Վարդան Պողոսյանի հարազատները բարկացրե՞լ են նախարարին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տարբեր առիթներով դժգոհություն է հայտնել սահմանադրագետ Վարդան Պողոսյանի բարեկամներից, որոնք իր ենթակայության տակ են աշխատում։ Վարդան Պողոսյանի որդին՝ Արման Պողոսյանը, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատող Է։ Երբ Արփինե Հովհաննիսյանը ձեռնամուխ էր եղել նախարարությունում նոր կարգուկանոն հաստատելուն եւ խստություններ էր կիրառում, սահմանադրագետի որդին բարկացրել էր նրան։ Նա ուշացումով էր գնացել աշխատանքի, եւ դրա համար նախարարը կրտսեր Պողոսյանին զրկել էր պարգեւավճարից։ Վերջերս էլ սահմանադրագետի աներորդու՝ Կամո Ադամյանի հետ է լարվածություն ստեղծվել։ Ադամյանն իրավաբանական անձանց պետական գրանցման վարչության պետն Է։ Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է նրան ազատել աշխատանքից։

Հիշեցնենք, որ Կամո Ադամյանն աչքի է ընկել նախարարությունում իր բիրտ պահվածքով։ Նա գարնանը մարդ էր ծեծել՝ Պետռեգիստրի աշխատակիցներից մեկին։ Ոմանք ներկայացնում էին, որ ոչ թե ծեծ է տեղի ունեցել, այլ սովորական աշխատանքային վիճաբանություն։ Նախարարությունում ծառայողական քննություն գնաց, ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց, որն այնուհետեւ կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Երիտասարդ նախարարը որոշել է այժմ ազատվել Պետռեգիստրի պետից։ Իհարկե, նա լուրջ հովանավոր ունի, ի դեմս նոր Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանի։ Լուրեր կան, որ վերջինս նույնիսկ փորձում է նախագահի մոտ բարեխոսել իր աներորդու համար, եւ այս մասին լուրերը հասել են նախարարին։ Բայց Արփինե Հովհաննիսյանն աննկուն է, նա ասել է. «Նախագահն էլ ասի՝ չեմ անելու»։ Նա կիսագողական պահվածք է որդեգրել նախարարությունում եւ իր ենթակաների հետ հարաբերվելիս երբեմն տղամարդկային լեքսիկոն է օգտագործում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս