«Հնարավոր է «горный привод»-ը միացրած չի եղել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած գիշերային ավտովթարը, որ 8 անձի կյանք խլեց, ստիպեց, որ ծանոթանանք մարդկային տարբեր պատմությունների, որոնք «խոպան» ասվածի զոհը դարձան: Զոհվածներից մեկը՝ 68-ամյա Սպարտակ Նալբանդյանը, Տավուշի մարզի Գանձաքար գյուղից է: Գյուղապետ Շահեն Շահինյանը պատմում է, որ Սպարտակ Նալբանդյանը Ռուսաստանում բնակվող երկու որդի ունի եւ սովորաբար գնում էր այնտեղ աշխատելու: Այստեղ՝ Հայաստանում, նրան կինն էր սպասում: 39-ամյա Արման Խուրչուրյանն ու 55-ամյա Անուշավան Երեմյանը համագյուղացիներ են, ավելին՝ նույն ընտանիքի փեսաներ:

Նրանք նույնպես մեկնել էին Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից էին: 54-ամյա Գառնիկ Հակոբյանը՝ մյուս զոհը, ամեն տարի գնում էր Ռուսաստան աշխատելու, այս անգամ իր որդիներից մեկի հետ էր մեկնել։ Ավտոբուսի մյուս ուղեւորներն էլ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ էին եւ հայրենիք էին վերադառնում ընտանիքներով: 8 զոհից բացի, կան նաեւ 43 տուժողներ, որոնցից 32-ը հիվանդանոցներ են տեղափոխվել։

Թե իրականում ինչ է տեղի ունեցել Մոսկվա-Երեւան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսի հետ, ինչպես է այն դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, պատասխան չկա: Կան միայն վարկածներ՝ վարորդը քնել է, կամ բջջայինն ընկել է, կռացել է, որ վերցնի, եւ այլ տարբերակներ։ Այդ ամենը պարզելու համար երեկ երեկոյան դեպքի վայր մեկնեցին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հատուկ հանձնաժողովով, «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տնօրեն, Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանը (Պալաչը):

«Քիչ հավանական վարկած է իրականում, որ վարորդը քնել է: Այստեղ, որպես կանոն, նման ճանապարհ անցնելուց երկու վարորդով են երթեւեկում: Պետք է ստուգվեն վարկածները, վարկածներից մեկն այն է, որ կարող է լինի այնտեղ՝ ավտոբուսը հնարավոր է «горный привод»-ը միացրած չի եղել»,- նշում է «Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ» ՍՊԸ կովկասյան տարածաշրջանի ղեկավար, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ նման չափերի փոխադրամիջոցները տարբերվում են այլ տրանսպորտային միջոցներից.

«Պետք է նայենք, թե այդ տրանսպորտային միջոցն ինչպիսի տեխնիկական սարքավորումներ ունի իր վրա, որ տեսնենք, թե սարքավորումներից որի չաշխատելու դեպքում հնարավոր էր առաջանար ավտովթար: Եթե քնած լիներ վարորդը, հարվածից գոնե կարթնանար մարդը, միանգամից կարգելակեր: Մեծ հավանականությունն այն է, որ սխալ կառավարման հետեւանք է»: Տեղեկացանք, որ գործի քննությունը կատարելու են Ռուսաստանի Դաշնության նախաքննական մարմինները: Հիմա մեզ մնում է միայն սպասել: Ինչ վերաբերում է ղեկին գտնված վարորդին, ապա նա 43-ամյա Գառնիկ Հարությունյանն է՝ Կոտայքի մարզի Արամուս համայնքից: Նրա համագյուղացիները պատմում էին, որ Գառնիկը երկար տարիների փորձառու վարորդ է, եւ ավտովթար առաջին անգամ է նրա հետ տեղի ունենում։ Վերջին 4 տարին աշխատում է «Քինգ Դելյուքս»-ում։ «Ամուսնացած տղամարդ է, ընտանիք ունի, 2 մեծահասակ տղաներ, նրանցից մեկն էլ բանակում է ծառայում»,- ասաց Հրայր Նիկողոսյանը: Գառնիկը հիվանդանոցում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս