«Իրականություն չէ, դա կա՛մ դիտավորյալ, կա՛մ անիրազեկ լինելու պատճառով տարածվող ապատեղեկատվություն է». Հայկ Ալումյանը՝ Սուրիկ Խաչատրյանի հայտարարության մասին

2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով այսօր վերաքննիչ դատարանում տեղի կունենա առաջին դատական նիստը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանքը ստեղծվել է, որպեսզի Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա օգնականի կրակոցները ներկայացնեն որպես պաշտպանվողներ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանին մեղավոր էր ճանաչել և թեև նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք և համաներմամբ ազատվել է պատժից, սակայն այն իրենց համար սկզբունքային նշանակություն ունի:

Հայկ Ալումյանն ասաց, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են բողոքարկել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, նրա օգնականի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, ինչպես նաև սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը. դատարանը մերժել է բողոքները, այժմ դրանք վիճարկվում են վերաքննիչ դատարանում:

Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործին, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին, Հայկ Ալումյանն ասաց, որ Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է: Նրա խոսքով՝ այն ամենի մեջ, ինչ փորձում են օգտագործել իր պաշտպանյալի դեմ, նրա վերաբերյալ տեղեկություն չի պարունակում, ենթադրությունների հիման վրա փորձում են կապ սեղծել Արա Բուդաղյանի և այդ դեպքի միջև.

«Բայց ամբողջ խնդիրն այդտեղ չէ: Թող քննեն այդ գործը, 10 տարի քննեն գործը, վերջիվերջո, թող պարզեն իրականությունը, որովհետև մենք պարզապես պահանջում ենք, որ այս ընթացքում, քանի դեռ քննվում է այդ գործը (ինչքան ավելի մանրակրկիտ քննվի, այնքան լավ) իմ պաշտպանյալը չպիտի գտնվի կալանքի տակ: Նախաքննության ընթացքում անձին կալանքի տակ պահելը չի կարող հիմնված լինել միայն այն բանի վրա, որ նա մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Որպեսզի նախաքննությաան ընթացքում անձին կալանավորեն, պետք է հիմքեր լինեն մտածելու, որ այդ անձը կարող է թաքնվել քննությունից կամ ճնշում, ազդեցություն գործադրել վկաների նկամամբ, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Այդպիսի հիմքեր գոյություն չունեն, և Հայաստանն արդեն մի քանի այդպիսի գործ պարտվել է Եվրոպական դատարանում՝ Փիրուզյանի գործը, Սեֆիլյանի գործը, երբ անձին կալանավորում են զուտ նկատի ունենալով, որ ինքը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Դա չի կարող կալանավորման հիմք հանդիսանալ: Հայաստանն արդեն որերորդ անգամ կրկնում է այն սխալները, որոնց համար արդեն իսկ պատժվել է Եվրոպական դատարանում: Այդ վճիռները 7 տարի առաջ են եղել, որոնցով Եվրոպական դատարանն արդեն վճիռ կայացրել է, երբ դրանց մեջ նկարագրած իրավիճակը համադրում ենք այսօրվա վիճակի հետ մեր դատարաններում վիճակի հետ, պարզվում է, որ 7 տարվա ընթացքում մեր դատարանները տեղում են դոփում, ոչ մի առաջխաղացում չկա, այն սխալները, որոնք այն ժամանակ էին արվում, կրկնվում են նաև հիմա: Էլ դատավորները գնացին, սեմինարների աշխարհի երկրների մեծամասնությունում իրենց բացատրեցին, թե ինչպես պետք է դա արվի, թե այստեղ են պարբերաբար սեմինարներ անցնում:

Չի ազդում այդ մարդկանց վրա: 7 տարի առավա և հիմիկվա մոտեցումները հատկապես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրարից ոչնչով չեն տարբերվում»: Հայկ Ալումյանն ասաց, որ Արա Բուդաղյանին առաջին անգամ կալանավորելու որոշումը բողոքարկել են ՄԻԵԴ:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված դա, Հայկ Ալումյանը պատասխանեց, թե խորհրդային մտածելակերպ է, այն խորն է արմաավորված. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է՝ կարծեք թե Կենտրոնի դատարանը Ազգային անվտանգության ծառայության մի ստորաբաժանում լինի»: Նա շեց, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունների նկատմամբ այդ դատարանում քննադատական մոտեցում չկա:

Հայկ Ալումյանն ասաց, որ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Սուրիկ Խաչատրյանը լրավամիջոցներում հայտարարություններ է արել այն մասին, որ «իբրև թե մարդիկ արդեն խոստովանել են, որ այդ հանցագործությունն իրենք են կատարել, ամեն ինչ արդեն պարզված է և իբրև թե այն վարկածը, որ այսօր նախաքննական մարմինը հիմք է ընդունել, հաստատված է մարդկանց խոստովանություններով». «Իրականություն չէ, դա կամ դիտավորյալ կամ անիրազեկ լինելու պատճառով տարածվող ապատեղեկատվություն է: Իրականությունն այդպես չէ»:

Տեսանյութեր

Լրահոս