«Անպայման համարժեք պատասխաններ լինելու են». Լևոն Բարսեղյանը զգուշացրեց ընտրակեղծարարներին
«Այս անգամ այնքան հեշտ չի լինելու կեղծել հանրաքվեն, որքան 10 տարի առաջ էր»,-համոզված է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իրենք աշխատելու են հանրավորինս վերահսկել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:
«10 տարի առաջ էլի հանրաքվե է եղել, մենք չենք հիշում, որ դիտորդական որևէ առաքելություն եղած լիներ այն ժամանակ: Մյուս կողմից՝ նկատում եք արդեն, որ դիտորական հսկողական մոտիվացիան մեծ է: Մի շարք կազմակերպություններ նույնպես հայտ են ներկայացրել դիտորդական առաքելություն իրականցնելու»,- նշեց Լ. Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ այս անգամ այնքան հեշտ չի լինելու կեղծել հանրաքվեն, որքան 10 տարի առաջ. «Էս գլխից ուզում եմ զգուշացնել բոլոր այն խորամանկ, հեզաճկուն համայնքապետերին, հանձնաժողովի նախագահներին, որ եթե իրենց թվում է, թե իրենց տեղամասում չի լինելու հսկողություն, չենք իմանալու՝ ինչ այլանդակություններ են անելու այնտեղ, սխալվում են. անպայաման համարժեք պատասխաններ լինելու են՝ դա կարող է լինել անմիջապես, կարող է լինել տարերային աղետի տեսքով, ճանապարհատրանսպորտային պատահարի տեսքով, Աստված կարող է պատժել իրենց և այլն: Խոստանում եմ ամենայն լրջությամբ և կոչ եմ անում ուղղակի հեռու մնալ այդ այլանդակություններից»:
Լ. Բարսեղյանը նկատեց, որ շատերը մարդկանց համոզում են, որ ամեն ինչ արդեն որոշված է. «Եթե ամեն ինչ որոշված լիներ, սրանք իրենք իրենց մեջտեղից չէին ճղվի: Ոչինչ էլ որոշված չէ»: