«Սպառողը պարտավորվում է վճարել, բայց աղբահանություն իրականացնող կառույցից ոչինչ չի կարող պահանջել»
«Սպառողը պարտավորվում է, որ պետք է վճարի աղբահանության համար, չվճարելու դեպքում տուգանքներ են գալիս, բայց աղբահանություն իրականացնող կառույցը երբ թերանում է իր պարտականությունները կատարելիս, սպառողը ոչինչ չի կարողանում անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով աղբահանության հետ կապված՝ սպառողների ոտնահարված իրավունքների խնդրին՝ ասաց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նա նշեց, որ աղբահանության համար դրամահավաք կատարում է թաղապետարանի կամ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, բայց տնօրինում է քաղաքապետարանը. «Ստացվում է ինչ-որ շղթա, որը չի կառավարվում: «Սանիտեկ» կազմակերպության ստեղծվելուց հետո խնդիրը կարծես թե մի փոքր լուծվել է, բայց բարձրահարկ շենքերի խնդիրը մնում է նույնը: Այդ շենքերում աղբահանություն կատարվում է հինգ օրը, շաբաթը մեկ: Ստացվում է, որ բոլորը նույն կերպ են վճարում, բայց մի տեղ աղբահանությունը նորմալ է իրականացվում է, մի տեղ՝ ոչ»:
Նա ընդգծեց՝ ըստ կառավարության որոշման՝ առնվազն երեք օրը մեկ, իսկ +5 և ավելի ջերմաստիճանի դեպքում՝ ամեն օր պարտադիր պետք է աղբահանություն իրականացվի, ինչը չի լինում. «Մեր շենքն էլ է բարձրահարկ, ու այդ խնդիրը կար: Դիմեցի համապատասխան ծառայություններին, որտեղից պատասխան է եկել, որ աղբահանություն իրականացնող ընկերությունը տեխնիկական խնդիրներ է ունեցել, և այսուհետ այդ խնդիրները կշտկվեն: Որոշ շտկումներ եղան, բայց դրանք բավարար չէին: Հաջորդ անգամ արդեն նկարեցի ու նկարներով դիմեցի, որ հետո չասեն, թե այդպիսի խնդիր չկա. նկարների վրա օրերը ֆիքսվում էին: Հետո ինձ դատի տվեցին, որ չեմ վճարում աղբահանության համար, սակայն ես առարկություն արեցի՝ ներկայացնելով այդ լուսանկարները, և դատարանն ընդունեց իմ առարկությունը: Բայց հիմա այդ պարտքը մնում է, դեռ մի բան էլ՝ ավելանում, բայց չգիտեմ՝ ինչպես լուծել այդ խնդիրը: Լուծարվեց այդ կառույցը, որտեղ դիմել էի, հիմա նոր կառույց է դրա փոխարեն, բայց այդ հարցը մնում է չլուծված»: