Ռուսաստանը նոր ավիաբազա է բացում Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարելու համար
Ռուսաստանը ևս մեկ ավիաբազա է բացում Սիրիայում ու արդեն ուղղաթիռների համար օգտագործում է ռազմական օդանավակայան Հոմս նահանգում, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով սիրիացի իրավապաշտպաններին ու ռազմական աղբյուրներին:
Ինչպես հայտնում է Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնը, ռուս մասնագետները ձեռնամուխ են եղել նոր թռիչքուղիների կառուցմանը «Շայրաթ» օդանավակայանում:
Բացի այդ՝ ըստ կենտրոնի տվյալների՝ ռուսական ռազմական ուղղաթիռներն արդեն թռիչքներ են իրականացնում Т-4 ռազմական օդանավակայանից, որպեսզի հարվածներ հասցնեն ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին Պալմիրայի շրջանում:
Աղբյուրների տվյալներով, որոնց մեջբերում է կատարում AFP-ն, «Շայրաթում» արդեն մի քանի շաբաթ է, ինչ գտնվում են ռուս զինվորական խորհրդականներ, ու բազան ռուսական ավիացիան կսկսի օգտագործել մինչև դեկտեմբերի վերջը: