Ինչո՞ւ է պատգամավորների մեծ մասն իրենց անդեմությամբ այդքան նման կոմունիստական ֆունկցիոներներին». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Նայում էի հին լուսանկարներ: 1990 թվականի խորհրդարանը: Կոմունիստական թառամած դեմքեր (անկախ տարիքից) եւ երիտասարդ, հիմնականում ակադեմիական, գիտական միջավայրից եկած օրիգինալ, ինքնուրույն մտածող մարդիկ: Այդպիսի դեմքեր կարելի էր հանդիպել ոչ միայն խորհրդարանում, այլեւ տարբեր պետական հիմնարկներում: Նրանք խոսում էին բոլորովին այլ` նախկինում անծանոթ բառապաշարով, նրանց ելույթներում չկային տրաֆարետային բանաձեւեր: Միտքը սուր էր եւ ինչպես հիմա է ընդունված ասել` «կրեատիվ»: Եվ «հանկարծ» հինգ տարի անց` 1995-ին, գերիշխող դարձավ նույն ձանձրալի, անդեմ «պարտխոզակտիվը»՝ առանց ինքնուրույն մտքերի, մաշված եւ իմաստ չարտահայտող բանաձեւերով:
Այդպիսիք դարձան նաեւ նրանք, ովքեր դրանից 5 տարի առաջ հետաքրքիր եւ օրիգինալ էին: Նրանք դարձան ծանրաշարժ եւ փքված, ձեռք բերեցին խորհրդային բյուրոկրատիայի բոլոր հիմնական գծերը: Այդ «պարտխոզակտիվն» էլ մնաց 20 տարի: Չեմ ուզում խորանալ այն հարցի մեջ, թե ինչ է տեղի ունեցել 5 տարում: Նրանք, ովքեր այդ ընթացքում իշխանության մեջ էին, հիմնականում ասում են, որ ոչինչ էլ չպատահեց, ինչպես կային, այդպես էլ մնացին, իսկ նրանք, ովքեր ասում են, որ որոշ բան, այնուամենայնիվ, «պատահեց», այդ մարդիկ «պատմության կեղծարարներ են»: Բայց դա առանձին թեմա է: Ինձ հիմա այլ հարց է հուզում՝ ինչո՞ւ է այդ ամենն ինձ «սովետ» հիշեցնում: Միայն ի՞նձ է հիշեցնում, թե՞ ինձ նման մտածողներ էլի կան: Ինչո՞ւ է ՀՀՇ-ն (1995-1998 թվականների) եւ ՀՀԿ-ն (1998-ից առ այսօր) այդքան նման ԽՄԿԿ-ին: Ինչո՞ւ են երիտասարդ ՀՀԿ-ականներն ինձ հիշեցնում կոմերիտականներին: Ինչո՞ւ է պատգամավորների մեծ մասն իրենց անդեմությամբ եւ, թող թույլ տրվի ասել՝ «գաղջությամբ» այդքան նման կոմունիստական ֆունկցիոներներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: