Առողջաբեր դդումը. բուժիչ բաղադրատոմսեր

Սովորական դդումի գիտական անվանումն է` Cucurbita pepo: Հավանաբար բույսի «նախահայրն» է դդում հսկայականը (maxima), որի հայրենիքն է Հյուսիսային Ամերիկայի մերձարեւադարձային կլիմայական գոտին։ Մեքսիկացիները դեռեւս 5000 տարի առաջ այն օգտագործել են սնունդի մեջ, ինչպես նաեւ օգտագործել են իբրեւ անասնակեր։ Միամյա բույս է, ունի տարածվող կոշտ մազիկներով պատված ցողուն, բեղիկավոր եռաբաժան տերեւներ, որոնց օգնությամբ բույսը կարող է մագլցել հենարանի վրա։ Ծաղկում է ամռանը, ծաղիկները միայնակ են, դեղին, բույսը միատուն է` միասեռ ծաղիկներով։ Պտղի քաշը տատանվում է 300 գրամից մինչեւ 300 կգ. maxima տեսակի շրջագծի երկարությունը հասնում է 2,5 մետրի։

Մշակվում են դդումի դեկորատիվ եւ ուտելի տեսակներ, կուժանման հաստ պատերով դդումից պատրաստում են հեղուկներ պահպանելու համար նախատեսված սպասք։

Դդումի 100 գրամ պտղամիսը պարունակում է 1գ սպիտակուց, 4-6գ յուրացվող ածխաջրեր, 1,9 սննդաթել, 1,5մգ կարոտին, 8մգ ասկորբինաթթու, 0,13մգ պիրիդոքսին, (B6), 0,4մգ պանտոտենաթթու (B5), 0,5մգ նիացին (PP), 14 մկգ ֆոլացին (B9), 0,06 մգ ռիբոֆլավին (B2), 0,05մգ տիամին (B1), ֆլավոններ։ Հարուստ է կալիումի, երկաթի, պղնձի, ցինկի աղերով, պարունակում է նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր։ Կալորիականությունը` 29 կկալ։

Սերմերը պարունակում են մոտ 50գ ճարպ եւ սպիտակուց, ցինկ, մագնիում, հագեցած են ամինաթթուներով, չոր սերմերի կալորիականությունը մոտ 550 կկալ է։

Կարդացեք նաև

Գիրության դեպքում դիետոլոգները խորհուրդ են տալիս կատարել «դդումով» սննդակարգ, քանի որ պտղամիսը կարգավորում է օրգանիզմի մետաբոլիզմը, լավացնում երիկամների աշխատանքը, որի հետեւանքով դուրս են բերվում քլորիդները, լավացնում է մարսողականությունը, կանխում փորկապությունը։ Պեկտինային նյութերը նպաստում են խոլեստերինի, թույների, այլ վնասակար նյութերի հեռացմանը օրգանիզմից, կանխարգելում ջրազրկումը, պահպանում ստամոքսի եւ աղիների լորձաթաղանթը։

Պտղամիսն ունի հակաօքսիդանտ հատկություն, այն կանխարգելում է ծերացումը, նպաստում սեռական ակտիվությանը։

Վիտամին K-ն նպաստում է արյան մակարդելիության կարգավորմանը, վիտամին A-ն նպաստում է տեսողության լավացմանը։

Դդումից պատրաստված ուտեստները եւ հյութը խորհուրդ են տրվում նեֆրիտի, պիելոնեֆրիտի, հոդատապի, օստեոպարոզի, սիրտ-անոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, միզուղիների բորբոքման, երիկամային անբավարարության, թութքի, սթրեսի, քրոնիկ հոգնածության սինդրոմի, լեղաքարային հիվանդության, նյարդային խանգարումների դեպքում։ Հայտնի է, որ հյութը լուծում է լեղուղիների քարերը։

Pumpkin Patch

Մեծ կիրառում ունի դդումի սերմի յուղը, այն կարելի է գնել դեղատնից կամ պատրաստել տանը։ Յուղն օգտակար է շագանակագեղձի բորբոքման, հեպատիտի, ստամոքսաբորբի, խոցի, կոլիտի, վիտիլիգոյի եւ այլ մաշկային հիվանդությունների դեպքում։

Պտղամսի եւ սերմերի օգտակար ազդեցության ոլորտն այնքան մեծ է, արդյունավետ եւ երբեմն` դժվար բացատրելի, որ որոշ մասնագետներ համարում են, թե այն պարունակում է միայն իրեն բնորոշ յուրահատուկ «վիտամին` T»։

Վերջին տարիներին հայտնվել են հաղորդագրություններ, որ բուժիչ հատկություններով է օժտված նաեւ պտղակոթը, այնինչ տիբեթյան բուժարարները վաղուց ի վեր կիրառել են այն աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար. Մանր կտրատեք 15-20գ պտղակոթը եւ 2գ ակնամոմը, խառնեք եւ 15 րոպե եփեք 400 մլ եռջրում, բաժանեք 3-4 մասի, խմեք օրվա ընթացքում։ Օգտակար է նաեւ լյարդին, երիկամներին եւ սրտին։

Հակացուցում։ Պտղամիսը կարող է առաջացնել փքվածություն եւ ստամոքսի ցավ, այդ դեպքում օգտագործեք սամիթի սերմ, եւ չի կարելի խմել սառը ըմպելիքներ։ Հում պտղամիսը եւ դրա հյութը հակացուցված են ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում, հյութը` աղեստամոքսային հիվանդությունների սրացման դեպքում։

Հելմինտոզ

Ժամանակակից հակամակաբուծային բուժական թերապիայում լայնորեն կիրառվում է բուսաբուժությունը, այնուամենայնիվ, ոչ բոլոր հակամակաբուծային դեղաբույսերով կարելի է բուժել երեխաներին, տարեց մարդկանց կամ հղի կանանց։

Իր ակտիվությամբ դդումի սերմը զիջում է պտեր արականին (Dry opteris), սակայն պտերը թունավոր բույս է եւ ունի բազմաթիվ հակացուցումներ (վաճառվում են «Filixanum» դեղահաբերը)։

ddum55

Դդում սովորականի սերմը կիրառվում է կլոր որդերի եւ երիզորդերի վիժման նպատակով. փոքր չափաքանակներով 1 ժամվա ընթացքում, նախքան նախաճաշելը կերեք տրորած սերմը (կանաչ թաղանթով) մեղրի հետ (3։1 կամ 5։1)։ Չափաբաժինը` 5-7 տարեկան-100 գ, 8-10 տար.-150 գ, 15 տարեկանից բարձր-300 գրամ։

Դդումի սերմի ներքին կանաչ թաղանթը հարուստ է պղնձի օրգանական միացություններով, որոնք մահացու են` մակաբույծների եւ օգտակար` մարդու օրգանիզմի համար։ Բուժման համար նախատեսված սերմերը լավ է մաքրել օգտագործելուց անմիջապես առաջ (ոչ ուշ 24 ժամից)։ Թաղանթը նաեւ պահպանում է սերմի մեջ եղած ճարպը օքսիդացումից, օքսիդը վտանգավոր ազդեցություն կարող է ունենալ։

Մինչեւ 5 տարեկան երեխաների համար պատրաստեք «սերմի կաթ». 15 գ սերմը հարեք բլենդերով, մինչեւ ստացվի համասեռ զանգված, արծնապատ կաթսայի մեջ եփեք հումքը ջրային բաղնիքի վրա 400 մլ եռջրով, 2-3 ժամ անց անջատեք կրակը եւ թրմեք 8-10 ժամ։ Քամեք թանզիֆով, մոտ կես ժամից թուրմի մակերեսի վրա կառաջանա յուղի շերտ, որը պետք է հեռացնեք, իսկ մնացած լուծույթը խմեցրեք երեխային։ Սերմը խմելուց 2 ժամ հետո խմեք 25 գրամ մագնիումի սուլֆատի (անգլիական աղ) ջրային լուծույթը (1։4)։ Աղը ունի վերքերի ամոքիչ հատկություն, բացի այդ, այն օգնում է, որ կիսամեռ մակաբույծները հայտնվեն հաստ աղիում, որտեղից դրանց պետք է հեռացնել հոգնայի օգնությամբ, այլ կերպ կառաջանա թունավորում։ Գործողության ընթացքում խստորեն հակացուցված է հեղուկների օգտագործումը, կարելի է ուտել հաց, շիլաներ, խնձոր։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Կլոր որդերի վիժում

  • Սերմը մաքրեք, տրորեք, խառնեք շաքարավազի հետ (5։1), կերեք 30 գ, նախաճաշից 1 ժամ առաջ, շարունակեք 3 օր։
  • Խառնեք դդումի եւ գազարի մաքրած սերմերը, փոշիացրեք, ավելացրեք շաքարավազ (5։1։1), կերեք 20-ական գրամ սնվելուց առաջ, օրը 2 անգամ, շարունակեք 5 օր։
  • Չմաքրած, մանրացրած սերմին ավելացրեք եռջուր (1։3), 20 րոպե պահեք թույլ կրակի վրա, քամեք, խմեք 200-ական մլ, օրը 2 անգամ, սնվելուց առաջ, շարունակեք 4 օր։
  • Աղացեք դդումը (կեղեւով) եւ սխտորը, խառնեք (6։1), հումքը լուծեք գոլ (նախօրոք եփած) ջրում (2։1), խմեք 150-250 մլ, օրը 2 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ, շարունակեք 4 օր։

Երիզորդերի վիժում

  • Նախաճաշից առաջ կերեք 100 գ մաքրած սերմ, կես ժամից` սխտորի կաթնային եփուկ (1։10), եւս կես ժամից` լուծողական։
  • Օշինդրի (Arthemisia absinthium) խոտի եւ չմաքրած մանրացրած սերմի խառնուրդը 7 օր թրմեք օղու մեջ (1։10։20), քամեք, խմեք 50-ական մլ, օրը 2 անգամ, սնվելուց առաջ, շարունակեք 15 օր։

Ծծորդերի վիժում

150 գ սերմը մաքրեք, փոշիացրեք, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, հարեք, խառնեք թուրմին 2 ձվի դեղնուց, 20 գ մեղր։ Խմեք սնվելուց 2 ժամ առաջ, կրկնեք 10 օրից։

ddum6

Վերականգնող թերապիա

Խմեք 2 թ/գ վուշի եւ դդումի յուղերի խառնուրդը (1։1), վուշը` որպես հակասնկային, իսկ դդումը` վերքամոքիչ եւ հյուսվածքները վերականգնող։

– Խմեք 200-ական մլ դդումի հյութը` օրը 2-3 անգամ, սնվելուց 2 ժամ առաջ, շարունակեք 7-10 օր եւ կրկնեք 7 օրից։

– Խառնեք 50-ական մլ կոնյակը եւ գերչակի յուղը, խմեք նախաճաշից 1 ժամ առաջ։ Հատկապես ազդեցիկ է օշինդրով եւ դդումով բուժումից հետո։ Կոնյակը պարզապես «հարբեցնում» է կիսամեռ եւ նույնիսկ շարժունակ մակաբույծներին, իսկ գերչակի ձեթը լուծողական է։

Լյամբլյաների վիժում

Կիսեք դդումը, ազատեք միջնապատերը սերմից եւ 30 րոպե թրմեք փակ տարայում 400 մլ տաք ջրի մեջ։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ, սնվելուց 4 ժամ առաջ, շարունակեք 20 օր, մեկ ամսից կրկնեք։

Դդումով դեղատոմսեր

Ավազ երիկամներում

Բուսաբույժներ հայր եւ որդի Նոսալներն առաջարկել են բուժման հետեւյալ եղանակը. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած դդումի, վուշի եւ կանեփի սերմերը, լորենու եւ թանթրվենու ծաղիկները, մոշենի սովորականի (Rubus caesius) տերեւը, սրոհունդի խոտը։ Հումքի 4 ճ/գ-ին ավելացրեք 1 ճ/գ երիցուկի ծաղիկներ, 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք, բաժանեք 4 մասի, խմեք սնվելուց 1 ժամ առաջ, շարունակեք 5 օր։ Բուժման ընթացքում ցանկալի է ընդունել ամենօրյա տաք լոգանք, օգտագործեք կանաչ թեյ։ Կարեւոր է իմանալ, որ ավազի առաջացումը կանխարգելում է տանձի չրից պատրաստված կոմպոտը, իսկ տանձի սերմն ունի հակամակաբուծային հատկություն։

Նոսալների բուժման եղանակը նախատեսում է նաեւ համապատասխան հետազոտումներ եւ բժշկի հսկողություն։

Բուժում է դդումի հյութը

ddum1

Թութք. Մինչեւ նախաճաշը եւ երեկոյան սնվելուց կես ժամ առաջ խմեք 50-75 մլ դդումի հյութ, շարունակեք 15-30 օր։

Հոդատապ. Օրվա ընթացքում խմեք 100 մլ հյութ, շարունակեք 2 ամիս։

Աթերոսկլերոզ, հիպերտոնիա. Օրը 2 անգամ խմեք 100-ական մլ դդումի հյութ` 1 թ/գ մեղրի հետ, շարունակեք 3-4 ամիս։ Օգտակար է նաեւ սրտի եւ երիկամների անբավարարության դեպքում առաջացած այտուցների բուժման համար։

Փորկապություն. Օրը 2 անգամ խմեք 100-200 մլ հյութ։

Գիրություն, շաքարային դիաբետ (1-ին փուլ)

– Խմեք հասունացած դդումի հյութ օրը 200 մլ։

– Խառնեք խնձորի, լոլիկի, դդումի եւ կիտրոնի հյութերը (4։2։2։1)։ Խմեք օրը 100-400 մլ։

Սննդակարգային ուտեստներ

Պատրաստեք աղցան, որի համար կպահանջվի` 200 գ դդում, 40 գ գազար, 25 գ քարավուզի արմատ, 35 գ սամիթ, 100 գ թթվասեր։

Շիլա. 400 գ դդումը եւ 50 գ գազարը շոգեխաշեք 2-3 ճ/գ կարագի եւ 100 մլ կաթի մեջ, ավելացրեք 2 ճ/գ կորեկաձավար։

Ապուր. 500 գ դդումը եւ 60 գ գազարը կարճ ժամանակով իջեցրեք եռացող աղաջրի մեջ` մինչեւ փափկելը, մանրացրեք քերիչով եւ տրորեք քամիչի վրա, ավելացրեք մեկական ճ/գ տոմատի մածուկ եւ ցորենի ալյուր, որը պետք է լուծեք 400 գ ջրում, եփեք, կրակը անջատելուց 10-15 րոպե առաջ ավելացրեք 800 մլ կաթ, կերեք կարագի հետ (35 գ` ամբողջի համար)։ Խորհուրդ է տրվում շաբաթը երկու օր սնվել դդումից պատրաստված ուտեստներով։

ddum

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց. Բովեք 100 գ բրինձ, փոշիացրեք, ավելացրեք 50 գ բոված մանրացրած գարու հատիկ, 100 գ աղացած դդումի սերմ։ Հումքը խառնեք 150-ական գրամ կարագի եւ մեղրի հետ։ Հատկապես օգտակար է ծանր հիվանդությունից հետո։

– Մաքրեք եւ փոշիացրեք մեկական ճ/գ դդումի եւ արեւածաղկի սերմերը, ընկույզի միջուկը, խառնեք, լուծեք տաք ջրում։ Խմեք առավոտյան եւ երեկոյան, շարունակեք 10-12 օր, կարող եք կրկնել 15 օրից։ Այս միջոցը կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը։

– Կիսեք դդումը (1,5 կգ), հեռացրեք սերմերը եւ դրանց միջնապատերը, յուրաքանչյուր կեսի մեջ դրեք 40 գ կարագ, երկուական ճ/գ հազրեվարդի եւ եղեսպակի տերեւներ, աղ եւ բիբար (ըստ ճաշակի)։ Միացրեք դդումի երկու մասերը, դրեք ջեռոցի մեջ, մինչեւ պտղամսի փափկելը։ Հատկապես օգտակար է հիշողության համար։

Թոքախտի դեպքում. 400 գ դդումի ցողունը եւ տերեւը եփեք 300 մլ եռջրում, մինչեւ մնա հեղուկի կեսը, քամեք։ Խմեք 75-ական գրամ, առավոտյան եւ երեկոյան, սնվելուց մեկ ժամ հետո։ Շարունակեք 2 շաբաթ։

Հեպատիտի դեպքում. 200 գ մանրացրած, չորացրած սերմը 2 ժամ տաքացրեք 200 մլ ձիթապտղի յուղի մեջ 600C ջերմաստիճանի ջրային բաղնիքի վրա, մեկ շաբաթ թրմեք հով տեղում, քամեք։ Խմեք 1 թ/գ, օրը 2 անգամ։

Անեմիայի դեպքում. Կերեք 100-150 գ դդումի քերած պտղամիս օրը 3 անգամ։

Անքնություն. 1 թ/գ դդումի սերմը, 10 հատ նուշի կորիզի միջուկը 8 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրի մեջ, խմեք երեկոյան գոլ վիճակում։

Աթերոսկլերոզ. 800 գրամ մաքրած սերմը փոշիացրեք, լցրեք շշի մեջ, ավելացրեք օղի այնքան, որ հումքը ծածկվի։ Թրմեք 2 շաբաթ, քամեք մի քանի տակ ծալված թանզիֆով, մզեք, ավելացրեք 1 ճ/գ կիտրոնի հյութ։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Շարունակեք, մինչեւ ոգեթուրմի ավարտը։

Գեղարարություն

Պիգմենտային բծեր

– Թարմ, մաքրած սերմերը տրորեք ջրի մեջ (1։1), խառնեք մեղրի հետ, մինչեւ ստացվի համասեռ զանգված, 3 րոպեից լվացեք սառը ջրով։

– Մաշկի խնամքի համար նախատեսված քսուքներին ավելացրեք մի քանի կաթիլ դդումի սերմի յուղ։

Չոր մաշկի համար. 2 ճ/գ շոգեխաշած դդումը տրորեք եւ հարեք 1 ճ/գ բուսայուղի հետ, 20 րոպեից լվացեք գոլ կամ սառը ջրով։

Ճարպոտ մաշկի համար. Հում դդումը տրորեք եւ հարեք 1 ձվի սպիտակուցի հետ, 10 րոպեից լվացեք սառը ջրով։

Սպիտակեցնող դիմակ. Խառնեք շոգեխաշած դդումի շիլան եւ կիտրոնի հյութը (3։1), 15-20 րոպե անց լվացեք սառը ջրով։

Սնուցող դիմակ` ցանկացած տեսակի մաշկի համար

– Հարեք 3 ճ/գ շոգեխաշած պտղամիսը 1 ձվի դեղնուցի եւ 1 թ/գ մեղրի հետ, 15-20 րոպե անց լվացեք սառը ջրով։ Կամ`

– Դեմքը մաքրեք տրորած թարմ դդումի քերած հյութով, կարելի է կատարել ամեն օր։

Ձեռքերի խնամք. Թարմ դդումի քերվածքը խառնեք ծիրանի կամ դեղձի յուղի հետ, քսեք ձեռքերին, հագեք ռետինե ձեռնոցներ, 1 ժամից լվացեք գոլ ջրով։

Ատամների խնամք. Կերեք 3-4 դդումի ծաղիկ` կես թ/գ ծաղկափոշու հետ։ Մի քանի րոպե լնդի եւ ատամնաշարի վրա պահեք բարակ կտրած հում դդումի շերտ։

«168 ԺԱՄ»
2011թ.

Տեսանյութեր

Լրահոս