Իրաքը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ բողոքելով երկիր Թուրքիայի անօրինական ներխուժման դեմ
Իրաքի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ բողոքելով թուրքական իշխանությունների գործողություններից, ովքեր հրաժարվել են իրենց զինվորականներին դուրս բերել Մոսուլի շրջանից: Նամակը ստանալու փաստը հաստատել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, ով կատարում է ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահի պարտականությունները:
Նամակը միջազգային կազմակերպությանն է հանձնել Իրաքի դեսպան Մուհամմեդ Ալի Ալհաքիմը:
«Նա խնդրել է ինձ՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ նախագահ, տարածել նամակն Անվտանգության խորհրդում, ինչը ես մոտ ապագայում կանեմ»,- հայտարարել է Փաուերը:
Հիշեցնենք, որ Անկարան, առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության, 150 զինծառայող ու 25-25 տանկ է ուղարկել Իրաք՝ իբր պաշտպանելու իր զինվորական խորհրդականներին, որոնք մարզում են Մոսուլի հարակից շրջանների քրդերին:
Իրաքը թուրքական զինուժի ներկայությունը երկրում համարում է «ներխուժում» ու հայտարարել, թե ոչ մի զինվորական օպերացիա չի համաձայնեցվել Բաղդադի դաշնային կառավարության հետ:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես մերժել է Իրաքից դուրս բերել իր զինվորականներին, ավելին, քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս կարող է ավելացնել զինվորականների թիվը Իրաքի հյուսիսում:



