Ինչու է նվազում պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը
Տարեցտարի արձանագրում ենք, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի ոլորտում որևէ բարեփոխում չի կատարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի տնօրեն Արման Դանիելյանը:
Նրա խոսքով՝ մինչև 2006թ. համակարգը երկաստիճան էր. քրեակատարողական համակարգը որոշում էր կայացնում անձին ազատման ներկայացնելու մասին, այն ներկայացվում էր դատարան, դատարանը դատապարտյալին վաղաժամկետ ազատում էր կամ ոչ: Ըստ նրա՝ այդ ժամանակ կարծիք կար, որ կոռուպցիա կա, և որոշում կայացվեց ստեղծել միջանկյալ օղակ՝ անկախ հանձնաժողովներ: Արման Դանիելյանի խոսքով՝ այս համակարգը ներդնելուց հետո պատժից վաղաժամկետ ազատվող դատապարտյալների թիվը կտրուկ նվազել է: Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ անկախ հանձնաժողովների որոշումները որևէ կերպ բողոքարկման ենթակա չեն և նույնիսկ բողոքարկման ենթակա չեն: Արման Դանիելյանի խոսքով՝ եթե 2013թ. պատժից վաղաժամկետ ազատվել է 226 դատապարտյալ, ապա 2014թ.՝ 184 դատապարտյալ: Սրանք, ըստ նրա, չնչին թվեր են և խոսում են այն մասին, որ համակարգը չի աշխատում:
Արման Դանիելյանի խոսքով՝ պետք է լինի պատժի կրման ռեալ պլան և դատապարտյալին ուղղելու ծրագիր: Ըստ նրա՝ կարևոր է նաև, թե ինչպես են գնահատում դատապարտյալներին, ինչպես են որոշում՝ արդյո՞ք դատապարտյալը պատրաստ է ազատվելու, թե՞ ոչ. «Այստեղ է խնդիրը, որ կարծես թե անլուծելի է թվում, որովհետև որևէ օբյեկտիվ չափանիշ դրված չէ, և գնահատման որևէ համակարգ չկա: Հույս կա մի փոքր, որ պրոբացիոն ծառայության ներդրման հետ մեկտեղ՝ կներդրվեն նաև այլ գնահատման չափորոշիչներ և գնահատականներ»: Նրա խոսքով՝ այստեղ խնդիր կա՝ ինչպես անել, որ գործը հասնի դատարան, քանի որ անկախ հանձնաժողովներն այդ ճանապարհին պարզապես պատնեշ են. չունենալով որևէ չափանիշ՝ իրենք իրենց չափանիշներով են մոտենում խնդրին: Արման Դանիելյանի խոսքով՝ հաջորդ խնդիրը ռեժիմների փոփոխության ժամկետն է. ըստ նրա՝ այս դեպքում օրենսդրական փոփոխության կարիք կա: Արման Դանիելյանը նշեց, որ այն հազվադեպ դեպքերում, երբ դատապարտյալը պայմանական վաղաժամետ ազատ է արձակվում, Դատախազությունը որոշումը բողոքարկում է՝ պահպանելով դատապարտյալին ե վերադարձնել ՔԿՀ. «Հիմնավորումը շատ տարօրինակ է՝ համանման դեպքերում մյուսներին չեք ազատել, ինչո՞ւ եք սրան ազատել: Հաշվի առնելով, որ տրամաբանություն չկա առանձնապես անկախ հանձնաժողովերի որոշումների մեջ, իհարկե, ցանկացած դեպքում կարող է այդպիսի բողոք արվել: Եվ ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ հակառակ բողոք չի տարվում»:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի իրավաբան, ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Աննա Մելիքյանն ասաց, որ բազմաթիվ բողոքներ են ստանում դատապարտյալներից՝ կապված պայմանական վաղաժամկետ ազատման հետ: Նրա խոսքով՝ մտահոգության տեղիք է տալիս որոշում կայացնելու մեխանիզմը, այսօր գործող մոդելը: Ըստ նրա՝ փաստորեն, դատապարտյալները մի կողմից՝ ուղղվելու հնարավորություն օբյեկտիվորեն չունեն, մյուս կողմից՝ մերժման որոշման հիմքում դրվում է այն հանգամանքը, որ անձը բացասական է գնահատվում, ռիսկայնությունը ցածր է, միջին և այլն: Իրավաբանի խոսքով՝ շատ դեպքերում դա ֆորմալ բացատրություն է, քանի որ չկա գնահատման մեխանիզմ, հաճախ ուշադրություն են դարձնում հանցագործության վրա, որն անձը կատարել է, և պատժի ժամկետը, որը նա կրել է:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ դատապարտյալի հետ աշխատանքներ կատարելիս հաշվի են առնվում նրա տարիքը, սեռը, մի շարք հատկանիշներ: Նրա խոսքով՝ երբ անձի վերաբերյալ դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ, և նա տեղաբաշխվում է քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալի համար բացվում է անհատական քարտ և կազմվում է ուղղման աշխատանքային ծրագիր, որով սահմանվում են այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվում են դատապարյալի հետ՝ հետագայում հասարակություն ուղարկելու, վերինտեգրելու համար: Հովհաննես Մարգարյանն ասաց, որ դրանցում ներառվում են բազմաթիվ աշխատանքներ: Նրա խոսքով՝ ծրագրի հիման վրա յուրաքանչյուր եռամսյակ կատարվում է դատապարտյալի վարքի գնահատում. հաշվի է առնվում կապն ընտանիքի հետ, կարգապահությունը, ռիսկայնության աստիճանը, ուղղվելը: Հարցին, թե ինչով է պայմանավորված պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների նվազման միտումը, նա պատասխանեց՝ դատապարտյալների դրսևորած վարքագծով: Նրա խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելացել է կարգապահական տույժերի թիվը, իսկ եթե դատապարտյալը կարգապահական տույժի է ենթարկվել, պայմանական վաղաժամկետ ազատման հարցը չի քննարկվում: Նրա խոսքով՝ 2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում ազատվել է 126 դատապարտյալ. դատապարտյալների թիվը մոտ 3000 է, որոնցից մոտ 1200-1500 դատապարտյալ ենթարկվում է կարգապահական տույժերի: Իսկ կարգապահական տույժերի ավելացումը, ըստ նրա, կապված է արգելված իրերի ներթափանցման հետ: