«Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո». Մուշեղ Մխիթարյանը՝ Լևոն Մութաֆյանի մահվան մասին. armlur.am
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, ով արդեն 31 օր է՝ հացադուլի մեջ է, այսօր զանգահարել է ArmLur.am-ի խմբագրություն՝ ցանկանալով իր խոսքն ասել թատերագետ Լևոն Մութաֆյանի անսպասելի մահվան մասին:
Մուշեղ Մխիթարյանի խոսքով՝ ինքը տևական ժամանակ շփվել է Լևոն Մութաֆյանի հետ, իրենք հասցրել են մտերմանալ, հարազատ մարդիկ դառնալ: Մ. Մխիթարյանը չի հավատում հանկարծամահության վարկածին, քանի որ թատերագետն առողջական լուրջ խնդիրներ չուներ. միայն արյան ճնշման տատանումներ են եղել ժամանակ առ ժամանակ, իսկ սա, ըստ մեր զրուցակցի, այն աստիճան չէր սրվել, որ հանկարծամահության հանգեցներ: Մուշեղ Մխիթարյանն ասել է.
«Լևոն Մութաֆյան՝ թատերագետ, դրամատուրգ, մանկավարժ, դերասան, ռեժիսոր. այս ցանկը կարելի է թվել շատ երկար: «Յանուս» թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ էր: Այս ցանկն ավարտվում է լավ ընկեր և բարեկամ բառերով: Նրա հետ ընկերություն անելն ինձ համար մշտահաճո զբաղմունք և մեծագույն պատիվ էր: Հասցրել ենք միմյանց լավ ճանաչել: Նա միշտ կգտներ ժամանակ ընկերների համար: Նույնիսկ երբ ձերբակալվեցի, նա չէր դադարում տեսակցության գալ ինձ, միշտ ասում էր, որ ամեն ինչ կանի ինձ դուրս բերելու համար: Նա այն քիչ մտավորականներից էր, որ թե՛ զանգերով, թե՛ գործնական քայլերով անընդհատ կողքիս էր: Շունչս սկսեց կտրվել, երբ իմացա նրա հետ կատարվածի մասին: Կյանքից հեռացավ ընկերս, միակ ապավենս: Նրա մահը բազում հարցերի տեղիք է տվել: Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո: Արդեն երկար ժամանակ վախից չեմ կարողանում քնել: Շատ բան կա, որ չենք կարողանում բացահայտել: Ցավակցում եմ նրա մտերիմներին, աղջկան, որդուն: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ, որ գիտակցելով ամեն բան՝ միշտ պայքարել ես հանուն ճշմարտության»:
ArmLur.am-ի հարցին՝ ինչու է Լևոն Մութաֆյանի մահը կապում Անի Մաջնունյանի սպանության հետ, Մուշեղ Մխիթարյանը պատասխանեց. «Քանի որ նա ամեն ինչ անում էր ինձ օգնելու համար: Գաբին ասել էր, որ երկրորդին էլ պետք է սպանեին: Նա ասել էր, որ դրանից հետո ես դուրս չեմ գա: Ինձ կսպանեն.. բայց ես ինքս ինձ հետ խոսք եմ տալիս, ոչինչ չեմ անի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: