Ինչո՞ւ էր ՔԿՎ-ն որոշել դիմակավորված և զինված ստուգումներ իրականացնել «Նուբարաշենում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անդրադարձել էինք հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպին։ Գրել էինք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչությունը որոշել է ստուգումներ իրականացնել, ինչն էլ դատապարտյալների դժգոհության առիթ էր դարձել։ Իսկ ինչո՞ւ էր ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն այդ ստուգումները իրականացրել զինված խմբավորումների կողմից,  «Ժողովուրդ»-ին պաշտոնական խողովակներից նոր մանրամասներ են հայտնի դարձել։  Ինչո՞ւ էր ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն որոշել դիմակավորված և զինված ստուգումներ իրականացնել։ «Ժողովուրդ»-ին պաշտոնական խողովակներից հասած տեղեկությունների համաձայն՝ մի շարք քաղաքացիներ 2015 թվականի ընթացքում դիմել են իրավապահներին՝ հայտնելով թե իրենք ունեցել են ապրանքներ, որոնք ենթակա են եղել վաճառքի։

Արդյունքում, վերջիններս վաճառքի համար տարբեր վայրերում հայտարարություն են տարածել, որից հետո հայտնվել են քաղաքացիներ, որոնք զանգահարել են իրենց և ցանկություն են հայտնել գնել վաճառքի հանված ապրանքը։ Իրավապահներին դիմած քաղաքացիները հայտնել են, որ իրենց զանգահարած քաղաքացին այնպիսի վստահությամբ է խոսել, որ իրենք համաձայնել են նրանց կողմից ուղարկված տաքսու վարորդի միջոցով տալ ապիանքը և նույն վարորդի միջոցով էլ ստանալ հասանելիք գումարը։ Սակայն ավելի ուշ քաղաքացիները հայտնվել են խնդրի առաջ։ Ապրանքը ուղարկել են, իսկ վարորդը անհետացել է, երբ փորձել են գտնել, չեն կարողացել։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքացիները իրավապահներին են ներկայացրել իրենց զանգահարած քաղաքացիների հեռախոսահամարը և այն մանրամասները, թե ինչ ապրանք են վաճառել և ինչ են խոսել գնորդի հետ։ Ու երբ հայտարարության հիման վրա իրավապահները քննություն են սկսել, պարզվել է, որ տարբեր քաղաքացիների զանգահարած և ապրանքներ գնելու ցանկություն հայտնած, իսկ վերջում անհետացած զանգերը հիմնականում եղել են «Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից։

Իրավապահները իրավիճակի մասին տեղյակ են պահել արդարադատության նախարարությանը, և այնտեղից էլ, ըստ էության, հրահանգել են ՔԿՎ վարչությանը զինված ստուգումներ իրականացնի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և դատապարտյալներից առգրավվել բոլոր հեռախոսները՝ հասկանալու համար, թե կալանքի տակ գտնվող դատապարտյալներն ինչ նոր հանցանքներ են գործում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս