«Հայաստանում ռուսական ռազմաբազան ՌԴ-ն կօգտագործի միայն պատերազմի դեպքում». Վիկտոր Նադեին-Ռաևսկի

168.am-ի զրուցակիցն է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին

– Վիկտոր Անատոլևիչ, միջազգային հանրությունն այս օրերին քննարկում է թուրքական օդուժի կողմից ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչի կործանումը, որը, ըստ որոշ գնահատականների, ՌԴ-ՆԱՏՕ առճակատման, ոմանց գնահատմամբ` Սիրիայում Թուրքիա-Ռուսաստան կուտակված տարաձայնությունների հետևանք էր: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ, եթե Թուրքիայի նախագահն անմիջապես միջադեպից հետո պնդում է, որ չի ձգտում հարաբերությունների լարման, նույնը` Վլադիմիր Պուտինը:

– Առաջինը և ոչ պակաս կարևորն այս հարցում հետևյալն է` մեր շտուրմանն իր ցուցմունքներն է տվել և պնդել, որ ինքնաթիռը մուտք չի գործել Թուրքիայի օդային տարածք, այլ թռիչքներ է իրակայացրել բացառապես Սիրիայի օդային տարածքում: Այս մասին փաստում են նաև օբյեկտիվ տվյալները` և արբանյակներից, և հետաքննության բոլոր համակարգերից: Թուրքիան տրամադրում է ինքնաթիռի հետագծի ինչ-ինչ սխեմաներ, որոնք ոչինչ չեն փաստում: Այսկերպ թուրքական կողմի սուտն ակնհայտ է: Ամերիկյան կողմի տվյալները ևս այս մասին են փաստում՝ մեկ տարբերությամբ, որ մեր ինքնաթիռը 15 վայրկյանով է խախտել թուրքական սահմանը: Սահմանի այդ հատվածը, ես կասեի, որ նույնիսկ դժվար է չխախտելը, քանի որ սահմանը զիգզագաձև է, սակայն այդ ինքնաթիռի անձնակազմը փորձառու է եղել, առաջին անգամը չէ, որ այդ անձնակազմն այդ հատվածով թռիչքներ է իրականացրել, ուստի ակնհայտ է, որ տիրապետել է տեխնիկային, արել ամենը, որ չխախտեն սահմանը: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն խախտել:

Երկրորդը` հարձակումը պատահական չէր: Թուրքական կործանիչները պարզապես պահակի դեր են կատարել՝ սպասելով այդ ինքնաթիռին: Այս գործողությունը պատահական չէր, սա ծայրաստիճան կարևոր բաղադրիչ է՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակը: Խոսքը ծրագրված սադրանքի մասին է:

Երրորդ` ինչո՞ւ էր Էրդողանին անհրաժեշտ այդ սադրանքը: Պետք է ուղիղ խոսել այս մասին: Էրդողանը սա արեց՝ վրեժխնդրությունից ելնելով: Սրա պատճառն այն է, որ Սիրիայում ռուսական օդային գործողությունների թիրախում են հայտնվել նավթային փոխադրումները: Օդային գործողությունների հետևանքով ոչնչացվել է մոտավորապես հազար նավթ փոխադրող բեռնատար վերջին օրերին: Հասկանալի է, որ մարդիկ ևս մահանում են: Բայց պետք չէ գողանալ, դա գողացված նավթ է, որը գողանում են իրաքցիներից և սիրիացիներից, այն տարածքներից, որտեղ դիրքեր ունի «Իսլամական պետությունը»: Սա բիզնես է, նավթը գալիս է Իրաքից՝ Սիրիա, ապա՝ Թուրքիա: Այս նավթային բիզնեսում իրենց մասնաբաժինն ունեն նաև Էրդողանի ընտանիքի անդամները: Ինչ վերաբերում է նրա որդուն, ապա նրա մասին ոչ մեկ անգամ է խոսվել, նա վաղուց է այս բիզնեսով զբաղվում:

Այս ապօրինի միջոցառումներին մասնակից է նախագահի ընտանիքն ու ԻՊ-ը: Սիրիայի և Իրաքի թանգարաններից և այլ վայրերից գողություններ են կատարվում, դա ևս մեծ եկամուտ է բերում: Առևտուրը շատ ավելի լայն է այնտեղ, քան մենք ենք պատկերացնում, քանի որ, պատկերացրեք, թե որքան գործարաններ են հայտնվել ԻՊ-ի ներկայացուցիչների ձեռքում: Այս ամենին կարող են մասնակից լինել նաև Թուրքիայի այլ պաշտոնատար անձինք: Կա մեկ այլ շատ վտանգավոր թեմա, որը չի շոշափվում. դա մարդկանց վաճառքն է: Կասեք, որ Թուրքիան միլիարդներ է կորցնում նաև Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերություններից, այո, այդպես է, թուրքական տնտեսության համար լուրջ վնաս է, կա նաև միասնական պրոյեկտը՝ «Թուրքական հոսքը» և էլեկտրակայանի կառուցումը, դրանցում մենք միլիարդներ ենք ներդրել և միայն կառուցումից հետո ենք գումարներ ստանալու՝ հոսանքի վաճառքի արդյունքում: Այս պրոյեկտները նույնպես կարող են հարվածի տակ հայտնվել: Թուրքական ընկերությունները ևս հզոր պրոյեկտներ են նախաձեռնում Ռուսաստանում: Կարող են հետևանքները կործանարար լինել երկու երկրների համար: Մենք Թուրքիայի համար երկրորդ գործընկերն ենք առևտրում, իսկ նրանք մեզ համար` հինգերորդը: Հարաբերությունների նման սրումը ձեռնտու չէ, առաջին հերթին՝ Թուրքիային:

Ըստ Ձեզ` հետագայում սրացումներ կլինե՞ն: Շատ է խոսվում ռուսական պատասխանի մասին, հասկանալի է, որ ռուսական պատասխանին էլ թուրքականը կհաջորդի, և

– Առաջին փուլում մենք Լաթաքիայում ավելի ամուր հիմքերի վրա ենք դրել մեր ՀՕՊ համակարգը, որպեսզի ծածկենք Սիրիայի օդային տարածքի այդ հատվածը, S-300 ունենք, բացի դրանից՝ S-400, ավելի հզոր տեխնիկա կործանիչների դեմ: Բացի դրանից, ռմբակոծիչները ստանում են հավելյալ ռազմամթերք: Սրանք նախնական միջոցառումներն են, վստահաբար պետք է սպասել այլ միջոցառումներ ևս ռազմատեխնիկական բնույթի: Մենք լուրջ հնարավորություններ ունենք: Մենք կարող ենք պատասխան տալ անհրաժեշտության դեպքում: Բայց ռազմական լարվածություն այս պահին Թուրքիային և Ռուսաստանին անհրաժեշտ չէ:

Շատ է խոսվում ՀՀում տեղակայված ռուսական ռազմաբազաների օգտագործման մասին Սիրիայում, կամ ռուսթուրքական հարաբերությունների լարման դեպքում դրանց օգտագործման և այն մասին, որ դրանք կարող են դառնալ Թուրքիայի թիրախը: Ռուսաստանը, ըստ Ձեզ, այս փուլում կցանկանա՞ այդ ռազմաբազաներն օգտագործել:

– Քանի որ խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի մասին չէ, իսկ դա երկու կողմերի դիրքորոշումն է, այդ բազաների օգտագործումը չի դիտարկվում: Իսկ որպեսզի դրանք օգտագործվեն Սիրիայում, պետք է հատել թուրքական տարածքը, իսկ դա անհնար է: Իսկ ո՞վ է ասում այս մասին, երևակայություններ են, իրողություններից չեն ելնում, պետք է քարտեզին նայել: Որպեսզի հարված հասցվի Սիրիայում մեր հրթիռներով, պահանջվեց կոալիցիայի ձևավորում Իրանի, Իրաքի, Սիրիայի միջոցով, քանի որ նրանց օդային տարածքն է օգտագործվել: Միջազգային իրավունքի խախտում՝ կնշանակի՝ Թուրքիայի տարածքով Հայաստանից ինչ-ինչ ուժեր տանելը կամ օգտագործելը, դա քաղաքականապես անհնար է, ներկայումս մենք աշխատում ենք միջազգային նորմեր չխախտել: Չպետք է երևակայություններին տրվել:

Տեսանյութեր

Լրահոս