակցիային մասնակցում են հաշված մարդիկ, հիմնականում՝ «Ժառանգություն» կուսակցության և «Նոր Հայաստան» ճակատի ակտիվիստներ, այնտեղ է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ, մամուլի նախկին խոսնակ, այժմ՝ «Ազատ քաղաքացի» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Նոր Հայաստան» շարժման անդամ Վարուժան Ավետիսյանին զգուշացրեց, որ Ազատության հրապարակից հեռացնեն ոգելից խմիչքը, իսկ տոնածառերի մասին ոչ մի խոսք չասաց.
«Հարկ եմ համարում ձեզ զգուշացնել, որ Ազատության հրապարակում կարգ է խախտվում՝ նկատվում է ոգելից խմիչք՝ շարժական սեղանի վրա, ինչն անթուլատրելի է: Ես զգուշացնում եմ, որ դա չի բխում օրենքից, նաև՝ լիազոր մարմինը չի ընդունել ձեր դիմումը, որ ոգելից խմիչք այստեղ օգտագործեք»:
Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ այսօրվա համար չի դիմել լիազոր մարմնին. «Այստեղ ընդամենը բաժակների մեջ են լցնում, ու սիմվոլիկ է, չեն օգտագործվում»:

Վալերի Օսիպյանն էլ ասաց, թե դեկտեմբերի 31-ի գիշերն այստեղ կար մի քաղաքացի, կոչ էր անում բոլոր քաղաքացիներին, թե ով ոգելից չի օգտագործում, նա քրիստոնյա չէ, և «հետագա զարգացումներից խուսափելու համար» զգուշացրեց, որ, եթե կարգ խախտողներ լինեն, Ոստիկանությունը կմիջամտի:
Հարցին, թե տոնածառ բերելն իրավախախտում չէ՞, Ամանորի գիշերն արգելվել էր դրանց մուտքն Ազատության հրապարակ, իսկ հիմա Ոստիկանությունն ինչո՞ւ չխոչընդոտեց, Երևանի փոխոստիկանապետը պատասխանեց. «Հարցը տոնածառը չէ, կարող է մի իր լինի, որը չի առնչվում հավաքի հետ, իսկ այսօրվա ակցիան իրազեկված է, և օրենքով Ոստիկանությունը թուլատրեց ու հանդուրժողականություն ցուցաբերեց: Ոստիկանությունը 31-ի գիշերն էլ է գործել օրենքով: Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել, որն օրենքով է նախատեսված»:
Ակցիան կարող եք դիտել «Ազատություն» ռադիոկայանի և 1in.am-ի ուղիղ հեռարձակմամբ:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս