11 հիվանդ միացված է արհեստական շնչառության ապարատին. նրանցից մեկը ծննդկան է
Հանրապետությունում սուր շնչառական վարակներից 2015թ. դեկտեմբերից մինչ օրս 6 մարդ է մահացել: 6 հիվանդներն էլ վարակված են եղել գրիպի H1N1 տեսակով՝ խոզի գրիպով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նրա խոսքով՝ գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 855 դեպք, որից 331-ը՝ թոքաբորբ: Հոսպիտալացվածներից 101-ը հղի են. նրանցից 37-ի մոտ գրանցվել է թոքաբորբ: Հիվանդներից 672-ը երեխա է, որոնցից 150-ի մոտ թոքաբորբ է գրանցվել: 77 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. նրանցից 11 հիվանդ միացված է արհեստական շնչառության ապարատին. նրանցից 4-ի մոտ H1N1 է արձանագրվել: Հիվանդներից մեկը ծննդկան է, ում մոտ H1N1 չի ախտորոշվել:
Նա ասաց, որ իրավիճակն այնքան էլ անհանգստացնող չէ. «Իրավիճակը վերահսկելի է, սա ընդամենը սեզոնային գրիպի բարձրացում է»: Փոխնախարարն ասաց, որ խուճապի մասին խոսք անգամ չի կարող լինել. «Համեմատության առումով ասեմ, որ անցյալ տարի՝ այս նույն ժամանակահատվածում, նմանատիպ իրավիճակ է եղել, այնպես որ, որևիցե անհանգստանալու խնդիր չկա»: Նախարարի տեղակալն ասաց, որ այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակների, թոքաբորբի համաճարակ չկա: «Կա սուր շնչառական հիվանդությունների՝ սեզոնային գրիպի բարձրացում: H1N1-ի դեպքեր կան, որոնք լաբորատոր հետազոտություններով արձանագրվել, հաստատվել են, կան նաև սովորական թոքաբորբեր,- ասաց նախարարի տեղակալը, ապա շարունակեց,- Երկրում համաճարակ չկա, խուճապի մատնվելու կարիք չկա, բայց զգոնության կոչ ենք անում բոլորին՝ բուժաշխատողներին և մեր բնակչությանը»:
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյանն ասաց, որ եվրոպական, ինչպես նաև՝ մեր հարևան երկրներում արձանագրվել է դեպքերի բարձրացում, որը ՀՀ-ում սկսել է նկատվել նախատոնական օրերին: «Տոնական օրերին ջերմաստիճանի նվազումն իր գործոնն ունեցավ: Դուք գիտեք, որ տոնական օրերին բազմաթիվ շփումներ տեղի ունեցան, և դա նպաստեց սուր շնչառական վարակների բարձրացմանը»,- ասաց Արտավազդ Վանյանը: Նրա խոսքով՝ բարձրացել է բուժօգնության դիմելիությունը, ինչը թույլ է տալիս զերծ մնալ ծանր դեպքերից:
Արտավազդ Վանյանն ասաց, որ դեռ 2015թ. դեկտեմբերի վերջերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշեց, որ եվրոպական տարածաշրջանում 56 տոկոս շրջանառվում է H1N1 վարակը, 25 տոկոս՝ B տեսակի գրիպը, 10-11 տոկոս՝ սեզոնային և չտիպավորված գրիպը. «Սրանք ցուցանիշներ են, որոնք վերաբերում են համաճարակաբաններին, որպեսզի մենք վերլուծենք, հասկանանք, թե ինչ տիպի գրիպի հետ գործ ունենք: Բայց հիվանդությունը նույնն է՝ նույն նախանշաններով և նույն բուժումով»: Նրա խոսքով՝ նախորդ տարի H1N1-ով ավելի քիչ դեպք է գրանցվել, 2014-ին՝ ավելի շատ. տարեցտարի փոփոխություններ են տեղի ունենում: Ռիսկի խմբում գտնվող անձինք՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողները, ծերերը, երեխաները, հղի կանայք, առաջնային բուժօգնության օղակում աշխատող բժիշկները, պատվաստվել են, այժմ էլ շարունակվում են: Արտավազդ Վանյանն ասաց, որ ոչ բոլոր դեպքերում է, երբ H1N1-ը ծանր ընթացք է ունենում:
Վահան Պողոսյանն ասաց, որ «Tamiflu» դեղամիջողը կանխարգելիչ ազդեցություն չունի, այն նշանակվում է հիվանդության բուժման համար՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում՝ որոշակի հետազոտություններից հետո. փոխնախարարի խոսքով՝ այդ դեղամիջոցն արտադրվում է մի կազմակերպության կողմից, Հայաստան է ներկրվում 3 ներկրողների կողմից, կա մրցակցություն: