«Մենք գնում ենք իշխանությունը գցելուն, վերցնելուն…». «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված «կեղծ» օրակարգ է, ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մտնելու այդ օրակարգի մեջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց տեսակետը կրկնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, ըստ որի՝ լինի գործող սահմանադրությա՞մբ, թե՞ նոր, Սերժ Սարգսյանը կարող է վերարտադրվել:

«Բոլորն ասում են, որ այս գործընթացի հիմնական ասելիքն այն է, որ Սերժ Սարգսյանը սրանով կվերարտադրվի, բայց Սերժ Սարգսյանը կարող է նաև վերարտադրվել, եթե չփոխվի գործող Սահմանադրությունը: Այն պնդումներ, որ սա կարելի է վերածել իշխանության անվստահության հանրաքվեի՝ մեզ համար նույնպես անընդունելի է, որովհետև մեզ համար կարևոր է ոչ միայն՝ իշխանության, այլև՝ ընդդիմության լեգիտիմությունը»,- նշեց Ա. Սիմոնյանը:

Հարցին՝ փաստորեն, «ոչ»-ի ճակատը մտնում է կեղծ օրակարգի՞ մեջ, Ա. Սիմոնյանը պատասխանեց, որ չի ուզում «ոչ»-ի ճակատին կամ որևիցե այլ ուժի գնահատական տալ. «Զբաղվել Սերժ Սարգսյանի կոմֆորտով որևէ ընդդիմության գործը չէ»,- ասաց նա:

Ա. Սիմոնյանը նաև նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին, բայց իրենք կուսակցությունում անգամ չեն խոսել՝ ով՝ ինչպես է քվեարկելու.

«Եթե ես կոչ անեմ որևէ մեկին դեմ քվեարկել, այդպիսով ես ինձ վրա պատասխանատվություն կվերցնեմ, և ուրեմն հաջորդ օրը ես պետք է կարողանամ պատասխանատվություն կրեմ»:

Խոսելով ընդդիմության լեգիտիմության մասին՝ Ա. Սիմոնյանը պարզաբանեց, որ, օրինակ, իրենք ընդդիմադիր կառույց են, բայց դեռ չունեն հանրության քվեն.

«Ո՞վ ասեց, որ մարդիկ վստահում են մեզ: Երբ ինստիտուցիոնալ ընդդիմությունը կֆիքսի իր ձայները, կունենա վստահված անձինք, այդ ժամանակ ընդդիմությունը կարող է գործել՝ որպես իշխանություն: Այսօր որևիցե մեկը պատրաստ չէ գնալ և վերահսկել ընտրությունները, ու սա կեղծ օրակարգ է: Սահմանադրությունն անցնի կամ չանցնի, որևէ բան չի փոխվելու մեր երկրում, Սերժ Սարգսյանը կարող է միշտ վերարտադրվել եթե չլինի հակակշիռ»:

Անդրադառնալով «ոչ»-ի ճակատի գործունեությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության մեկ այլ անդամ՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ որևէ ուժ այսօր ի զորու չէ կատարելու Հայաստանում իշխանափոխություն, քանի չի կայացել ինստիտուցիոնալ ընդդիմություն ասվածը.

«Անկախ նրանից, թե Սահմանադրության հանրաքվեի դեմ, կամ որևէ այլ պրոյեկտի դեմ կպայքարեն, քանի դեռ այդ գործիքը չկա, այն ամենը դատապարտված է»:

Ա. Սիմոնյանը հավելեց, որ իրենք այդ նույն պատճառով չեն պայքարի նաև նրա դեմ, որ Տիգրան Սարգսյանին նշանակեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, կամ, եթե Արմեն Աշոտյանին ուրիշ պաշտոն տան. «Այսինքն՝ մեր պայքարը պետք է միտված լինի գործող վարչակարգի դեմ: Մենք գնում ենք իշխանությունը գցելուն, վերցնելուն, մենք պետք է անտարբեր լինենք՝ ինչ են անում իրենք»:

Տեսանյութեր

Լրահոս