«Արտակ Բուդաղյանի ագրեսիվ պահվածքի և դեպքի վայրում նրա վտանգավորության մասին տեղյակ է եղել նաև հանգուցյալ Ավետիք Բուդաղյանը»

Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 23-ին կհրապարակի 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի բողոքի վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ ամբաստանյալը մեղավոր էր ճանաչվել և նկատմամբ որպես պատիժ էր նշանակել 120.000 դրամ տուգանք: Կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի որոշումը՝ դատարանը վճռել էր նրան ազատել նշանակված պատիժը կրելուց: Այժմ Հայկ Ալումյանը պահանջում է արդարացնել Արտակ Բուդաղյանին:

Դատարանն այսօր ավարտվեց բողոքի քննությունը. մինչ այդ մեղադրող Կարեն Հարությունյանը և տուժողի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանի ներկայացրին իրենց առարկությունները:

Դատախազի առարկությունները

Կարեն Հարությունյանը նշեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն օրինական է, իսկ Արտակ Բուդաղյանի պաշտպանի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Նրա խոսքով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալի մեղքը հիմնավորված է համարել` դատարանում հետազոտված տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետների եզրակացություններով: Մեղադրողն ասաց, որ որպես հիմնավորում՝ պաշտպան Հայկ Ալումյանը վիճարկել է տուժողի և վկաների ցուցմունքների արժանահավատությունը, քրեական գործն ըստ ենթակայության ուղարկելու հիմնավորվածությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայությունը:

Նա նշեց, որ անդրադառնալով տոժողի և վկաների ցուցմունքներին՝ Հայկ Ալումյանը նշել է, որ նախաքննության սկզբնական փուլում թե տուժողը, թե վկաներից որևէ մեկը Արտակ Բուդաղյանի կողմից հնչեցված սպառնալիքների մասին ոչինչ չեն հայտնել և այդ մասին սկսել են նշել նախաքննության հետագա փուլերում.

«Պաշտպանի նման պատճառաբանությունն անհիմն է, չի բխում քրեական գործի փաստական հանգամանքներից, քանի որ դեռևս 02.06.2013թ.՝ դեպքից ժամեր անց, հարցաքննվել են Լորետա Բարսեղյանը և Անգելինա Քայանը, և իրենց առաջին իսկ ցուցմունքներում հստակ նկարագրել են Արտակ Բուդաղյանի կողմից հնչեցված սպառնալիքների մասին:

Ինչ վերաբերում է գործով մյուս վկաների ցուցմունքներին, որոնք սպառնալիքների մասին հայտնել են ոչ թե իրենց առաջին ցուցմունքներում, ապա այդ մասին կարող եմ հայտնել, որ եթե ուսումնասիրեն նշված անձանց ցուցմունքները, ապա ակնհայտ կդառնա, որ քննիչի կողմից նշված հարցաքննությունների ընթացքում որևէ հարցադրում սպառնալիքների վերաբերյալ չի կատարվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել վկաների կողմից այդ մասին իրենց առաջին ցուցմունքներում չհայտնելու համար:

Նախաքննության ընթացքում, երբ գործով քննչական խմբի ղեկավարի կողմից արդեն իսկ կատարվել են հստակ հարցադրումներ դեպքի հանգամանքների վերաբերյալ, այդ ժամանակ վերը թվարկված բոլոր վկաներն էլ մանրամասն նկարագրել են ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի կողմից հնչեցված սպառնալիքները»:

Նա նշեց, որ տուժողների և վկաների ցուցմունքների արժանահավատությունը քննարկելիս անհրաժեշտ է դրանք համադրել նաև տեսաձայնագրառման հետ, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում նրանց ցուցմունքների ճշմարտացի լինելը:

«Արտակ Բուդաղյանի ագրեսիվ պահվածքի և դեպքի վայրում նրա վտանգավորության մասին տեղյակ է եղել նաև հանգուցյալ Ավետիք Բուդաղյանը, որը, րոպեներ առաջ դեպքի վայր հասնելով, այնտեղ գտնվողներին զգուշացրել է Արտակ Բուդաղյանի գալու մասին՝ հորդորելով, որպեսզի նրանք զգույշ մնան: Ողջ դատաքննության ընթացքում հարցաքննված վկաներին ուղղված հարցերի ժամանակ հաստատավել է, որ դեպքի վայրում Արտակ Բուդաղյանին ամենամոտ կանգնած է եղել տուժող Լորետա Բարսեղյանը, և վերջինս էլ մեղադրողի կողմից կատարված հարցադրմանը հստակ պատասխանել է, որ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, բացի իր ամուսնու և ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքներից՝ կոնկրետ սպառնացել է նաև իրեն՝ հայտարարելով, որ սպանելու է:

