«Ո՞վ ասաց, որ Ժիրայր Սէֆիլյանը, կամ ես, կամ որևիցե մեկն իրավունք ունի իշխանություն դառնալ դեկտեմբերի 8-ին». Ալեն Սիմոնյան

«Մի հարցադրում ունեմ, դեկտեմբերի 7-ին՝ հանրաքվեից հետո, ինչո՞ւ չկա որևէ ուժ, որն իր վրա պատասխանատվություն է վերցնում մարդկանց հուսախաբ անելու, անիմաստ տեղը հարվածի տակ դնելու, հրապարակներ կանչելու և այլնի համար»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ իրենք չեն միանում սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ո՛չ»-ի ճակատին: Ա. Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց համար սահմանադրական բարեփոխումների գործընթացը կեղծ օրակարգ է:

«Մինչ օրս որևէ գործողություն կամ գործողությունների պլան «Ո՛չ»-ի կողմից չեմ տեսել, լուսանկարներ եմ տեսել, ճակատ են կազմում, շատ լավ են անում, բայց ինչի՞ են այդ գործողությունները բերելու: Մենք բազմիցս ասել ենք՝ եթե կլինի կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզ, մենք կքննարկենք, ու հնարավոր է՝ մասնակցենք»,- նշեց Ա. Սիմոնյանը:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ դուք չեք ստեղծում այդ ճանապարհային քարտեզը. Ա. Սիմոնյանը պատասխանեց, որ իրենք այդ քարտեզն արդեն ստեղծել են ու միշտ խոսել են այդ մասին. խոսքը երկրում իշխանափոխություն իրականացնելու մասին է. «Իսկ սա մենք գտնում ենք, որ Սերժ Սարգսյանի բերած օրակարգն է, որ ուզում է ընտրություններից մեկ տարի առաջ ևս մեկ անգամ ջախջախել ընդդիմությանը, ևս մեկ անգամ ցույց տալ, որ ընդդիմությունն ապաշնորհ է, և գնա ընտրություններին: Մենք ցանկություն չունենք մտնել այդ օրակարգի մեջ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ժիրայր Սէֆիլյանն ասում է՝ անհնազանդությունների միջոցով իշխանություններին կհեռացնեն, հանրաքվեն կտապալեն ու կձևավորեն ժամանակավոր կառավարություն, այսինքն՝ ունեն որոշակի գործողությունների պլան, Ա. Սիմոնյանն այսպես արձագանքեց.

«Ես շատ հարգում եմ պարոն Սէֆիլյանին, բայց ուզում եմ հարցնել՝ բայց ո՞վ ասաց, որ Ժիրայր Սէֆիլյանը, կամ ես, կամ որևիցե մեկն իրավունք ունի իշխանություն դառնալ դեկտեմբերի 8-ին, ո՞վ է ասում, որ իրավունք ունի լինել ժամանակավոր իշխանություն, ո՞վ է այդ կառավարության լեգիտիմությունն ապահովում: Լեգիտիմության խնդիր կա, պետք է այդ ուժը ժողովրդին ներկայացնի, այլ պարագայում մենք որևիցե կերպ չենք տարբերվում գործող իշխանություններից: Երբ այդ մոբիլիզացիան կանեն, քվեն կստանան, կֆիքսեն ու այդ քվեի հիման վրա կստեղծեն կառավարություն, ես միայն ուրախ կլինեմ, բայց, կներեք, ես չեմ հավատում դրան»:

 

Տեսանյութեր

Լրահոս