«Մենք պատերազմի մեջ ենք, ու պետք է նմանատիպ հոգեկերտվածքով մոտենանք այդ խնդիրներին». Թևան Պողոսյանը՝ ՊՆ մամուլի խոսնակի հայտարարության մասին

«ՊՆ մամլո խոսնակը նկարագրում է իրավիճակը, նա ասում է՝ իրավիճակը մոտ է պատերազմական գործողությունների, ինքը չի ասում՝ եկեք պատերազմ հայտարարենք»,- պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրավասու Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտարարել, որ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցողը պատերազմ է, և ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այդ հայտարարությունը՝ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաև Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ ինքն ամբողջ տարվա ընթացքում և՛ ֆեյսբուքյան գրառումներում, և՛ իր հայտարարություններում նշել է, որ պատերազմը չի ավարտվել. «Մենք պատերազմի մեջ ենք, ու պետք է նմանատիպ հոգեկերտվածքով մոտենանք այդ խնդիրներին: Այսօրվա դրությամբ Հայաստանը խնդիր չունի պատերազմ հայտարարելու, պատերազմը հայտարարված է եղել կամ առանց հայտարարվելու՝ վարվել է մեր հանդեպ Ադրբեջանի կողմից, և իրենք են միշտ նախահարձակ եղել, մենք եղել ենք պաշտպանողական: Ուղղակի, եթե նախկինում եղել են զինադադարի խախտման մի քանի դեպքեր տարվա ընթացքում, հիմա դա դարձել է ամենօրյա, ու հիմա այնքան է խախտվում, որ նույնիսկ 1991-94 թվականների պատերազմի ժամանակ օրեր են եղել, որ նույնիսկ այդքան չեն էլ կրակել: Եթե ՊՆ մամուլի խոսնակի շուրթերից հնչում է նման նկարագրություն, որ սա պատերազմ է, դժվար է զինադադար ասել, ստացվում է՝ իմ ողջ տարին արտահայտած տեսակետն ուղղակի ամրապնդվեց»:

Մեր ճշտող հարցին՝ փաստորեն, ըստ Ձեզ՝ այդ հայտարարությունն իր մեջ վտանգներ չի՞ պարունակում, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Դա այսօրվա իրավիճակի նկարագրությունն է, ինքը նկարագրում է փաստը, ռիսկի խնդիր չկա, սա է խնդիրը»: Հարցին էլ՝ կարելի՞ է այդ հայտարարությունը դիտարկել նույն օրը ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահի ելույթի շրջանակներում, Թ. Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ցանկացած բան կարելի է փորձել իրար կապել, բայց ինձ չի թվում, որ մենք պետք է այդ ուղղությամբ գնանք: Շատ լավ է, որ Հայաստանը նաև ՀԱՊԿ-ում է այս խնդիրը բարձրացնում, իսկ Պաշտպանության մեր բանակը կատարում է իր գործողությունները: Եթե եկել-հասունացել է այն վիճակը, որ բարձրացրել են, շատ լավ է, որովհետև, կարծես թե, մենք բոլորս մեկ տարուց ավելի պահանջում էինք, որ պետք է այդ խնդրին անդրադառնան, հիմա եղել է: Նույն օրվա մեջ արված այդ երկու հայտարարությունները փորձել իրար կապել, ցանկության դեպքում, ամեն ինչ էլ կարելի է անել»:

Մեր այն հարցին էլ, թե ինչո՞վ եք պայմանավորում, որ նախագահը հենց այս պահին նման ելույթով հանդես եկավ՝ հաշվի առնելով, որ շատ քաղաքագետներ դա կապում են ռուս-թուրքական հարաբերությունների սրման և ՀԱՊԿ-ի կողմից այդ հարցում էլ անարձագանք վերաբերմունքին՝ պատգամավորն այսպես պատասխանեց.

«Հայաստանը հենց հիմա է դարձել այդ կազմակերպությունը նախագահող երկիր, և ցանկացած նախագահող երկիր գալիս է իր օրակարգով: Եթե Հայաստանը համարում է, որ հիմա պետք է այս հարցերը բարձրացնել, բարձրացնում է, ցավում եմ, որ նախկինում չի բարձրացրել, բայց այս պահին Հայաստանը պետք է իր շահերից ելնելով՝ օրակարգը ձևավորի և օգտագործի իր այդ հնարավորությունը, որ ինքն է նախագահող երկիրը»: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ խնդիրը վերաբերում է նաև նրան, որ իսկապես իրավիճակը տարածաշրջանում փոխվել է, ու «մեր հայկական շահերն առաջ տանելու համար մենք պետք է իսկապես այդ իրավիճակից օգտվենք»:

«Ադրբեջանում տնտեսական իրավիճակը վատանում է, ինչը նաև ռիսկ է պարունակում, որ Ալիևը ցանկացած ներքին խնդրից կարող է փորձել ո ւշադրությունը շեղել՝ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ լարվածություն ստեղծելով: Այնպես որ, դա մի թնջուկ է, ինչից որ կարող է գալ այդ որոշումը, որ պետք է այս տեսակի ելույթ ունենալ: Այս իմաստով մի քանի գործոններ կան, որ գուցե դրդել են, որ հենց հիմա այդ մասին խոսի, որովհետև ներքին կարգով այս հարցը միշտ բարձրացվել է ու որևէ լուծում չի գտել, հիմա ուրախ եմ, որ բարձրաձայնվեց, ու այդ հարթակը ճիշտ իր նպատակին օգտագործվեց: Իհարկե, հույս չունենք, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ մի բան կանի, բայց դա մի հարթակ է, որ աշխարհի տարբեր տեղերից հետևում են, ու այնտեղ արված հայտարարությունները գտնվում են այդ ինստիտուտների ուշադրության ներքո»:

Տեսանյութեր

Լրահոս