Զարմանալի է, որ նման ապացույցների առկայության պայմաններում պաշտպանը փորձում է հերքել իր պաշտպանյալի կողմից կատարած հանցագործությունը և պնդում, թե իբր Արտակ Բուդաղյանը որևէ մեկին, առավել ևս Լորետա Բարսեղյանին չի սպառնացել»,- ասաց Կարեն Հարությունյանը:

Անդրադառնալով այն պնդմանը, որ քրեական գործն ըստ ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայությանը փոխանցելն օրինական չի եղել, մեղադրողն ասաց, որ դա ևս հիմնազուրկ է, քանի որ որոշումը կայացնելիս քննիչն առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Նրա խոսքով՝ Հայկ Ալումյանը դա փորձում է վիճարկել այն հանգամանքով, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել միայն գործը ՊՆ քննչական ծառայություն ուղարկելուց հետո, և ըստ նրա տրամաբանության՝ Արտակ Բուդաղյանին մինչ այդ որևէ հանցագործություն չի վերագրվել և չէր էլ կարող վերագրվել. «Իմ կարծիքով՝ պաշտպանը ճիշտ չի մեկնաբանել «վերագրվել» և «մեղսագրվել» հասկացությունները, և այն, որ քրեական գործի քննության ընթացքում պարզ է դարձել Արտակ Բուդաղյանի՝ դեպքի վայրում գտնվելու, զինված լինելու և առերևույթ հանցագործություն կատարելու փաստը, այդքանը բավարար էր, որպեսզի քննիչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով որոշում կայացներ քրեական գործն ըստ ենթակայության ուղարկելու համար»:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի առկայության մասին հարցին՝ մեղադրողն ասաց, որ այդ հարցում ևս պաշտպանը ճիշտ չի գնահատել քրեական գործով ձեռք բերված ապացույցները և չի վերլուծել հանցակազմի տարրերը: Նա նշեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական է և հիմնավորված և խնդրեց մերժել բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ և օրինական ուժի մեջ թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Տուժողի ներկայացուցչի առարկությունները

Տուժողի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանն ասաց, որ համաձայն է մեղադրողի հետ: Նա նշեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավոր է, արդարացի: Նրա խոսքով՝ տուժող կողմը միշտ էլ հայտարարել է, որ ամենևին նպատակ չունի, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ խիստ պատիժ կիրառվի, այդ պատճառով այդ հարցը թողել են դատարանի հայեցողությանը, սակայն գտնում են, որ նրա արարքում հանցակազմ կա:

Մարտին Զիլֆուղարյանի խոսքով՝ դեպքից ժամեր անց հարցաքննվել են Լորետա Բարսեղյանն ու Անգելինա Քայանը և խոսել են նաև Արտակ Բուդաղյանի կողմից հնչեցված սպառնալիքների մասին, իսկ մյուսները հետագայում նաև տվել են նման ցուցմունքներ: Նա նշեց, որ դեպքի ժամանակ հրազենային կրակոցից մեկ անձ մահացել է, մյուսը՝ ստացել ծանր վնաս, բնականաբար քննիչը նախևառաջ պետք է պարզեր, թե ովքեր են հրազենային վնասվածքներ հասցրել, ովքեր են մանակցել դրան, հետո արդեն անդրադառնար մյուս հարցերին: Ըստ նրա՝ այդ պատճառով էլ սկզբնական էտապում քննիչն անդրադարձել է իր համար ամենակարևոր հարցերին, հետագայում նաև՝ Արտակ Բուդաղյանի սպառնալիքին:

Նա նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանում նույնիսկ քննվել են մեղադրանքի ծավալից դուրս հարցեր: Ըստ տուժողի ներկայացուցչի՝ շատ քիչ քրեական գործեր են լինում, որ լինում են այսքան ապացույցներ: Նա նշեց, որ չգիտես՝ ինչու Հայկ Ալումյանը քիչ է անդրադառնում տեսաձայնագրությանը, որում երևում է, որ երկու անգամ դեպքի վայրում ներկաները փախչում են դեպի ետ՝ տան կողմը. «Դա արդեն խոսում է նրա մասին, որ նրանք վախեցել են սպառնալիքի ազդեցության տակ, այլապես նրանք բոլորը միասին չէին փախնի 4-5 քայլ և ավելին»: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ Ավետիք Բուդաղյանն ինքն է համոզել, բռնել հրացանը, որ հանկարծ կրակոցներ չարձակվեն. «Եթե եղբայրն անհանգստացել է եղբոր շարժուձևից, քայլից, բնականաբար մյուսները նույնպես կանհանգստանային, որ նա կարող է սպառնալիքն իրական դարձնել»:

Անդրադառնալով քննչական ենթակայության մասին հարցին՝ Մարտին Զիլֆուղարյանը նշեց. «Պարոն Ալումյանը վիճարկում է, թե ճիշտ չէ ուղարկվել ըստ ենթակայության: Բայց միայն այսօրվա գործի քննությունը արդեն իսկ խոսում է դրա մասին, որ ճիշտ է եղել, ենթակայությունը եղել է Պաշտպանության նախարարությանը»:

Նա հարց հնչեցրեց, թե «առաջին օրն ինչպե՞ս կարող էին իմանալ, որ գնդապետ պարոն Բուդաղյանը, այնտեղ գտնվելով, ձեռքին զենք լինելով մասնակցե՞լ է այդ հանցագործությանը, թե՞ չի մասնակցել և ինչ չափով է մասնակցել».

«Նախաքննությունը դրա համար է, որ պարզի ամբողջ մանրամասները և փաթեթով, հատորներով ներկայացնի դատարանին: Հետևապես այստեղ էլ ակնհայտ է եղել քննչական խմբին, որ սա անպայման պետք է ուղարկել ըստ ենթակայության»:

Նրա խոսքով՝ սպառնալիքներն ուղղված են եղել նաև Լորետա Բարսեղյանին, ով իրավաչափորեն համարվում է տուժող:

Հայկ Ալումյանի հակադարձումը

Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ թե՛ մեղադրողը, թե՛ տուժողի ներկայացուցիչը խեղաթյուրված են ներկայացնում գործի փաստերը: Նա նշեց, որ վկաներ Նիկոլայ Աբրահամյանը, Զարզանդ Նիկողոսյանը, Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, Մարիետա Շալունցը, Լարիսա Բարխուդարյանը նախաքննության սկզբնական փուլերում ոչինչ չեն ասել սպառնալիքների մասին: Նա նշեց, որ հարցաքննության ժամանակ քննիչը խնդրել է ներկայացնել դեպքը, և այդ նույն վկաները նկարագրել են Արտակ Բուդաղյանի հայհոյանքները, սակայն չեն նշել սպառնալիքների մասին:

«Ի՞նչը կարող էր այդ անձանց, ովքեր Սուրիկ, Տրդատ, Տիգրան Խաչատրյանների ամենամերձավոր ազգականներն են (մեկը՝ հորաքույրը, մեկը՝ մորաքույրը և այլն) դրդել ոչինչ չասել սպառնալիքների մասին, եթե սպառնալիքներն իրականում եղած լինեին: Կամ՝ ինչպե՞ս կարող էին իրենք նկարագրել հայհոյանքները, բայց քանի որ քննիչը չէր խնդրել սպառնալիքների մասին ինչ-որ բան նշել, ապա չնկարագրեին սպառնալիքները»:

Անդրադառնալով քննչական ենթակայության մասին դատախազի և տուժողի ներկայացուցչի փաստարկներին՝ Հայկ Ալումյանը հույս հայտնեց, որ որպես իրավաբան դա նրանց կարծիքը չէ. «Իրենք ասում են, որ Արտակ Բուդաղյանին այնուամենայնիվ հենց դեպքի հաջորդ օրը վերագրվում էր հանցագործություն, դրա համար է գործն ուղարկվել ՊՆ քննչական մարմնին: Հարգելի դատարան, քրեական գործը չէր հարուցվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկ: Քրեական գործը չէր հարուցվել Արտակ Բուդաղյանի կողմից որոշակի գործողություններ կատարելու փաստի առթիվ՝ երկու: Արտակ Բուդաղյանին մեղադրանք չէր առաջադրվել՝ երեք: Արտակ Բուդաղյանը գործով կասկածյալ չէր՝ չորս:

Այս չորս տարբերակներից որևէ մեկը գոյություն չուներ: Ինչպե՞ս պետք է հասկանալ հակառակ կողմի այն պնդումները, որ այդ պահին Արտակ Բուդաղյանին հանցագործություն էր վերագրվում»:

Հայկ Ալումյանը հավելեց, որ այն ժամանակ, երբ գործն ուղարկվում էր ՊՆ քննչական մարմին, գոյություն չուներ Լորետա Բարսեղյանի բողոքը: «Եթե նույնիսկ քրեական գործի ողջ նյութերից այդ պահին երևում էր, որ Արտակ Բուդաղյանը սպառնալիքներ է տվել և այլն, և այլն, Լորետա Բարսեղյանի բողոքն էլ չկար, այսինքն՝ բոլոր դեպքերում ոչինչ չէր վերագրվում Արտակ Բուդաղյանին այդ պահին: Ոչ մի իրավական հիմք չի եղել քրեական գործն այդ պահին ՊՆ քննչական մարմին ուղարկելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս